HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ բախվում են ճգնաժամն ու հեռուստաընկերությունները

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաեւ հայկական ԶԼՄ-ների եւ առաջին հերթին` հեռարձակողների վրա: Պատճառն այն է, որ ըստ մեր հարցման մասնակից լրատվամիջոցների ղեկավարների` մեդիա դաշտում ամենից շատ գովազդներ ունեն հեռուստաընկերությունները, հետո` ռադիոն, եւ նոր միայն թերթերն ու լրատվական կայքերը:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ճգնաժամն ազդել է հատկապես գովազդի վրա: Եվ քանի որ հեռուստաընկերությունների ֆինանսական հիմնական աղբյուրը հենց գովազդն է, ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ նրանց վրա: Ազդեցությունը հատկապես ակնհայտ է եղել անցած տարվա մարտ-մայիս ամիսներին, երբ գովազդները նկատելիորեն նվազել են: Այսօր, կարծես թե, այդ բացը դանդաղ լրացվում է: Ուշագրավ մի փաստ կա. որոշ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ նշում են, որ ճգնաժամն իրենց վրա լրջորեն է ազդել, աշխատողների մեծ թվով կրճատումներ են եղել եւ այլն: Իսկ ոմանք էլ նշում են, որ իրենց գործունեության վրա ճգնաժամը գրեթե չի անդրադարձել: Հեռուստաընկերությունների ղեկավարները հիմնականում չէին ցանկանում որեւէ տեղեկատվություն տրամադրել: «Ար», «Շանթ», «Հ2» հեռուստաընկերություններին ավելի քան 1 ամիս առաջ ուղարկած մեր գրավոր հարցումներն այդպես էլ անպատասխան մնացին: Իսկ «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանն ասաց, որ ճգնաժամն իրենց հեռուստաընկերության վրա եւս ազդել է, սակայն նշեց, որ դա թեմա չէ, որի մասին արժե խոսել. «Բոլորն էլ ունեն իրենց դժվարությունները: Այսօր ժողովուրդն էլ դժվարության մեջ է: Կարծում եմ` տեղին չէ, որ լրատվամիջոցներն էլ պետք է խոսեն իրենց դժվարության մասին: Ես չեմ ուզում այդ թեմայով խոսել, որովհետեւ համեմատած մեր ժողովրդի հոգսերի հետ` դրանք հոգսեր չեն, որ հեռուստաընկեություններն առաջ քաշեն: Ես համարում եմ, որ դա այնքան էլ կոռեկտ չէ»,- ասաց նա:

Հանրային հեռուստաընկերություն

  ճգնաժամի արդյունքում Հանրայինը նույնպես տուժել է. նախորդ տարվա համեմատ կրճատվել են գովազդի քանակը եւ գովազդից ստացված եկամուտը, կրճատվել է նաեւ աշխատակիցների թիվը: Եթե 2008-ին Հանրայինն ուներ 526 աշխատակից, ապա 2009 թ.` 456: Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում պետական բյուջեից հեռուստառադիոհաղորդումների համար գրեթե նույն չափի գումար է տրամադրվում, իսկ 2009-ին նախորդ տարիներից նույնիսկ մի փոքր ավելի էր (տես աղյուսակը): Հանրային հեռուստաընկերության պետական ֆինանսավորումը 2008 թ. կազմել է հեռուստաընկերության եկամուտների ընդհանուր թվի 68.20%-ը, իսկ 2009 թ.` 79.58%: Գովազդից ստացած եկամուտը 2008 թ. կազմել է 17.17%, իսկ 2009 թ.` 18.7%: Այլ եկամուտները 2008-ին կազմել են 14.6 , 2009-ին` 1.7%:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

  Եկամտի հիմնական աղբյուրը գովազդն է, մուտքեր են լինում նաեւ հովանավորչական փաթեթներից, դրամաշնորհներից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Երկիր Մեդիա»-ի տնօրեն Դավիթ Հակոբյանը, ֆինանսատնտեսական ճգնաժամը բոլոր տնտեսվարող սուբյեկտների գրպանին է խփել, եւ այդ հատկացումները, որոնք նախատեսված պիտի լինեին հեռուստագովազդի ծավալների մեծացման համար, նվազել են, որովհետեւ իրենց սպառումն է ընդհանուր առմամբ նվազել, քանի որ հասարակությունը վճարունակ չէ, շղթայական այդ կապից, այդ իրավիճակից իրենք էլ են տուժում: «Մի ժամանակ գովազդային դաշտը կարգավորվել էր, գոյություն ունեին որոշակիորեն հստակ սակագներ: Հիմա գովազդատուն կամ տնտեսվարող սուբյեկտը ուղղակի բանակցությունների ժամանակ չի ենթարկվում այն օրենքներին, ինչ կար նախկինում: Ինքն ունի որոշակի բյուջե, որը շատ ավելի քիչ է, բայց նույն բյուջեի դիմաց առավելագույն քանակ է ուզում: Այդ իմաստով, իհարկե, գնային քաղաքականության մեջ էլ դեմպինգ են անում գների եւ փորձում են որոշակի մուտքեր ապահովել դեպի իրենց հեռուստաընկերություններ»,- ասաց նա: Տնօրենի խոսքով` գովազդի գինը մոտ 50 տոկոսով նվազել է, չնայած նշեց, որ որոշ հեռուստաընկերություններ փորձում են գինը «ձեւականորեն» պահել, բայց «իրական տեղադրվող գինը մեկ տարվա կտրվածքով մոտավորապես 50%-ով նվազել է»: «Ես կարող եմ պատասխանատվությամբ ասել` դա գրեթե բոլոր տեղերում է»,- ասաց Դ. Հակոբյանը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում գովազդի գնային երկու քաղաքականություն կա` ցերեկային եւ երեկոյան ժամերի համար: Այժմ հեռուստաընկերությունում ցերեկային ժամանակահատվածի մեկ րոպեի արժեքը 15 հազար դրամ է` առանց ԱԱՀ-ի, իսկ երեկոյան ժամանակահատվածի համար` 25 հազար դրամ: Տնօրենի խոսքերով` քանակապես եւս գովազդը նվազել է: «Գովազդատուներ կան, որոնք դաշտում մենաշնորհ ունեն եւ փաստացի իրենք են թելադրում գովազդի պայմանները. ցանկացած գովազդակիր սակարկելու կամ պարտադրելու լծակ չունի»,- ասում է Դավիթ Հակոբյանը: Ճգնաժամի հետեւանքով «Երկիր Մեդիա»-ում բավականին լուրջ կրճատումներ են եղել: 2009 թ. կրճատվել են որոշ հաղորդումներ եւ աշխատակիցներ, բայց հաղորդումների ծավալը փորձել են պահել` ուղղակի նույն աշխատավարձի չափով նույն աշխատակիցը մեկ գործի փոխարեն երկու գործ է անում: «Սա ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է, որովհետեւ այլ ձեւ չկա ճգնաժամի պարագայում: Բայց հուսով եմ, որ տնտեսական բարելավման պարագայում մենք մեր աշխատատեղերը կվերականգնենք»,-հույս ունի տնօրենը: Հեռուստաընկերությունը 60 աշխատակից է կրճատել, մոտ 70 աշխատակից մնացել է, այսինքն` մոտ 40 տոկոսով կրճատվել է աշխատակիցների թիվը: Կրճատումները եղել են հենց 2009 թ. սկզբին` հունվար-փետրվար ամիսներին: Հիմնականում կրճատվել են ժամանցային ծրագրերը: «Մենք հիմա կոնկրետացանք լրատվական դաշտի վրա եւ փորձեցինք եթերը պահել հենց տվյալ ուղղությամբ բարելավումով կամ ավելի որակյալ հաղորդումներ պատրաստելով»,- ասում է Դ. Հակոբյանը: Վերջինս վստահեցնում է, որ 2009 թ. վերջին 6 ամիսների ընթացքում հեռուստաընկերության լսարանը նվազագույնը 25%-ով ավելացել է. դա զգացվում է հեռուստադիտողների զանգերից, ամենատարբեր թեմաներով կամ հաղորդումներից հետո հնչող զանգերից: Ճգնաժամը խոսքի ազատության վրա, ըստ Դ. Հակոբյանի, չի ազդել, քանի որ հեռուստաընկերություններն ունեն վստահություն շահելու խնդիր. եթե միակողմանի լուսաբանեն, որոշակի վստահություն կշահեն, եթե կարողանան երկկողմանի ու գրագետ լուսաբանում ապահովել, կունենան ավելի մեծ վստահություն ու մեծ լսարան:

«Արմենիա TV» հեռուստաընկերություն

Այս հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանը նշում է, որ ճգնաժամն իրենց վրա ազդել է այնքանով, որ ճգնաժամի հետ կապված բավական ուշանում են գովազդի գումարների փոխանցումները: Սակայն գովազդի ծավալները, նրա խոսքով, չեն նվազել: «Արմենիա TV»-ում աշխատակիցների քանակի կրճատում չի եղել: Ֆինանսական խնդիրների հետ կապված` որեւէ հաղորդում չի փակվել: Ծրագրերի թեմատիկ բազմազանության, բովանդակության վրա ճգնաժամը եւս չի ազդել: Գ. Մկրտչյանի փոխանցմամբ` եթե փոփոխություններ եղել են, ապա զուտ ծրագրային բնույթ են կրել:

Նատաշա Հարությունյան Ծանր տարի Վանաձորի հեռուստաընկերությունների համար

Ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ Հայաստանի մարզային լրատվամիջոցների տնտեսական գործունեության վրա: Լոռու մարզի, մասնավորապես Վանաձորի տեղական հեռուստաստուդիաները, որոնց գոյատեւման հիմնական աղբյուրը գովազդներն ու հայտարարություններն են, մեծ մասամբ կանգնել են որոշակի դժվարությունների առջեւ: «Ինչ խոսք, ազդել է, եթե այսօր փոքր եւ միջին բիզնեսը կաղում է, մանավանդ մարզերում, ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ իր հերթին ազդեց գովազդատուների գործունեության վրա»,- ասում է «Լոռի TV» տեղական հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը: Գովազդատուները, նվազեցնելով իրենց արտադրության ծավալները, սկսել են կրճատել գովազդին հատկացվող գումարները: 15 տարի Վանաձորի լրատվական դաշտում գործող «Լոռի TV»-ի ֆինանսական աղբյուրներն են գովազդը, եթերաժամի` այսպես կոչված կոմերցիոն վաճառքը, մի քիչ էլ հովանավորչությունը: Հեռուստաընկերության գործադիր տնօրենն ասում է, որ թեեւ ֆինանսական ճգնաժամը չի ազդել լրատվամիջոցի լուսաբանումների, թեմատիկ բազմազանության եւ խմբագրական քաղաքականության վրա, այնուամենայնիվ, լրատվամիջոցի ընդհանուր գործունեության վրա շատ է ազդել. եթե 2006-2008 թթ. գովազդից ստացած շահույթը 15-20% էր, ապա այս տարի այն նվազել է մոտ 5%: Ավելին, նվազման միտումը շարունակվում է: Ճգնաժամին դիմակայելու համար հեռուստաընկերությունն աշխատակազմն է կրճատում: 2010-ից «Լոռի TV»-ում պատրաստվում են 5-7%-ով նորից կրճատել աշխատակազմը: Մյուս կողմից` ընկերությանն անհանգստացնում է նաեւ գործընկերների գովազդային քաղաքականությունը` գովազդատուներին գրավում են բավականին նվազեցնելով գովազդի գները: «Միայն ընտրությունից ընտրություն են մեզ ուշադրություն դարձնում, մարզպետարանից եւ քաղաքապետարանից մենք որեւէ լումա երբեւիցե չենք ստացել: Պարզապես, ժամանակ առ ժամանակ, եթե իրենք ցանկություն են ունեցել, իրենց պատվերի դիմաց վճարել են»,- տեղական լրատվամիջոցի ֆինանսական դժվարություններն է ներկայացնում Նարինե Ավետիսյանը: Թեեւ ճգնաժամը չի ազդել մարզպետարանի ու քաղաքապետարանի հայտարարությունների տարածման վրա, բայց դրանից, միեւնույն է, տեղական հեռուստաընկերությունները օգուտ չունեն: Տեղական իշխանությունները շարունակում են իրենց կողմից տարածվող հայտարարությունները մասնավոր հեռուստաընկերությունների եթերում անվճար հեռարձակել: «Նույնիսկ նրանց կողմից տրված հայտարարությունների համար գումար չենք ստացել»,- ասում է Վանաձորի մեկ այլ` «9-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Լիլիա Աբրահամյանը: 5 տարի առաջ իր գործունեությունը սկսած հեռուստաընկերության լուսաբանումների բովանդակության, թեմատիկ բազմազանության եւ լրատվամիջոցի խմբագրական գործունեության վրա տնտեսական ճգնաժամը չի ազդել: «Ցանկացած զարգացած երկրում ճգնաժամի ժամանակ ամենամեծ նշանակությունը տրվում է գովազդին, որպեսզի սպառողները գնեն հենց այդ ապրանքը: Իսկ մեզ մոտ հակառակն է. մի կազմակերպություն, որ ճգնաժամային պայմաններում չի կարողանում վաճառք ապահովել, մտածում է, որ եթե վաճառք չունեն, ուրեմն չպիտի էլ գովազդեն: Չեն մտածում, որ պետք է ճիշտ գովազդվի, որպեսզի վաճառքն ավելանա»,- ճգնաժամային պայմաններում գովազդային քաղաքականության իր պատկերացումներն է ներկայացնում «9-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրենը: Վանաձորի մեկ այլ` «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության վրա տնտեսական ճգնաժամը ոչ միայն ֆինանսական տեսանկյունից է ազդել, այլեւ խմբագրական: «Ֆինանսական ճգնաժամը մեր հնարավորությունները սահմանափակել է, թույլ չի տալիս օգտագործել ֆինանսական ռեսուրսները` բազմակարծություն, բազմազանություն ապահովելու համար»,- ասում է տնօրեն Սամվել Հարությունյանը: Վանաձորի ամենահին հեռուստառադիոընկերությունը 19 տարեկան է: Հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանը փաստում է, որ 2006-2008 թթ. արձանագրվել է գովազդներից ստացված շահույթի աճ, ինչը, սակայն, պայմանավորում է այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած ընտրություններով` տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային ժողովի եւ նախագահական: «2009 թ. հունվարից արդեն մինչեւ 30% անկում ունեցանք: Օգոստոսին այն հասավ 50 տոկոսի»,- ճգնաժամի հետեւանքն է նշում տնօրեն Հարությունյանը: Չնայած «Միգ» հեռուստառադիոընկերությունում գովազդների գները ամենացածրն են, այնուամենայնիվ, գովազդների քանակը պակասել է: «Մարզային լրատվամիջոցները ֆինանսական շատ հնարավորություններ չունեն, այստեղ քիչ ֆինանսական միջոցներ են շրջանառվում, գովազդների առյուծի բաժինն էլ երեւանյան հեռուստաընկերություններին է հասնում»,-ասում է Սամվել Հարությունյանը:

                                                                                                                   Անուշ Բուլղադարյան

 

Շիրակի մարզ. ճգնաժամը նաեւ հնարավորություններ է ստեղծել

Շիրակի մարզում առավելապես տուժել է «Ցայգ» հեռուստաընկերությունը: Տնօրեն Մարգարիտա Մինասյանի տվյալներով` հեռուստաընկերության գովազդային մուտքերը ճգնաժամի արդյունքում 70%-ով նվազել են: Փակվել է 3 հաղորդաշար: Եթերի տեւողությունը փոփոխության չի ենթարկվել, սակայն փոխարինել են տեսաժապավեններով, որոնք հեռուստաընկերության համար ավելի էժան են, քան սեփական հաղորդաշար պատրաստելը, ինչն ավելի մեծ աշխատակազմ ու ներդրումներ է պահանջում: Եթերը լցվում է տեսագրություններով, երբեմն էլ` հաղորդումների կրկնություններով: Կրճատվել է 8 աշխատակից` աշխատակիցների ընդհանուր թվի 23%-ը: Հեռուստաընկերությունը գովազդի գնացուցակը 30%-ով նվազեցրել է:

«ԳԱԼԱ»-ի վրա ճգնաժամը հակառակ ազդեցություն է ունեցել

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության առաջին հաղորդումները հեռարձակվել են 2005 թ. հուլիսի 1-ին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հեռուստաընկերության գործունեության վրա չի ազդել: Գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի հավաստմամբ` ընդհակառակը, եթե ուրիշները աշխատակազմ են կրճատել, իրենք ավելացրել են` 32-ից դարձրել 36: Ճգնաժամը չէ, սակայն փակման վտանգի տակ հեռուստաընկերությունը եղել է: 2007 թ. հոկտեմբերին «ԳԱԼԱ»-ի եթերով նախ ցուցադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, հոկտեմբերի 15-ին` Նիկոլ Փաշինյանի, իսկ հաջորդ օրը հայտնվեցին հարկային մարմինների ներկայացուցիչներն ու հայտարարեցին, որ ստուգումներ են սկսվում հեռուստաընկերությունում: Հարկային մարմիններին հեռուստաաշտարակն ազատելու պահանջով հետեւեց Գյումրու քաղաքապետը: 2008 թ. հայտարարված դրամահավաքը փրկեց հեռուստաընկերությունը փակվելուց: Տույժն ու տուգանքն էլ հետը հեռուստաընկերությունը հնարավորություն ունեցավ 28 մլն դրամ վճարել հարկայինին: «Գաղտնիք չէ, որ Գյումրիում գործող հեռուստաընկերություններից ներկայումս ամենալավ վիճակում մենք ենք,- ասում է Կ. Հարությունյանը,- եթե նախկինում 32 աշխատող ունեինք, եւս 4 հոգի էլ ընդունել ենք աշխատանքի: Մտադիր ենք Երեւանում թղթակցական կետ բացել, ամենայն հավանականությամբ 2010 թ. մարտին այդ հարցը վերջնականապես կլուծվի: Իսկ առայժմ մեր խմբերն են գնում-գալիս Երեւան»: Կ. Հարությունյանն իրենց վիճակի կայունացումը գովազդային շուկայի հետ չի կապում` համարելով, որ հատկապես մարզերում այն չի գործում, իսկ այս պահին դատարկ է: Իրենք շատ լուրջ ծրագրեր են իրականացնում: Ունեն 4 դրամաշնորհային ծրագիր, որից 2-ն ավարտվել է, իսկ 2-ը, որ սկսվել են 2009 թ., կշարունակվեն նաեւ 2010-ին: Երեւանյան անցուդարձի լուսաբանումն ու թղթակցական կետի ստեղծումը եւս, Կարինե Հարությունյանի հավաստմամբ, դրամաշնորհային ծրագրի շնորհիվ է: «Իմիջիայլոց, դա նպաստեց, որ մենք գովազդի պատվիրատուներ ունենանք Երեւանից, եւ բավական էլ հոսք կա: Ու էսօրվա դրությամբ մարզում մեր գովազդի գներն ամենաբարձրն են,- ասում է Կարինե Հարությունյանը,- մենք ինտերնետային էջում տեղադրում ենք մեր լուրերի բլոկը, եւ այն բավական մեծ ռեյտինգ ունի: Եվ հետաքրքրությունն էլ մեր հեռուստաընկերության նկատմամբ Երեւանում մեծ է»: «ԳԱԼԱ»-ն ժամանցային ծրագրեր գրեթե չունի: 6 լրատվական-վերլուծական ծրագրեր են հեռարձակվում:

«Շանթ» հեռուստաընկերության իմունիտետն ամենաբարձրն է

«Շանթ» հեռուստաընկերությունը գործում է Երեւանում եւ Գյումրիում, հիմնադիրը Արթուր Եզեկյանն է, սակայն հեռուտաընկերության պատմությունը սկսվում է հանրապետության երկրորդ քաղաքից: 1994 թ.-ից Գյումրիում գործող «Շանթ»-ում համաշխարհային ճգնաժամը որեւէ փոփոխություններ չի առաջացրել: Գյումրիում գործող կառույցի գործադիր տնօրեն Կարեն Մուղնեցյանը հավաստում է, որ որեւէ աշխատակից չի կրճատվել, որեւէ մեկի աշխատավարձը չի նվազել: «Մեր աշխատակիցները մշտապես ժամանակին են աշխատավարձ ստացել: Ես 11 տարի է ղեկավարում եմ կառույցը, դեռ չեմ հիշում, որ ավանդույթը խախտվի,- ասում է Կարեն Մուղնեցյանը,- սա արմատացած գործելակերպ է «Շանթի» համար, եւ ոչ մի ճգնաժամ չի կարող այն փոխել»: Գյումրիում գործող «Շանթը» հիմնականում լրատվական գործունեություն է ծավալում: Շաբաթվա մեկ օր եթեր է հեռարձակվում «Տեսանկյուն» լրատվական-վերլուծական ծրագիրը: Որեւէ դրամաշնորհային ծրագրի հ/ը չի մասնակցել: Սակայն ունի գովազդային դաշտի հետ աշխատելու իր ուրույն գործելաոճը: «Ճգնաժամն այդ առումով լրիվ հակառակ դրսեւորումն ունեցավ մեզ համար,- ասում է Կարեն Մուղնեցյանը,- մեր գովազդատուները շատացել են: Շատացել են էն մարդկանց հաշվին, ովքեր երբեք գովազդ որեւէ մեկին չէին պատվիրել: Ու որքան էլ որ տարօրինակ է, իմանալով հանդերձ, թե որքան արժե մեզ մոտ գովազդի մեկ րոպեն, իսկ այն ամենաբարձրն է մարզում, հենց մեզ մոտ են գալիս, ու տեղադրումներն էլ ամենաթանկ տեղերում են անում: Ես դեռ այս տարվա հունվարին էի դաշտը վերլուծել, եւ հետագան ցույց տվեց, որ ճիշտ եզրահանգումներ էի արել: Ուղղակի պետք է ճիշտ եւ ճկուն քաղաքականություն վարել, սա է ամբողջ գաղտնիքը»:                                                                                                   Երանուհի Սողոյան

 

Ճգնաժամը էապես չի ազդել Սյունիքի լրատվամիջոցների վրա

Սյունիքի մարզի լրատվամիջոցների վրա, նրանց ղեկավարների խոսքերով, տնտեսական ճգնաժամն առայժմ էական ազդեցություն չի ունեցել: Կապանում գործող «Խուստուփ TV» հեռուստաընկերության տնօրեն ու գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանի խոսքերով` ֆինանսական ճնշվածությունը չի ազդել խմբագրության քաղաքականության վրա: «Ընկերությունը ինքնաֆինանսավորվող կառույց է, ու գործունեությունը կախված է բացառապես սեփական մուտքերից»,- ասում է Ս. Մանուկյանը: «Խուստուփ TV»-ն մալուխային/կաբելային հեռուստաընկերություն է, ու յուրաքանչյուր բաժանորդ 30 ալիք դիտելու համար ամսական վճարում է 1500 դրամ: 2009 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հեռուստաընկերությունը 6579 բաժանորդ ունի: Կաբելային հեռուստատեսություն դիտելու հնարավորություն ունեն միայն Կապան քաղաքի բնակիչները: Ֆինանսական ճգնաժամը չի ազդել լրատվամիջոցի լուսաբանումների վրա: «Ավելի շուտ ազդել է այնքանով, որ լրատվական ծրագրերում հարկադրաբար անդրադառնում ենք ճգնաժամին»,- ասում է տնօրենը: Հեռուստաընկերության գովազդատուների թիվը չի պակասել: Սասուն Մանուկյանի խոսքերով` նույնիսկ աճ է արձանագրվել: «Քանակային առումով, իհարկե, բայց փոքրացվել է տեսահոլովակների տեւողությունը, ինչով էլ պայմանավորված է գովազդային մուտքերի անկումը»,- ասում է նա` հավելով, որ գովազդի գների փոփոխություն չի եղել, պարզապես ընկերությունը դարձել է ԱԱՀ վճարող, ու արդյունքում հարկի գումարը ավելացել է գնին: Աշխատավարձի նվազում ու հաստիքների կրճատում չկա: Դեռ աշխատակիցների թիվն է ավելացել: «Սոսի» հեռուստաընկերությունը սկսել է գործել 1994 թ.-ից` Կապանի պետհեռուստատեսության բազայի վրա: Հետագայում վերակազմավորվել է, ու ներկայումս հաղորդումները սփռվում են Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում ու տարածաշրջանի գյուղերում: Մինչեւ 2008 թ. սեպտեմբերը հեռուստաընկերությունը կաբելային փաթեթում էր, իսկ «Խուստուփ TV»-ի լրատվական թողարկումը օրը 2 անգամ կրկնվում էր «Սոսիի» եթերում: ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջացած հակասության արդյունքում «Խուստուփ TV»-ի տնօրինությունը մրցակից հեռուստաընկերությունը հանեց փաթեթից: Փաստորեն, կաբելային հեռուստաընկերության բաժանորդները զրկված են «Սոսի» դիտելու հնարավորությունից: Մարզում ամենամեծ լսարանն ունեցող «Սոսի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Արթուր Իսրայելյանի խոսքով` ֆինանսական ճգնաժամի արդյունքում կրճատվել է հեռավոր գյուղեր այցելությունների թիվը: Եթե նախկինում յուրաքանչյուր միջոցառման համար նկարահանման խմբերը գնում էին, օրինակ, 90կմ հեռավորությամբ գտնվող գյուղական համայնք` լուսաբանելու դպրոցական մի միջոցառում, ապա այժմ միայն կարեւոր միջոցառումներն են լուսաբանվում: Աշխատավարձերի կրճատում «Սոսի»ում չի եղել, բայց գովազդային դաշտում նվազումը նկատելի է: 2008 թ. 6 մլն դրամ գովազդի փոխարեն 2009 թ. 10 ամսվա կտրվածքով գովազդային մուտքերը կազմել են մոտ 2 մլն դրամ: Գովազդից ստացված եկամուտը 2008 թ. կազմել է հեռուստաընկերության ընդհանուր բյուջեի 27.3%-ը, իսկ 2009 թ.` 19,4%-ը, 2009-ին աշխատակիցների թիվն ավելացել է 3-ով: Այսօր հեռուստաընկերությունում 20 մարդ է աշխատում, եթեր է հեռարձակվում 9 հաղորդաշար: Վերջերս ստեղծել են ինտերնետային կայք, ու ցանկացողներն այնտեղ էլ կարող են ծանոթանալ լուրերին ու լսել ռադիոծրագիրը: Որպես պետական աջակցություն (մարզպետարանից կամ քաղաքապետարանից) ստացած գումարի չափը տոկոսային հարաբերությամբ 2006-ին եղել է 0,17%, 2007-ին` 0,06%, 2008-ին` 7,5%, իսկ 2009 թ. որեւէ աջակցություն չեն ստացել:

Արմեն Դավթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter