HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացը չի դադարեցվել

Այսօր ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է 2009 թ.-ի ՀՀ քաղաքացիություն ստացողների մասին տեղեկատվությունը: ՀՀ նախագահի հրամանագրով` 4323 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մասնավորապես Անձնագրային եւ վիզաների վարչությունում 2009 թ. ընթացքում ձեւակերպվել է ՀՀ քաղաքացու 191.451 անձնագիր: Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տպագրվել է 178 092 անձնագիր: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու եւ քաղաքացիությունից դուրս գալու կապակցությամբ կազմվել եւ ընթացք է տրվել 6725 քաղաքացու գործ: Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ դադարեցվել է 427 անձանց ՀՀ քաղաքացիությունը: Փորձեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից ճշտել, թե նշված թվերից որքա՞նն են կազմում երկքաղաքացիություն ստացողները: Սակայն այս հարցին պատասխանելու համար պահանջեցին գրվոր դիմել, քանի որ այդ տվյալներն իրենց մոտ չկա, իսկ իրենք պետք է հարցում անեն Անձնագրերի և վիզաների վարչություն: «Հետքի» տեղեկություններով` Վրաստնաի քաղաքացիներին, հատկապես ջավախքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կասեցվել էր: Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու Հայաստան կատարած վերջին այցից հետո վրացահայերից փաստաթղթեր չէր ընդունվում: Սակայն գործընթացը նորից վերսկվել էր: Վրաստանի հայազգի քաղաքացիների պատմելով` իրենք շուրջ մեկ տարի է` սպասում են ՀՀ անձնագրերին, բայց դեռևս որևէ պատասխան չեն ստանում: Այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են Վրաստանի քաղաքացիութունից և սպասում են ՀՀ քաղաքացիություն ստանլուն, հայտնվել են անորոշ վիճակում: «Անձնագրերի և վիզաների վարչությունից մեզ անընդհանտ ասում են սպասել: Ոչ ասում են` կտան, ոչ էլ ասում են` չեն տա: Ոնց որ օդից կախված լինենք: Հիմա եթե հանկարծ չտան էլ, դուրս կգա, որ մենք նաև կզրկվենք Վրաստանի քաղաքացիությունից: Չենք հասկանում` ինչո՞ւ են ձգձգում»,- ասում է Ախալքալաքի շրջանի մի բնակիչ, որը չցանակացավ, որ հրապարակենք իր անունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Վրաստանի քաղաքացիներին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը «ոնց կար, այդպես էլ շարունակվում է: Երկքաղաքացիություն տալիս են դուրս չգրվածներին, իսկ դուրս գրվածներին` քաղաքացիություն»: Հարկ է նշել, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս իր քաղաքացիներին ստանալ մեկ այլ երկրի քաղաքացիություն: (Այս մասին տես` «Քաղաքացիությունից երկքաղաքացիություն, եւ… հակառակը») Նշենք նաև, որ այսօր տեղի ունեցած կառավարության նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով պարզեցրել է քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործընթացը: Կրճատվել է անձի կողմից դիմումը ներկայացնելուց հետո մինչեւ քաղաքացիության վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի ընդունման միջեւ ընկած ժամանակահատվածը, սահմանափակվել քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter