Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով` Սոչիում տարածքների հանձնման վերաբերյալ որևէ պայմանագիր չի ստորագրվի
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով` Սոչիում այսօր նախատեսված Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումը ակնկալիքներ է պարունակում: Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով վերջերս ադրբեջանական կողմից արվող ռազմաշունչ արտահայտությունները, նա նշեց, որ կարևոր ակնկալիքը խաղաղ բանակցություններն են:
«Բնականաբար, այդ եռակողմ հանդիպմանը պետք է խոսվի «Մադրիդյան սկզբունքներից», թե ինչի են հասել այսօր: Չեմ կարծում, որ որևէ պայմնագիր է ստորագրվելու այսօր: Ծայրահեղ դեպքում հնարավոր է Մայնդորֆյան հռչակագրի նման մի բան լինի, որ կողմերը այդ ուղղությամբ գնում են առաջընթացի և իրենց դիրքորոշումները հաստատելու և համեմատելու»,- ասաց բանախոսը:
Շարունակելով կանխատեսումները` Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ այս հանդիպմանը տարածքների հանձման վերաբերյալ որևէ պայմանագիր ևս չի կարող լինել, քանի որ դեռևս հստակեցված չէ, թե փոխզիջումները որ ոլորտում են կայանալու:
Ռազմիկ Զոհրաբյանին հարց ուղղվեց, թե «կվավերացնի՞ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները»: ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից հետո, թե ՍԴ-ի որոշումը չի հակասում արձանագրություններին, այլ ներքին օգտագործման համար է, Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ փաստեց, որ այդ արձանագրությունները պետք է հաստատվեն, իսկ Թուրքիան այդ կարծիքը հաշվի է առնում:
Դաշնակցության տեսակետին, թե Սահմանադրական դատարանի որոշումը եղել է Դաշնակցության և սփյուռքի ճնշման տակ, Ռազմիկ Զոհրաբյանը չհակասեց. «Դե թող ուրախանան, որ այդպես է եղել: Ես դեմ չեմ, եթե ուզում են, որ այդպես լինի: Կարևորը եղել է»:
Իսկ թե երբ են Հայաստանի խորհրդարան մտնելու արձանագրությունները, Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով, կախված է Թուրքիայից. եթե հայկական կողմը տեսնի, որ Թուրքիայում առաջընթաց կա այդ ուղղությամբ, արձանագրությունները կմտնեն նաև ՀՀ ԱԺ-ի օրակարգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել