Մորը բաժանել են երեխաներից, եղբայրներին` եղբայրներից
Օձունցի ամուսիններ Մարինե եւ Սանասար Ղեւոնդյանների ընտանեկան վեճը վերածվել է 5 տարբեր դատական գործերի: Արդյունքում Մարինեն զրկվել է իր երկու անչափահաս երեխաների խնամքի իրավունքից եւ նրանց տեսնելու հնարավորությունից, իսկ ներկայումս դատարանում քննվում է նրան ու մյուս երկու անչափահաս որդիներին տնից վտարելու` ամուսնու հայցը: 15 տարվա համատեղ կյանքի ընթացքում ամուսիններն ունեցել են 4 զավակ` ավագը 14 տարեկան է, իսկ կրտսերը` 4 տարեկան:
Սանասար Ղեւոնդյանը ամուսնության 15 տարիներից 8-ը անցկացրել է Հունաստանում` ընդմիջումներով լինելով նաեւ ընտանիքում: Իսկ 2008 թ. հունվարին Մարինեին հայտնի է դարձել, որ ամուսինը Հունաստանում այլ կին ունի: Այս հողի վրա ընտանեկան լարվածությունը վերաճել է վեճի, ինչի արդյունքում ընտանիքը փլուզվել է: Ս. Ղեւոնդյանը 2008 թ. հուլիսի 29-ին հայց է ներկայացրել դատարան` երեխաների խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, նրա պահանջը բավարարել է մասնակի` 1995 թ. ծնված Գարիկին եւ 1997 թ. ծնված Արմանին հանձնելով հոր խնամակալությանը, իսկ մյուս երկու երեխաներին` Կարենին եւ Գոռին թողնելով մորը: Դատարանը գտել է, որ կողմերն իրենց բարոյական եւ անձնական այլ հատկանիշներով առանձնապես չեն տարբերվում, սակայն գույքային ու բնակարանային պայմանների տեսանկյունից Ս. Ղեւոնդյանն առավելություններ ունի. նրան է պատկանում առանձնատունը, եւ նա նյութական բավարար միջոցներ ունի: Մինչդեռ նույն դատարանը քննել է Մարինեի հայցը` իր խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար 30 հազարական դրամ կայուն գումարով ալիմենտի պահանջով: 2009 թ. մայիսի 12-ի վճռով դատարանը որոշել է Սանասար Ղեւոնդյանից յուրաքանչյուր երեխայի համար ալիմենտի գումար բռնագանձել 5 հազար դրամ` պատճառաբանելով, թե Մարինե Ղեւոնդյանը դատարանում չի կարողացել հիմնավորել իր նախկին ամուսնու նյութական ապահովվածությունը: Դատարանը հաշվի չի առել Մարինե Ղեւոնդյանի մասին դրական գնահատականներով համայնքապետարանի տված տեղեկանքը, ինչպես նաեւ Օձունի թիվ 2 միջն. դպրոցի տնօրեն Ա. Թամազյանի` դատարանում հայտնած տեղեկությունները, ըստ որի` իրենց դպրոցում սովորող Գարիկ, Արման, Կարեն Ղեւոնդյաններն ուսումնառության տարիներին դպրոցում կարգապահական որեւէ խախտում չեն կատարել, մայրը` Մարինե Ղեւոնդյանը, հետեւողականորեն զբաղվել է երեխաների ուսման եւ դաստիարակության հարցերով, երեխաներին դպրոց ուղարկել կոկիկ հագնված: Ավելին, Սանասար Ղեւոնդյանն այնուհետեւ արգելել է մորը տեսակցել իր խնամակալության ներքո գտնվող երկու երեխաներին: Մարինեն նորից դատարան է դիմել` տեսակցության կարգ սահմանելու պահանջով: Սակայն մինչեւ դատաքննությունը Մարինեն միջնորդություն է ներկայացրել եւ դատարանին տեղեկացրել, որ իր ստացած տեղեկությունների համաձայն` նախկին ամուսինը Անձնագրային եւ վիզաների վարչության Թումանյանի բաժանմունքից իր խնամքին ու դաստիարակությանը հանձնված երեխաների համար ստացել է անձնագրեր եւ պատրաստվում է նրանց տեղափոխել Հունաստան: Մարտի 25-ին դատարանը երեխաներին ՀՀ-ից դուրս տանելն արգելելու վճիռ է կայացրել: Սակայն ԴԱՀԿ-ն դատարանի ակտը ոչ թե անմիջապես է գործողության մեջ դրել, այլ 5 օր անց: Մարինեն վստահ է, որ ԴԱՀԿ ծառայության Թումանյանի բաժանմունքի պետ Գարիկ Անտաշյանը եւ ամուսնու փաստաբան Ռուբիկ Նիազյանը աջակցել են իր նախկին ամուսնուն` երեխաներին Հունաստան փախցնելու գործում: ՀՀ ՔՕ 167 հոդվածի հատկանիշներով (Ծնողից երեխային ապօրինի բաժանելը) Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ եւ այնուհետեւ կարճվել: Բայց այդպես էլ չի պարզվել, թե ինչպես է հայրը կարողացել երկու երեխաներին Հայաստանից տեղափոխել Հունաստան: Թե ընդհանուր իրավասության, թե վերաքննիչ դատարանը որոշել են, որ Սանասար Ղեւոնդյանի գործողություններում հանցակազմ չի եղել: «Երեխաներիցս զրկելու համար պատասխանատու է ինչպես իմ նախկին ամուսինը, այնպես էլ ԴԱՀԿ ծառայության Թումանյանի բաժանմունքի պետ Գարիկ Անտաշյանը, քանի որ ՀՀ սահմանից երեխաներին դուրս տանելը կատարվում է միայն ծնողների համաձայնությամբ, իսկ առանց իմ համաձայնության ՀՀ սահմանից դուրս տանելը կատարվել է կամ փաստաթղթի, այսինքն` համաձայնագրի կեղծիքով, կամ էլ այլ կեղծ ճանապարհով, որը նույնպես վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ուսումնասիրվել»,- ասում է Մարինեն: Սակայն դատարանը Մարինեի նշած հիմնավորումներին չի անդրադարձել, միայն նշել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տրամադրած ՍԵԿՏ համակարգում եղած տվյալների համաձայն` Սանասար, Գարիկ եւ Արման Ղեւոնդյանները 2009 թ. մարտի 29-ի, ժամը 18:37-ից 18:29-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հատել են ՀՀ սահմանը: Ինչպես Մարինեն է պնդում, դատարանն անտեսել է նաեւ այն հանgամանքը, որ ԴԱՀԿ ծառայության պետն ու իր նախկին ամուսինը բարեկամներ են: «Երեխաներին ինձնից հեռացնելը կատարվել է նրանց հանցավոր համաձայնությամբ, նույնիսկ եթե դատարանի համար դժվար էր պարզել իմ նախկին ամուսին Ս. Ղեւոնդյանի եւ ԴԱՀԿ ծառայության պետ Գարիկ Անտաշյանի բարեկամության փաստը, ապա դատարանը պետք է հետազոտեր այն հանգամանքը, թե ԴԱՀԿ ծառայությունը` ի դեմս Գարիկ Անտաշյանի, իրավունք ունե՞ր, արդյոք, ընդհանուր իրավասության դատարանի 2009 թ. մարտի 25-ին կայացված հայցի ապահովման որոշումը վարույթ ընդունել 2009 թ. մարտի 30-ին»,-ասում Է Մարինեն: Այնուամենայնիվ, վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարինեի բողոքը: «Երեխան երեխայից առանձնացնել, առանց ծնողի համաձայնության, նույնպես չի թույլատրվում: Իսկ տվյալ դեպքում Մարինե Ղեւոնդյանը համաձայնություն չի տվել, որ իր երեխաներն առանձնանան, եւ դա բավական է, որ լրիվ հանցակազմն ապահովվի: Բացի դրանից, պաշտոնական դիրքի չարաշահում է եղել. հարկադիր կատարողը հայցի ապահովումն անհապաղ ի կատար չի ածել. 5 օր ձգձգելու պատճառով Ս. Ղեւոնդյանը կարողացել է երեխաներին դուրս հանել Հայաստանի Հանրապետությունից»,- հիմնավորում է Մարինեի փաստաբան Ալ. Ծատինյանը: Փաստաբանն ասում է, որ եթե հնարավոր է եղել առանց համաձայնագրի անցկացնել երեխաներին, ապա իրենց պետք է ներկայացվեն նման ապացույցներ: Սակայն իրենց բողոքներին պատասխանել են, որ իսկապես անհրաժեշտ է եղել համաձայնություն, իսկ թե ինչպե՞ս են հատել սահմանը, մութ է մնացել: Իմանալով, որ ամուսինը երկու տղաներին փախցրել է Հունաստան, Մարինեն տեղափոխվել է Օձունի իրենց բնակարանը, որտեղ ամուսնության առաջին օրվանից բնակվել է ինքը, որտեղ ծնվել են իր 4 երեխաները, եւ իր խնամքին թողնված 2 անչափահաս երեխաների հետ սկսել է ապրել այնտեղ: Բնակարանի բանալիները նրան հանձնել է ամուսնու եղբայրը, քանի որ նախապես Սանասարը տվել էր իր համաձայնությունը: Սակայն Ս. Ղեւոնդյանն իր փաստաբան Ռուբեն Նիազյանի միջոցով մայիսի 26-ին հայց է ներկայացրել դատարան` կնոջը եւ զոքանչին իր բնակարանից վտարելու պահանջով: «Հայաստանում մայրն իրավունքներ չունի: Դուրս է գալիս, որ ես ուղղակի ամուսնացել եմ, որ այդ մարդու համար 4 երեխա ունենամ, պահեմ, մեծացնեմ, ինքը գնա արտասահման, 10 տարի հետո գա եւ երեխաներին մեծ-մեծ տենա ու տանի»,- ասում է Մ. Ղեւոնդյանը: Եթե դատարանը Մարինեին եւ երեխաներին վտարելու որոշում կայացնի, նա իր երկու` 10 եւ 4 տարեկան երեխաների հետ կհայտնվի փողոցում, որովհետեւ գնալու այլ տեղ չունի: Վերաքննիչ դատարանում, Գոհար Մատինյանի նախագահությամբ, այս տարվա հունվարի 13-ին քննվեց Մարինե Ղեւոնդյանի հակընդդեմ հայցը: Նա պահանջում է իրեն ճանաչել տան համասեփականատեր եւ ապացույցներ է ներկայացրել առ այն, որ իրենց ամուսնության ընթացքում կատարվել է բնակելի տան եւ տնամերձին կից շինությունների վերանորոգում: Փորձագետի եզրակացությամբ ապացուցվել է, որ 67%-ով տան իրական արժեքն ավելացել է: Մարինեն պահանջել է 67%-ի կեսը հիմք ընդունել որպես համատեղ կայնքում ձեռք բերված գույքի մի մաս` համասեփականատեր ճանաչելով իրեն: Հունվարի 13-ին Մ. Ղեւոնդյանի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Գ. Մատինյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Պարզվել է, որ վերջինս եւ Մարինեի ամուսինը` Սանասար Ղեւոնդյանը, ծանոթներ են: Ինչպես Մարինեն է ասում, դատավորը նույնիսկ Օձունի իրենց տանն է եղել: Ավելին, տվյալ ընտանեկան վեճով` երեխաների խնամքին եւ ալիմենտի վճարմանը վերաբերող երկու գործերը քննել է նույն դատավորը` Գոհար Մատինյանը. «Մինչեւ վերաքննիչ դատարան բողոքարկելը մեզ լուրեր էին հասել, որ գործը քննելու է դատավոր Մատինյանը: Բնականաբար, մենք չենք կարող ակնկալել օբյեկտիվ քննություն տվյալ դատավորի կողմից»,- ասաց փաստաբանը: Հունվարի 15-ին Գոհար Մատինյանը բավարարել է փաստաբանի հայցը: Գործի քննությունը մակագրվել է մեկ այլ դատավորի: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տեղեկացրեց, որ դեռեւս պարզ չէ, թե գործը ում վարույթում պետք է քննվի: Մայրը եւ երեխաները Հունաստանում գտնվող մյուս երկու երեխաների հետ հեռախոսով կապ հաստատում են, սակայն հայրն արգելում է շփվել. «Վերցնում է հեռախոսը, կոպտում է երեխեքին` իմ մոտ գտնվող թե մեծին, թե փոքրին եւ թույլ չի տալիս, որ երեխեքիս հետ խոսեմ: Անգամ եղբայրներն իրար հետ խոսելու իրավունք չունեն»,- ասում է Մարինեն: Դատական քաշքշուկների պատճառով Մարինեի ֆինանսական վիճակը խիստ վատացել է, եւ նա վերջին դատական նիստին չկարողացավ ներկա գտնվել: Այդուհանդերձ, Մարինեի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը վստահեցնում է, որ իրենք օգտագործելու են բոլոր միջոցները` հասնելու են մինչեւ Եվրադատարան, որպեսզի վերականգնեն Մարինե Ղեւոնդյանի մայրական իրավունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել