HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն կհատկացնի Հաիթիին

2010թ. հունվարի 12-ին Հաիթիի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով օգնություն ցուցաբերելու համար այսօրվա կառավարության նիստում գործադիրը որոշել է Հաիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցի շուրջ մեր քաղաքացիները բազմաթիվ հարցումներ են հղել մեզ, թե ինչու օպերատիվ չենք արձագանքել աղետին։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ հենց աղետից մի քանի ժամ հետո մեր նախարարը` պարոն Շահգելդյանը, ինձ զեկուցել է, որ 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատը պատրաստ է անհապաղ մեկնել Հաիթի` օգնություն ցուցաբերելու։ Ցավոք սրտի, մենք դա չենք կարողացել իրականացնել, որովհետեւ Հաիթին պատրաստ չէր ընդունել այն, եւ կային բազմաթիվ տեխնիկական եւ օգնությունը համակարգելու խնդիրներ։ Մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ խոշոր ծավալի օգնություն ցուցաբերող պետություններին, տեղեկացրել, որ մեր փրկարարներն ունեն հմտություն, փորձ, կարողություն։ Մեր ներկայացրած երկրորդ առաջարկությունը նյութական օժանդակություն ցուցաբերելն էր` անհրաժեշտ սարքավորումներ եւ այլն, բայց այս անգամ նույնպես միջազգային կառույցները մեզ ասացին, որ ֆիզիկապես տեղափոխելու խնդիր կա, եւ նպատակահարմար է, որ օժանդակությունը լինի ֆինանսական։ Հասկանալի է մեր քաղաքացիների մոտեցումը, քանի որ մենք ինքներս տեսել ենք եւ մեր մաշկի վրա ենք զգացել, թե ինչ հետեւանքների է հանգեցնում երկրաշարժը, եւ մենք ինքներս հարյուրավոր պետություններից օժանդակություն ենք ստացել։ Բնական է մեր քաղաքացիների այդ պոռթկումը, թե մենք նույնպես պարտավոր ենք մեր օգնությունը ցուցաբերել այն երկրներին, որոնք դառնում են երկրաշարժի աղետալի հետեւանքների զոհ։ Եվ ուզում էի, որ այս տեղեկությունը հասանելի լիներ ձեզ եւ մեր քաղաքացիներին` աղետի հենց առաջին ժամերից խնդիրը գտնվել է հանրապետության նախագահի անմիջական հսկողության տակ, եւ այն պահից, երբ նախագահն իր ցավակցությունը հայտնեց Հաիթիի ժողովրդին, նախագահին, հենց այդ պահից էլ մենք նրա հանձնարարությամբ ձեռնամուխ ենք եղել գտնել օժանդակության լավագույն տարբերակը։ Այնպես որ, այսօր մենք որոշում ենք կայացնում եւ 100.000 դոլար հատկացնում աղետի հետեւանքները վերացնելու աշխատանքներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter