«Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Ջավախքի խնդիրը կարևորություն և նշանակություն է ստանում»
Այս մասին Կովկասյան լրագրողների ցանցում այսօր տեղի ունեցած օնլայն հարցազրույցի ժամանակ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչպես կանդրադառնան հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը հայ-վրացական հարաբերությունների և հատկապես Ջավախքի վրա:
Նա լավատեսորեն է նայում հայ-թուրքական դիվանագիտության ապագային, քանի որ, ըստ նրա, ի տարբերություն հայ-թուրքական դիվանագիտական նախկին հարաբերությունների, այս անգամ ընդգրկված է Ռուսաստանը: «Իրականում այս ողջ դիվանագիտությունը տարվում է հայ-թուրքական սահմանի բացման համար, ինչը այս տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարության շահերից է բխում, որը կայանում է նրանում, որ անտեսվեն Վրաստանի շահերը: Վրաստանի համար Հայաստանի և Թուրքիայի միջև յուրաքանչյուր դրական զարգացում նշանակում է բացասական գործընթացներ իր համար»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանմամբ, Հայաստանի կախվածությունը Վրաստանից առավել կթուլանա, Վրաստանի` որպես փոխադրող երկրի նշանակությունը կնվազի, և քանի որ այս ամենը բավականաչափ ընդհանուր և վիրտուալ վտանգներ է ներկայացնում Վրաստանի համար, ապա Վրաստանի համար առավել վտանգավորը ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-ռուսական հարաբերություններն են: Այս համատեքստում, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Ջավախքի խնդիրը կարևորություն և նշանակություն է ստանում: «Գամսախուրդիայից սկսած մինչև Սահակաշվիլին, այսինքն` թե նախկինում, թե այսօր Ջավախքի խնդիրը ինտեգրումն է: Ջավախքը Լեռնային Ղարաբաղ չէ: Վրաստանի իշխանությունները Ջավախքում բավականաչափ ներդրումներ չեն արել և տարածաշրջանը թույլ է զարգացել, այն տնտեսապես անտեսվել է Թբիլիսիի կողմից: Այդպիսի տարածաշրջանը, որտեղ բնակչության մեծ մասը վրացերենին չտիրապետող հայեր են, Վրաստանի այլ շրջանների հետ տնտեսական կապեր չունի»,- բացատրում է քաղաքագետը: Նա եզրակացնում է, որ այս բոլորը` տնտեսապես անտեսվածությունը թուլացրել է կապերը Ջավախքի և մյուս շրջանների միջև: Մինչ օրս Վրաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Ջավախքում սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: «Ի տարբերություն Ղարաբաղի, Ջավախքի խնդիրը տնտեսական է, որն անընդհատ բարդանում է, հատկապես այնտեղից ռուզական զորամասի դուրսբերումից հետո, ինչը տեղի բնակչության զբաղվածության լուրջ աղբյուր էր»,- կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել