HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին 7 տարի ազատազրկման/լրացված/

Րոպեներ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Դատարանը Փաշինյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտեց 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվեց:

Նրա գույքի նկատմամբ կալանքը վերացվեց: Դատավճիռն ընթերցվելուց հետո դահլիճում հնչեցին «ամոթ» վանկարկումերը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը 225-րդ հոդվածի համար պահանջել էր 6 տարի ազատազրկում, իսկ 316-րդի համար` 2 տարի: Սակայն Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով միայն 225-րդ հոդվածի 1-ին մասով: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավճիռը մեկնաբանելիս նշեց, որ 316-րդ հոդվածով Փաշինյանի արդարացումը ձևականություն էր. «Որպեսզի դատարանը փորձեր ցույց տալ` իբրև թե ինքը որոշ դեպքերում կարողանում է արդարադատություն իրականացնել: Ակնհայտ էր, որ Հայաստանում դատարանները երբևէ չեն կարողանում արդար դատավճիռներ կայացնել»,-ասաց փաստաբանը: Նրա դիտարկմամբ, փորձը ցույց է տալիս, որ դատարանը մեղադրողի պահանջած պատժաչափից գոնե 1 տարի քիչ է տալիս, իսկ այս դեպքում ճիշտ հակառակն է եղել: Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը չէր ներկայացել դատարան` վատաոռջության պատճառով: Դատարանի առջեւ հավաքված հարյուրավոր քաղաքացիները դեռ չեն հեռացել: Նրանք մեղադրում են իշխանություններին իրենց վանկարկումներով:

Լուսինե Սահակյանը հաստատեց, որ իրենք անպայման կդիմեն վերադաս ատյաններ, սակայն որևէ ակնկալիք չունեն նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններից: «Փաստորեն էլի ճանապարհը մնում է միայն եվրոպական դատարանում: Հայաստանում, փաստորեն, մենք չենք կարողանում հասնել նրան, որ արդարադատություն կայացվի, և մենք ստիպված չլինենք դիմել միջազգային ատյաններին»,-ամփոփեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter