HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փշալարերից այս կողմ` Երվանդաշատն իր հոգսերով

Հարությունյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: Նրանց այգին Հայաստանը եւ Թուրքիան սահմանազատող փշալարերի անմիջական հարեւանությամբ է: Իսկ նրանց տունը գյուղի վերջին` սահմանային տունն է` սահմանը հսկող ռուս խաղաղապահների դիտակետի կողքին:

Երբ տանտիրոջը` Մհեր Հարությունյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, նա դարակից հանեց եւ մեզ տվեց Ս. Պողոսյանի «Ինձ բահ տվեք» վեպը եւ խնդրեց բարձրաձայն կարդալ իր կողմից մատիտով նշված հատվածը, որտեղ Ցեղասպանության մի դրվագ էր նկարագրված: 

«Եթե հեռուստատեսությունն անկեղծորեն ամեն ինչ ցույց տա, կեղծ ու շինծու բաներ չպատրաստեն, ապա հայ բնակչության 99%-ը համաձայն չէ, ինչպես կոնկրետ ես: Լավ հարաբերություններ լինում է լավ մարդու հետ: Էդ ժողովուրդը մենակ ֆիզիկապես է մարդ, ներքուստ նրանք մարդ չեն: Նրանց սերունդը փոխվել է, բայց ծրագիրը չի փոխվել: Մենք ավելի ապահով կլինենք թուրքերի հետ թշնամությունը պահելով, քան բարեկամություն կնքենք նրանց հետ, տնտեսական կապեր հաստատենք: Թշնամություն պահելով գոնե գիտես, որ քո դարավոր թշնամին է»,- ասաց Մհեր Հարությունյանը: Ինչպես հարեւան Բագարանում, այստեղ էլ ամեն օր լսվում է թուրքերի նամազը: Սակայն շփումներ փշալարերի այս եւ այն կողմից չեն լինում, նույնիսկ` ներքին կարգով: Մհեր Հարությունյանը պատմեց, որ նախկինում` 90-ականների սկզբներին, եղել են դեպքեր, երբ գյուղից անասուններ են գողացել, կրակոցներ են հնչել, սակայն հիմա ամեն ինչ խաղաղ է:

Երվանդաշատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սանասար Հարությունյանը մեզ հանդիպած երվանդաշատցիներից մեկն էր, ով դեմ էր հայ-թուրքական սահմանի բացմանը: «Որպես երկրագնդի քաղաքացի» Ս. Հարությունյանն ընդհանրապես փշալարեր եւ սահմաններ չի ուզում տեսնել, բայց որպես հայ մեջբերեց Ավետիք Իսահակյանին. «Եթե Քրիստոսի ժամանակ թուրք ազգը գոյություն ունենար, Քրիստոսը չէր ասի` սիրիր թշնամուդ»: Երվանդաշատցիներին, սակայն, ոչ այնքան հայ-թուրքական սահմանի բացումն է մտահոգում, որքան իրենց բերքի իրացման խնդիրը: Առավել եւս, ինչպես նշեց երիտասարդ Վրեժը, սահմանի բացումից հետո իրենց արտադրանքը կարող է ընդհանրապես չսպառվել, քանի որ շուկան կլցվի թուրքական արտադրանքով:

Սոխը թափել են, ձմերուկն էլ` անասուններին բաժին հանել

Արարատյան դաշտավայրի այս գյուղը բերքառատ է` ծիրան, դեղձ, խնձոր, տանձ եւ այլ մրգեր: Բանջարեղեններից գյուղացիներն աճեցնում են սոխ եւ ձմերուկ: Անցած տարվա սոխի բերքը գյուղացիները չեն կարողացել իրացնել, թափել են: Իսկ այս տարի նույն ճակատագրին է արժանացել ձմերուկի բերքը: «Բերեցինք լցրեցինք մի ավտո` ստեղ հայաթում, տենց հոտավ, կեսը տվեցինք անասուններին, կեսն էլ թափեցինք, գնաց: Անցած տարի էլ սոխը թափեցինք»,- պատմում է Անուշ Սաֆարյանը: 2008 թ. 1000 քմ-ի վրա աճեցրած բերքից ոչինչ չստանալով` 2009-ին որոշել են ձմերուկ ցանել, սակայն 6000 քմ հողում ցանված ձմերուկը եւս եկամուտ չի տվել. «Էն էլ կարկուտը եկավ, ջարդեց մի մասը, մինչեւ քաղհան էինք անում, նորից կարկուտ ու անձրեւ, մյուս մասն էլ թափեցինք»: Այս տարի ձմերուկի 1կգ-ի իրացման գինը եղել է 20 դրամ, իսկ նախորդ տարիներին հենց այգիներից ձմերուկը 1 կգ-ը 80-100 դրամով են վաճառել: Երվանդաշատում արդեն երկու տարի է ջրամբար կա, գյուղն այլեւս ոռոգման ջրի խնդիր չունի: Այստեղ հողն էլ բերրի է: Բայց ստացած բերքի իրացմանը խոչընդոտում են ճանապարհները եւ հեռավորությունը: Մհեր Հարությունյանը նշում է, որ գյուղմթերքը Արմավիրի մոտակա գյուղերից են գնում, իսկ երվանդաշատցիները չեն կարողանում իրենց բերքը հասցնել շուկա: «Գյուղը կտրված է: Եկողն էստեղից չի գալիս տանում, քանի որ գնորդը էն արժեքը, որ պետք է տա, գա հասնի էստեղ, ավելի մոտ տեղեր կգնա: Հայրս միշտ ասում էր` երեխեք ջան, գյուղում ոչ մի գյուղացի հողից դեռ չի հարստացել: Հողը որ պարապ չմնա, պետք է ձեզ հաց լինի: Դուք պետք է զբաղվեք անասնապահությամբ»,- հոր խոսքերն է հիշում Մհեր Հարությունյանը: Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը նշում է, որ ամռանը գյուղատնտեսական մթերքներ գնողները զլանում են անցնել այդ ճանապարհները. «Ուղղակի երկար տարիներ գյուղապետ եմ, ծանոթներ կան, ընկերներ կան ու գալիս մթերքը տանում են, թե չէ` ոչ մեկը չի ուզում այս ճանապարհով անցնել: Ես ինչ-որ չափով անում եմ, ավազ եմ լցնում, բայց մի անձրեւից հետո նույնն է դառնում»: Համայնքապետը խոստովանեց, որ դիմել են թե մարզպետարան, թե Կառավարություն, իրենց խոստացել են, որ որ մինչեւ 2012 թվականը ճանապարհները կկառուցեն: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Հարությունյանն ասում է, որ գյուղացու արտադրանքն ինքնածախսածածկում գրեթե չի ունենում: Գյուղացու եկամուտն այնքան քիչ է, որ նա չի կարողանում իր արտադրանքով ապրել. «Արդյունաբերական արտադրության եւ գյուղացու արտադրած ապրանքների արժեքների հսկայական տարբերություն կա շուկայում: Գյուղացին էժան վաճառում է, թանկ ձեռք է բերում: Շատ թանկ է ոռոգման ջրի վարձը: Խորանարդ մետրը մինչեւ հիմա եղել է 7-9 դրամ, այս տարի լսել ենք, որ պետք է դարձնեն 11 դրամ, դրանք սարսափելի թվեր են»: Նրա պնդմամբ` ցածր է նաեւ բերքի իրացման արժեքը: «Ես չեմ տեսել, որ պետության կողմից կազմակերպվի գյուղմթերքների արտահանումը: Անհատ ձեռներեցները կազմակերպում են արտահանումը, բայց քիչ է նրանց տարածը, հատկապես ծիրանի հարցում: Տանում են ամենաընտիրը` հատիկ-հատիկ ջոկելով: Տանում են, դրսում Աստված գիտի ինչ գներով են վաճառում, գյուղացուն դրա 1 տոկոսն էլ չեն տալիս»,- ասում է Ս. Հարությունյանը: Նա պետությունից աջակցություն է ակնկալում գյուղմթերքների իրացման եւ դրանց գների կարգավորման հարցում:

Աշխատուժի կտրուկ արտահոսք` վերջին երկու տարում

Մարզկենտրոնից հեռու ու կտրված Երվանդաշատն ունի 824 բնակիչ, 207 ծուխ: Վերջին տարիներին ավելացել է գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ս. Հարությունյանն ասում է, որ առաջներում գյուղից աշխատուժի արտահոսք չկար: Սակայն վերջին 5 տարիներին նկատվում է արտահոսքի աշխուժացում, հիմականում դեպի Ռուսաստան: Աշխատուժի ամենամեծ արտահոսքը եղել է 2007-08 թթ.` 64 հոգի, մինչդեռ նախկինում այդ թիվը տարեկան չէր գերազանցում 5-10-ը: Սոցիալական խնդիրների պատճառով գյուղում կտրուկ նվազել է ամուսնությունների թիվը: Գյուղի տղաները «վախենում են» ամուսնանալ, աղջիկներն էլ հիմնականում ամուսնանում, գյուղից գնում են: Ծնելիությունը նույնպես անկում է ապրում, չկան ամուսնացող երիտասարդներ, եւ հիմանական պատճառը բնակարան չունենալն է: 2009-ին Երվանդաշատում երեք ամուսնություն է եղել, ծնվել է 6 երեխա: 

Գեւորգ Կարապետյանն ու իր կինը` տիկին Անուշը, արդեն 20 տարի տնակում են ապրում` այն պահից ի վեր, երբ բաժանվել են հայրական ընտանիքից: Տիկին Անուշը երկու որդի ունի, մեծը բանակում է: Նրանք հող են մշակում, հազիվ ապրում են: Գեւորգը, սակայն, արտագնա աշխատանքի մեկնել չի ցանկանում. «Խոպան չեմ գնում, էն ցամաք հացն էլ ավելի լավ ա տանն ուտեմ, քան հասնեմ էնտեղ: Հազար ու մի բան ես լսում: Գյուղի ժողովուրդը հող է մշակում, անասուն է պահում, օրվա հացն աշխատում են: Մենք էլ 90 թվից դոմիկում ենք ապրում, շինություն եմ ուզում անեմ, ձեռս ճար չկա»,- ասում է Գեւորգը: Մհեր Հարությունյանն ասում է, որ գյուղից արտագաղթի մեծ հոսքն իրենց հուզող լուրջ խնդիր է, որովհետեւ Երվանդաշատը սահմանային գյուղ է. «Սահմաններն ինչքան խիտ բնակեցված լինեն, այդքան մեր երկրի ամրությունն է»: Երվանդաշատում, այնուամենայնիվ, կարողացել են լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ ոռոգման եւ խմելու ջրի ցանցերը, նորոգվել է նաեւ գյուղի հիվանդանոցը, գյուղի ուժերով վերականգնվել է բնական աղետներից տուժած գյուղի ակումբը, որը ցրտի պատճառով մի քանի ամիս չի գործում:

Չնայած գյուղը սակավահող է, բայց Սանասար Հարությունյանը վստահեցնում է, որ առանց հող ընտանիք չկա: Չնայած` որոշ ընտանիքներ միայն տնամերձ ունեն: Օգտագործում են միայն Արաքսի հովտում եղած հողերը, իսկ գյուղից վերեւ` սարահարթում գտնվող հողատարածքները, ջրի բացակայության պատճառով չեն մշակվում: Ոռոգումը կարգավորված է միայն գյուղի տարածքում, իսկ սարահարթում հողերը չնայած բերրի են, բայց դեռեւս անհնար է ոռոգել: «Մենք էստեղ ջուրը վերցնում ենք Ախուրյան գետից, ինքնահոս, այնտեղ արդեն Թալինի ջրանցքի տարածքում են այդ հողերը, դրա համար էլ այնտեղ ոռոգման խնդիր կա»,- ասաց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

«Ժամանակավոր կացարանը» դարձել է մշտական

Երվանդաշատում նպաստառու ընտանիքների թիվը 10 տարուց ավելի է չի փոխվել` 31-33 ընտանիք: Դրանք գրեթե նույն ընտանիքներն են: Առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքները բնակարան չունեն, ապրում են ժամանակավոր կացարանում:

Գյուղի ծայրամասում նախկին դպրոցի կիսախարխուլ շենքում 5 ընտանիք է ապրում: Մարինե Մկրտչյանը ամուսնու եւ 5 երեխաների հետ բնակվում է մեկ սենյակում: Սենյակին կից որպես խոհանոց ծառայող խցում տիկին Մարինեն լվացք էր անում, եւ այլեւս շարժվելու տեղ չկար: Նա վատառողջ է, դժվարությամբ է տնային գործեր անում, մեծ աղջիկն է օգնում: Ամուսնու աշխատանքի մեծ մասը տալիս են դեղամիջոցներին եւ հիվանդանոցներին: Անասուն չունեն, փոքրիկ հողակտոր ունեն, որը մշակում են եւ գոյատեւում:

Դպրոցի նախկին շենքում, որն այժմ գյուղացիներն անվանում են ժամանակավոր կացարան, այս ընտանիքն արդեն 12 տարուց ավելի է բնակություն է հաստատել, իսկ «ժամանակավոր կացարանը» նրանց համար դարձել է մշտական: Պետությունից ստացած նպաստով խանութի պարտքերն են կարողանում փակել, որը կուտակվում է մի ամբողջ ամիս, այն էլ` խանութպանը իրենց բարեկամն է, դրա համար է համաձայնել պարտքով տալ: Մարինեի հարեւան տիկին Լիանան վերջերս 4-րդ երեխան է ունեցել: Նրա երեք երեխաները, այդ թվում եւ նորածին Լիլիթը խորը քնած էին մխացող փայտահոտով լցված միակ սենյակում, երբ մենք այցելեցինք նրանց: Երկուսը` հնամաշ բազմոցին, իսկ Լիլիթը` շարժասայլակին: Ընտանիքը 10 տարուց ավելի ժամանակավոր կացարանում է ապրում: Նրանց սենյակում միակ արդիական իրը հեռուստացույցն էր:

Տիկին Լիանայի խոհանոցը ոչ թե սենյակին կից էր, այլ շենքի միջանցքում մի փայտաշեն խուց էր: Տիկին Լիանան խանդավառությամբ պատմեց, որ իրենց հաջողվել է 20 տարով հիպոթեքային վարկ վերցնել եւ սկսել նոր տան շինարարությունը, բայց թե վարկն ինչպե՞ս են փակելու, դեռեւս չգիտի: «Կաշխատենք, երեխեքը կմեծանան, կօգնեն, կփակենք: Աստված մեծ է»,- հույս հայտնեց նա: Ինչպես Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանն ասաց, իրենց գյուղից մոտ 40 ընտանիք վարկ է վերցրել. «Արդեն ընկել են կարուսելի տակ, մեկից վերցնում, մյուսին են տալիս, ոնց որ բոլոր գյուղերում: Չնայած տոկոսադրույքը բարձր է, բայց այլ ճար չկա»: Համայնքապետը եւս վարկ է վերցրել. «Այդ օրը շատ կխմեմ, եթե պրծնեմ վարկից»,- կատակեց նա եւ հավելեց, որ գյուղի բոլոր հոգսերին աստիճանաբար լուծումներ կգտնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter