Գազատարի վրա գտնվող սեփականատերերի հողատարածքները, ի վերջո, կտեղափոխվեն
Աբովյան քաղաքի «8-րդ միկրոշրջան, 5-րդ թաղամաս»-ում հողակտոր ձեռք բերած սեփականատերերի տարածքները կփոխարինվեն 4-րդ միկրոշրջանի հողատարածքներով: Հիշեցնեն, որ երիտասարդ ընտանիքներն աճուրդով «8-րդ միկրոշրջան, 5-րդ թաղամասում» հողակտորներն էին ձեռք բերել, սակայն երբ նրանցից մեկը սկսել էր շինարարությունը, պարզվել էր, որ 12 հողակտորների տարածքով անցնում է 40 սմ տրամագծով միջին ճնշման գազատար խողովակ, և անցնող գազատարի վրա շինություններ կառուցել չի կարելի:
«Հետքն» արդեն անդրադարձել էր խնդրին (Տես հոդվածը` Երիտասարդ ընտանիքներին տրված հողակտորները գազատարի վրա են), սակայն շուրջ 10 ամիս անց է միայն քաղաքապետարանը կարողացել կարգավորել խնդիրը: Դեկտեմբերի սկզբներից հողատարածքների տեղափոխման գործընթացը սկսվել է: Գազատարի վրա գտնվող բոլոր սեփականատերերին հատկացված հողակտորները նույն չափաբաժիններով տեղափոխվում է 4-րդ միկրոշրջան: «Հողատարածքների խնդրի կարգավորումը ձգձգվել է այն պատճառով, որ սկզբից փորձեցինք խողովակը տեղափոխել, բայց դա մեծ ծախսեր էր պահանջում, հետո փորձեցինք հողակտորներն այլ տեղ տեղափոխել, չստացվեց, վերջում ստիպված այս միկրոշրջան տեղափոխեցինք, որը ռեզերվային` հետագայի համար նախատեսված հողեր են եղել»,-ասաց Աբովյանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սոս Խեչոյանը: Նա նաև վստահեցրեց, որ այս տարածքում չափագրումները իրավամբ կատարված են և այլևս ոչ մի խնդիր չի առաջանա: Միայն հասցեի փոփոխման համար սեփականատերերը պետք է 5000 դրամի չափով հավելյալ գումար վճարեն: Դեռևս ոչ բոլոր ընտանիքներն են տեղյակ այս գործընթացից, 9 սեփականատեր է ներկայացել, սակայն Սոս Խեչոյանը տեղեկացրեց, որ իրենք արխիվնեից հանում են սեփկանատերերի հասցեները և անհատապես տեղեկացնում նրանց: «Հողակտորները տեղափոխվում են 4-րդ միկրոշրջան, որն ավելի լավ տարածք է, քաղաքի մեջ»,-կարծում է Աբովյանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սոս Խեչոյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել