
Դիմակավորվածները ներխուժել են տուն եւ ներկայացել իբրեւ ոստիկան
Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, Սուսաննա Ֆահրադյանն իր ննջասենյակում արթնացել է օտար ձեռքի հպումից: Անծանոթ մարդը ձեռքով փակել է տիկնոջ բերանը: Սուսաննան փորձել է շրջվել, որ տեսնի՝ ամուսնու կողմն էլ ինչ-որ մեկը կա՞, թե՞ հարազատներից մեկն է կատակում, սակայն այդ պահին սկսել են նրան հարվածել:
Պառկած վիճակում Սուսաննան փորձել է պաշտպանվել եւ սկսել է գոռալ: «Անկոչ հյուրը» բթամատը մտցրել է Սուսսանայի կոկորդը: Նրա ձեռքին ձեռնոց է եղել: Մի քանի վայրկյան այդպես պահելուց հետո բաց է թողել:
Նույն պահին 2 հոգի էլ անկողնու մեջ ծեծել են Սուսաննայի ամուսնուն՝ Վարդան Վարդումյանին: Սուսաննա Ֆահրադյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ ամուսինը փորձել է պաշտպանվել, ինչն ավելի է բարկացրել հանցագործներին. նրանք սկսել են ավելի անխնա հարվածել:
Ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Սուսաննան ասում է, որ այդ գիշեր իրենց տուն անհայտ ճանապարհով ներխուժել են 7 դիմակավորված անձիք: Նրանք եղել են սպորտային կառուցվածքով եւ շատ պատրաստված: Բոլորը եղել են դիմակավորված, անգամ աչքերի հատվածն է ցանցով փակ եղել: Նրանց հագին եղել է «Ադիդաս» ֆիրմայի սպորտային հագուստ, իսկ ձեռնոցները եղել է կոպիտ գործվածքով:
«Նրանք մինչեւ վերջին կետը զինված էին: Ավտոմատներ ունեին, հրացան, դանակներ: Որ տեսան ամուսինս պաշտպանվում է, սկսեցին ավտոմատների կոթով հարվածել: Մոտ 15 րոպե ուղակի ծեծել են»,- ասում է Սուսաննան:
Ծեծելուց հետո զինված հանցագործները ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ: Սուսաննան սկզբում հավատացել է, քանի որ նրանց արտաքինը, տիկնոջ բնորոշմամբ, շատ նման է եղել «սպեցնազի» աշխատողներին: Բացի այդ՝ բավականին պատրաստված էին, իրենց շարժումներում գործել են շատ հստակ, ինչպես ոստիկանները սերիալներում:
«Ասացին, թե իբր իմ ամուսինն օրենքին քֆուր է արել, եւ դրա համար են մեզ պատժում»,- վերհիշում է Սուսաննան: Նա պատմում է, որ զինված հանցագործների դաժանությունից հասկացել է, որ իրականում նրանք ոստիկաններ չեն, քանի որ շարունակել են հարվածել եւ պահանջել են գումար ու ոսկյա զարդեր: Վարդանն ասել է, թե իր ամբողջ գումարը տաբատի գրպանում է: Նրան գետնի վրա քարշ տալով ննջասենյակից հասցրել են հյուրասենյակի մոտ եւ նորից սկսել են ծեծել: Տաբատից վերցրել են ամբողջ գումարը եւ Վարդանի ավտոմեքենայի բանալիները, սակայն ավտոմեքենային ձեռք չեն տվել:
Սուսաննան ասում է, որ հանցագործներից մեկը միշտ իր մոտ է կանգնած եղել: Երկրորդն էլ մոտեցել եւ կապկպել է ձեռքերն ու ոտքերը, բերանը, աչքերը եւ հրելով գցել է մահճակալի կողքին:
Կապկպել են նաեւ նրանց 3 երեխաներին, որոնցից 2-ն անչափահաս են: Սուսաննան ուշաթափվել է, երբ աղջիկները սկսել են գոռգոռալ: «Ես վատացա, որովհետեւ կողքիս կանգնած մի տականք անընդհատ ասում էր՝ սեյֆի տեղն ասա, թե չէ աղջիկներիդ կողքը երկու հոգի կանգնած են, նրանց կբռնաբարեն: Խնդրում, աղաչում էի, որ ինչ անում էին, ինձ անեին, մեզ անեին, բայց երեխեքին հանգիստ թողնեն»,- ասում է Սուսաննան:
Տիկնոջ պատմելով՝ հանցագործներն իրար հետ գրեթե ոչինչ չեն խոսել: Նրանցից միայն մեկն է կողքինին խորհուրդ տվել կրակել Վարդանի ոտքերին, որպեսզի վերջինս ասի սեյֆի տեղը, սակայն չեն կրակել:
Քանդել են ամբողջ տունը, ընդհուպ խոհանոցը: «Ինձ տրորելով, վրայիցս թռնելով քանդում էին տունը: Ասում էին սեյֆի տեղն ասա, քանի որ տեղեկություն ունեն, որ տանը 100 հազար դոլար փող ունեք»,- ավելացրեց Սուսաննան:
Հանցագործները մոտ մեկ ժամ տանը գումար են փնտրել: Ս. Ֆահրադյանն ասում է, որ մինչեւ հիմա իրենց պարզ չէ, թե ավազակային հարձակում իրականացնողները որտեղից են տուն մտել, քանի որ պատուհաններն ու դռները փակ են եղել: Կասկածներ ունեն, որ ննջասենյակներից մեկի պատուհանից են ներս մտել: Այնտեղ ոչ ոք չի քնում, իսկ ոստիկանները նկատել են, որ պատուհանը մի փոքր վնասված է:
Սուսաննան ասում է, որ զինված հանցագործներն իրենց տանը շատ ազատ են իրենց պահել: Ենթադրվում է, որ նրանք նախապես իմացել են, թե ով որտեղ է քնում եւ անմիջապես մտել են հենց այդ սենյակները:
Սուսաննան լսել է, որ հանցագործներից մեկը նայելով ժամին ասել է, թե «արդեն 4:30 է, մեր գնալու ժամանակն է» ու դուրս են եկել տնից:
Նրանց 13 ամյա որդին՝ Սերոբը, քնած է եղել հյուրասենյակում: Նրա գլխի մոտ էլ են ավտոմատ պահել եւ երեխայի աչքի առաջ ծեծել հորը: Սուսաննան պատմում է, որ տղան այնքան վախեցած է եղել, որ լեզուն բռնվել է եւ ոչ մի ձայն չի հանել: Երբ հանցագործներն ամեն ինչ ավարտել են, չեն կարողացել դուրս գալ: Նրանք այնքան հմուտ են եղել, որ իրենց մտած ճանապարհով դուրս չեն եկել եւ որոշել են դռնով հեռանալ, սակայն չեն կարողացել մուտքի դուռը բացել եւ Վարդանն է ասել, թե ինչպես դուռը բացեն:
Նրանց հեռանալուց հետո առաջինը կապանքներից ազատվել է 13-ամյա Սերոբը: Հայրը նրան խնդրել է, որ իրեն էլ արձակի, սակայն արյան մեջ կորած հորը տեսնելով Սերոբը գոռացել է, թե վախենում է մոտենալ նրան: Մայրը ննջասենյակից ձայներ է հանել, Սերոբը շտապել է մոր մոտ եւ նրա ձեռքերն է արձակել, որից հետո Սուսաննան օգնել է նաեւ ամուսնուն եւ աղջիկներին:
Մեր այցելության պահին այնտեղ էր գտնվում նաեւ Վարդանի հայրը՝ Սերոբ Վարդումյանը: «5-ից 20 պակաս հարսս զանգեց, թե շտապ եկեք գլաններս լավ չի: Տղայիս հանեցի, թե շուտ գնանք Սուսանին տանենք հիվանդանոց: Եկա, տեսա տղաս արյան մեջ ընկած է: Ամբողջ հատակն արյան մեջ կորած էր, ոնց որ անասուն մորթած լինեին»,- ասում է Սերոբ պապը: Նրա ասելով՝ Վարդանը չի ցանկացել, որ ոստիկանություն կանչեն: Վաղարշապատի ոստիկանապետ Աշոտ Սարգսյանն Արշալույս գյուղում է ապրում, Սերոբ պապը շտապել է նրանց տուն եւ հայտնել կատարվածի մասին: Հենց ոստիկանապետի տեղակալն էլ զանգահարել է ոստիկանություն:
Սերոբ պապն ասում է, որ ոստիկանները շատ օպերատիվ են աշխատել: Մինչեւ երեկ երեկոյան ժամը 9-ը մարզի եւ Երեւանի ոստիկանները Վարդանենց տանն են եղել:
Վարդանն այժմ գտնվում է հիվանդանոցում, իսկ Սուսաննան բուժումներ է ստանում տանը: Վերջինս իրեն շատ վատ էր զգում: Նա նույնիսկ չի կարողացել հիվանդանոցում գտնվող ամուսնուն խնամել:
Շատ են հարվածել հատկապես Վարդանի գլխին: Երկու աչքերի վերեւի հատվածները պատռված է եղել, իսկ աչքի կողքի հատվածը՝ ծակված: Կոտրված է ձախ ականջը, իսկ գլխի վրա եղել է հարվածի 6 տեղ: Բժիշկները գլխին երկու կար են դրել: Մարմնի վրա էլ եղել է բազմաթիվ հարվածի տեղեր եւ դանակի գործադրմամբ առաջացած քերծվածքներ: Սուսաննայի ոտքի վրա էլ կար դանակի հետք: Հանցագործները դանակով ծակել են ոտքը, որպեսզի սեյֆի տեղն ասի:
Վարդանը գյուղում զբաղվել է թունաքիմիկատների վաճառքով եւ խորհրդատվությամբ: Նրա փոքր խանութը գտնվում է հենց տան կողքին:
«Մարզում չկա մի մարդ, որ ասի Վարդանն ինձ վատություն է արել: Ոչ գողություն է արել, ոչ թալանով է զբաղվել, իրա հալալ քրտինքով աշխատել է: Եթե մեկը գա ասի, որ Վարդանը վատություն է արել ինչ-որ մեկին, ես նրա ճակատը կհամբուրեմ»,-ասում է Սուսաննա Ֆահրադյանը: Նրա ասելով՝ ամուսինը 40 տարեկան է եւ ոչ մի անգամ իր ընտանիքով չի գնացել հանգստանալու: Ամեն օր աշխատել է, իսկ գիշերները 4-5 ժամ է ընդամենը քնել:
Ընտանիքի մեծ աղջիկն ուսանող է, իսկ մյուս երկու երեխաները դպրոցահասակ են: Նրանք այնքան են վախեցել, որ նույնիսկ չեն կարողանում դասի գնալ: 16-ամյա Մանուշակն ասում է, որ իրենց հետ կատարվածը միայն մարտական ֆիլմերում է տեսել, սակայն ֆիլմերում հանցագործներն ավելի մարդկային են եղել, քան իրենց տուն մտնողները:
Ամենից շատ հենց Մանուշակն է վախեցել: Այս գիշեր մոր ձեռքը բռնած է աղջիկը քնել: Նրանց տանն են գիշերել նաեւ Վարդանի բարեկամներից մի քանի տղամարդ: Ընտանիքի անդամները վախեցել են, թե ավազակները հնարավոր է երկրորդ անգամ իրենց տուն գան:
«Աչքերս փակել եմ, ամբողջ գիշեր սեւ գլուխներ է գալիս աչքիս առաջ, չեմ կարողանում հանգստանալ: Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ոչ գումարի, ոչ ոսկու: Ես մտածում եմ միայն երեխաներիս առողջության մասին, այս սթրեսը նրանց համար անհետեւանք չի մնա»,- ասում է երեխաների մայրը:
Հանցագործներն իրենց հետ տարել են տանը եղած ոսկյա զարդերը: Սուսաննայի եւ Վարդանի պարանոցից քաշելով պոկել են ոսկյա շղթաները, հանել են նույնիսկ ամուսնական մատանիները: Աղջկա ձեռքից հանել են շղթան եւ այլ զարդեր: Իսկ տնից իրենց հետ տարել են 3 մլն դրամ, 1300 դոլար եւ 150 եվրո: Սուսաննան ասում է, որ այժմ չի կարողանում նույնիսկ մտաբերել, թե ինչքան ոսկյա զարդեր են ունեցել:
«Հանցագործները սխալ ինֆորմացիայով էին եկել մեր տուն: Նրանց պատկերացումները մեր կարողությունների մասին շատ ավելին է եղել, քան իրականում մենք ունենք. շատի ախորժակով էին եկել: Երբ ցույց տվեցի ոսկեղենի տեղը, չէր հավատում, ասում էր՝ էս ա՞ ձեր ոսկեղենը: Բացի այդ, 100 հազար դոլարի ու սեյֆի մասին էին ասում, որը մենք չունենք: Սեյֆ ընդհանրապես մենք չենք ունեցել»,-պատմում է Ս. Ֆահրադյանը:
Նրա ասելով, եթե ավազակները «մեծ ախորժակ » չունենային, ապա կտանեին այլ թանկարժեք ապրանքներ, օրինակ՝ թվային լուսանկարչական ապարատը կամ տեսախցիկը, որոնք դրված են եղել հենց աչքի առաջ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քր. օր.-ի 176 (ավազակային հարձակում) եւ 335 հոդվածների (ապօրինի զենք, զինամթերք կրելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել