
«Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, պայքար, պայքար մինչև վերջ»,-սա «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքն էր դատարանում: Այսպիսով, ավարտվեց նրա նկատմամբ քրեական գործի դատաքննությունը: 2010 թվականի հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը կհարապարակի դատավճիռը:
Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ ակնկալում է արդարացման դատավճիռ. «Բայց ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս քաղաքական գործով որևէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել: Միևնույն է, ես արդարացման դատավճիռն ակնկալում եմ ոչ թե դատավորից, այլ ՀՀ քաղաքացուց ու ժողովրդից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորեցրեց, որ արդարացման դատավճիռն ակնկալում է այն տարածքի բնակիչներից, որտեղ, մեղադրող կողմի պնդմամբ, 2008թ-ի մարտի 1-ին տեղի են ունեցել զանգվածային անկարգությունները. «Ես ակնկալում եմ, որ Երևանի թիվ 10 ընտրատարածքի ընտրողները հունվարի 10-ին կկայացնեն իմ արդարացման դատավճիռը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել