
Փաստաբան Լուսինե Սահակյանը, ավարտելով Նիկոլ Փաշինյանի պաշտպանական ճառը, դատավորից պահանջեց արդարացնել նրան` գոնե հանուն 10 զոհերի. «Կարծում եմ, որ նրանք պետք է որ իզուր զոհված չլինեին: Գոնե դուք պարտավոր եք արդար դատավճիռ կայացնել և ապացուցել, որ այս 10 զոհերը, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը տվել են այս երկրի համար, իզուր չեն զոհվել: Ես ձեզանից ակնկալում եմ արդարացման դատավճիռ»:
Անդրադառնալով հոկտեմբերի 23-ի դրվագով Ն. Փաշինյանի մեղադրանքին` պաշտպանները նշեցին, որ տուժող ոստիկան Վազգեն Դաբաղյանի ցուցմունքը և դատաբժշկական փորձագիտության եզրակացությունը ակնհայտ հակասում են իրար. «Տուժողը հայտնեց, որ Փաշինյանը հարվածել է իր աջ ոտքի հետևի մասին: Ընդ որում` տուժողը դա կրկնեց մի քանի անգամ և ցույց տվեց ոտքի հետևի մասը: Տուժողի խոսքերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Նիկոլ Փաշինյանի` նրան հարվածած լինելը վարկածը ակնհայտ մտացածին է, նրա ցուցմունքի համաձայն` ոտքի հետևի մասում նման հարված ստանալու պարագայում նա մարմնական վնասվածք չէր կարող ստացած լիներ: Դատաբժշկական փորձաքննության մեջ ասվում է, որ վնասվածքը աջ սրունքի միջին երրորդականի առաջնային մակերևույթի առաջնային մաշկի գունազրկված տեղամասի ձևով նախկինում եղած քերծվածքի ապաքինման արդյունքում է ստացվել: Գոնե երկուսն էլ նույն բանն ասեին ու նկարագրեին նույն տեղամասի վնասվածքը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանները նշեցին, որ երթի մասնակիցները հայհոյանքներ չեն հնչեցրել, երթևեկությունը խափանված չի եղել երթի ժամանակ, ինչի մասին հակառակն էին պնդում տարբեր վկաներ և իրարամերժ ցուցմունքներ տալիս:
Դատական նիստն ընդմիջվեց: Ընդմիջումից հետո վերջին խոսքով հանդես կգա Նիկոլ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել