
Տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության բարեփոխումների արդյունքում 32 000 սուբյեկտ օգտվել է ավելացված արժեքի հարկի արտոնությունից: Այս սուբյեկտները հարկ չեն վճարել մոտ 24 մլն դրամի չափով: «Մենք ամբողջությամբ կատարել ենք սոցիալական պարտավորությունները, պարտքեր չենք կուտակել, և հաջողվել է խուսափել սոցիալական բացասական հետևանքներից»,- ներկայացնելով տնտեսության 2009թ-ի արձանագրած որոշ ցուցանիշներ` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանը միակ պետությունն է, որը ոչ մի լումայի օգնություն չի տրամադրել առևտրային բանկերին: Առևտրային բանկերը կարողացել են ինքնուրույն դիմագրավել փորձություններին, ունեցել են բավարար լիկվիդային միջոցներ, որպեսզի սպասարկեն ավանդատուներին:
Ավելին` 2009թ-ին բանկային համակարգում քաղաքացիների ավանդային խնայողությունները աճել են ավելի քան 30 %-ով: «Սա նշանակում է, որ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ չի խաթարվել, այլ մարդիկ շարունակում են իրենց խնայողությունները պահել հենց բանկերում»,- մեկնաբանեց վարչապետը:
Նա տարօրինակ համարեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում քաղաքացիների խնայողություններն աճել են, բայց նշված հանգամանքը բացատրեց նրանով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում մարդիկ զսպում են իրենց ծախսերը և պատրաստվում են ավելի վատ կանխատեսումների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել