Հայաստանի տնտեսության հաջողությունը 2009թ-ին` 3,5 % աճ ՏՏ ոլորտում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում ասաց, որ տնտեսական ճգնաժամի անկման պարագայում եղել են նաև հաջողություններ: Օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2009թ-ին արձանագրվելու է մոտ 3.5 % աճ:
Ըստ վարչապետի` Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդը 2008-2009թթ. ընթացքում իրականացրել է լուրջ միջոցառումներ, որոնք բարելավել են ոլորտը. «Տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսակետից ՏՏ-ների ոլորտը գերակայություն է մեզ համար, և չափազանց կարևոր է, որ ճգնաժամի տարիներին էլ նա դիմացել է մրցությանը, և ավելին` կարողացել է իր դիրքերն ամրապնդել»:
Արդյունքում, եթե 2009թ-ի սկզբին Հայաստանում ինտերնետի ապահովումը հասնում էր 1 GB վրկ-ում, տարվա վերջին այն հասել է 2.1 GB-ի: Ինտերնետի գները այս տարվա ընթացքում 2 անգամ նվազել են, և այս միտումը պահպանվելու է նաև 2010-ին:
ՏՏ ոլորտում «Օրանժի» հայտնվելը մրցունակության և մրցակցության մթնոլորտ ստեղծեց, ինչի արդյունքում ինտերնետից օգտվող բաժանորդների կրկնապատիկ աճ է գրանցվել: 2009թ-ի սկզբին 75 հազար բաժանորդները տարվա սկզբին դարձել են 150 հազար: GPRS բաժանորդների քանակը կազմում է 700 հազար:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը այսուհետ լինելու է մեր տնտեսական համակարգի կարևորագույն շարժիչ ուժերից մեկը, իսկ ծավալներով և աշխատողների քանակով այն արդեն իսկ գերազանցում է հանքահումքային արդյունաբերությունը»,- ամփոփեց Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել