Սևակ Արծրունին Վլադի համախոհ-պաշտպան
Չէի ցանկանա պատասխանել Սևակի ստահոդ հայտարարությանը, սակայն լռությունը այլ կերպ կարող է ընկալվեր: Սևակից ակնկալում էի Մաշտոցի 33ա հասցեի 1708քմ մակերեսով շինությունն ընկերությունից զավթելու մանրամասնությունները, պարզաբանում այն մասին, թե հետագայում ինչպես է այդ շինությունը փոխանակվել Լևոն Սարգսյանին պատկանող Դավթաշենի IV թաղամասի 45/7 հասցեի կիսակառույցի հետ:
Սևակը նախ այն անձն է, ով Վլադիսլավ Մանգասարյանի և Էդուարդ Եսայանի հետ մեկտեղ յուրացրել է իմ ներդրումների արդյունք հանդիսացող Մաշտոցի 33ա հասցեի 1708քմ ընդհանուր մակերեսով շինությունը։ Այդ փաստին վերաբերող փաստաթղթերն իմ փաստաբանի միջոցով տրամադրել եմ ՊԵԿ-ի նախաքննության վարչության քննիչին, որի վարույթում է գտնվում իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին կանխամտածված սնանկության տանելու փաստով հարուցված քրեական գործը։
Սևակը Արցախից «բարի կամքով վտարված» այն անձն է, ով բարոյական իրավունք չունի ինձ «ագահ» անվանել և իրավասու չէ իմ կողմից կատարված ներդրումների վերաբերյալ անհիմն ու անհեթեթ հայտարարություններ կատարելու պատրվակով իմ գրպանի պարունակությունը «շոշափելու» փորձ կատարել: Իմ գումարները, ի տարբերություն Սևակի և Վլադի նման «ստվերային միլիոնատերերի», պահվում են բանկում և դրանց շարժն արտացոլվում է օրինական գործարքների վերաբերյալ բանկային քաղվածքներում, որոնք իմ կողմից ներկայացվել են Լևոն Սարգսյանի կողմից մատնանշված մասնագետին, որն էլ Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33/1 հասցեների շինարարության և տարածքների օտարման դրամական շարժի վերաբերյալ կազմել և կողմերիս է ներկայացրել համապատասխան հաշվետվություն:
Եթե Սևակը անձամբ է տեսել այդ հաշվետվության իրական հաշվարկը, ապա դրանում արձանագրված է, որ իմ ներդրումները կազմում են $4,324.737, որից $1,600.000 վճարել եմ միայն շենքի և կից շինության ներկայիս տարածքի համար, իսկ Վլադիսլավ Մանգասարյանի «ներդրումը» կազմել է $405.382, սակայն, ինչպես Սևակի անունից ներկայացված նամակում է նշված, Վլադը ստացել է առնվազն $11,000.000, որից, $4,500.000 ծախսվել է շինարարության վրա, մնացած գումարը յուրացվել է, իսկ շինարարությունն անավարտ է:
Որտե՞ղ է $6,500.000-ը: Սևակն ինչպե՞ս է տիրացել Մաշտոցի 33ա հասցեի 1708քմ մակերեսով շինությանը:
Ըստ Սևակի կանխատեսումների, $11,000.000 է ծախսվել շենքի շինարարության վրա, ինչը յուրաքնչյուր շինարարի ծիծաղը կառաջացնի: Ես կարծում եմ Վլադն ու մյուս գործընկերները Սևակին բանավոր հայտնել են ինչ որ հաշվարկների մասին և նրան օգտագործել են իմ դեմ ստահոդ հոդված գրելու համար, որը առաջին հերթին հենց Սևակին է վնասելու:
Սևակը չի գիտակցում, որ ստահոդ հոդվածի տակ իր անունը նշելով, նա ակամա «քցող խմբի քաջ մարտիկի» դերն է ստանձնել։ Կարծիք է ստեղծվում որ իշխանական վարագույրի հետևում թաքնված իմ համար նախկին,իսկ Սևակի համար ներկայիս «գործընկերները» չհանդգնեցին անձամբ ստահոդ հայտարարություն անել և հոդվածագրի մեկ այլ թեկնածու չգտնելով, Սևակին վարագույրից ետևից հանպատրաստի դեպի բեմահարթակ հրեցին:
Քանի որ գիտեմ իմ նախկին գործընկերների գործելաոճը, վստահ եմ որ ամիսներ անց, երբ նրանք Սևակի ձեռքից կխլեն Դավթաշենի IV թաղամասի 45/7 հասցեի կիսակառույցը, ՊԵԿ-ում քննվող գործերով Սևակին մեղադրանք կառաջադրվի, այդ ժամանակ Սևակը կսթափվի և իր համար կպարզի, որ ինքն այդ խմբի լիարժեք անդամ չի հանդիսացել` նրանց համար յուրային չէ: Այդ ժամանակ, մեն մենակ մնալով իր բացասական վարկանիշի հետ և որևէ մեկը չի ցանկանա նրան օգնության ձեռք մեկնել, այդ թվում Երեւանի Վերֆելի 20 հասցեի սեփականատեր ֆրանսահայ գործատուն, որը Սևակի ով լինելը դեռևս չգիտի, սակայն մոտ օրերս կտեղեկացվի։
Ես վերջին մեկ տարվա ընթացքում հինգ անգամ ժամանել եմ Հայաստան, հանդիպել Վլադին, Ղևոնդին, Լևոն Սարգսյանին և որոշ գնորդներին: Վերջին անգամ այս տարի գարնան եմ եղել Հայաստանում, ներկայացել եմ ՊԵԿ և իմ կողմից ներկայացված դիմումի կապակցությամբ լրացուցիչ բացատրություն եմ տվել, հանդիպել եմ սնանկության գործով կառավարչին, այլ անձանց, սակայն նրա այժմյան գործընկերները, ջայլամի դիրք ընդունելով, կենտրոնի դատարանի հովանավորությամբ զբաղված էին սնանկ ճանաչված ընկերության մնացած գույքի թալանի ծրագրերի իրականացնելով:
Նրանք խուսափեցին ինձ հետ դեմ առ դեմ հանդիպել, քանի որ արդեն պատրաստ էր ֆինանսական հաշվետվությունը, համաձայն որի` նրանք ինձ միլիոնավոր դոլարներ պետք է վերադարձնեին և մեկ տասնյակից ավել սեփականության վկայականներ տրամադրեին գնորդներին, որոնց հետ մշտական կապի մեջ եմ:
Ի տարբերություն այդ թալանչիների, ես որևէ մեկից չեմ թաքնվում, այն ինչ իրենք երբեք չեն կարող վայելել: Ես «ԱՄՆ չեմ փախել», ԱՄՆ-ում բնակվում եմ և «ԱՄՆ փախնելու» մասին վլադական արտահայտությունը արդեն երկու տարի է շրջանառության մեջ է, և դրանով փորձում են ոտնահարել իմ պատիվ, այն` ինչը ինձնից չկարողացան խլել հրոսակախմբի անդամները:
Անցյալում հայտարարել եմ, և նորից եմ հայտարարում` կատարվել է թալան և այն չեն կարող կոծկել ոչ իշխանական բարձունքներում, ոչ դատարան-դատախազություններում:
Մեղավորները պատժվելու են:
Եթե ես ավելորդ գումար տարած լինեի, համոզված եմ, որ ամիսներ առաջ ինձ բերման ենթարկած կլինեին և կալանավորած:
Իսկ այս պահին կարծես թէ փախածի կարգավիճակում հենց Սևակն է գտնվում և, որպես «նոր ժամանակների օլիգարխ հասարակական գործիչ», սակայն իրականում` ահից շրջում է թիկնապահերի պաշտպանության ներքո։
Ես, ցանկացած պահի, ցանկացած անձի հետ կարող եմ հանդիպել և Հայաստանում, և Արցախում և այլուր։
Հ.Գ. Իմ փաստաբաններին հրահանգել եմ «ՀԵՏՔ»-ին ներկայացնելու յուրաքանչյուր փաստաթուղթ իմ ներդրած և ստացած գումարների վերաբերյալ: Հետևապես, Սևակից (Արզարունի կամ Արծրունի) պահանջում եմ իր հայտարարությունը փաստող հիմքերի տրամադրումը «ՀԵՏՔ»-ին և «ՀԵՏՔ»-ը թող իր դիրքորոշումն հայտնի հրապարակման միջոցով: Եթե հիմնավորող փաստաթղթեր չներկայացնի Սևակը, ապա պահանջում եմ, որ հրապարակավ ներողություն խնդրի ինձնից իր ստերի համար:
Էդմոնդ Խուդյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել