Նիկոլ Փաշինյան. «Ազատության հրապարակում «հայտնաբերված» զենքերը ոստիկաններն են բերել»
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը այսօր ցուցմունք է տալիս և ներկայացնում է նախընտրական ու հետընտական իրավիճակը Հայաստանում: «Հայաստանում մեկնարկել էր զանգվածային հետապնդման իրավիճակ»,- բնութագրեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց թվարկել ընտրությունների նախօրեին և ընտրությունների ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումները, մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանի, Սմբատ Այվազյանի, Արամ Կարապետյանի, Սուրեն Սուրենյանցի և մի շարք այլ անձանց նկատմամբ հարուցված քերական գործերը:
Հետապնդումների նպատակը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կեղծված ընտրությունների նկատմամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնող անձանց ահաբեկելն էր և ցույց տալը, որ սահմանադրական իրավունքի համար պայքարելը Հայաստանում հետապնդելի է:
Նա անդրադարձավ նաև ընտրություններին մամուլի արձանագրած խախտումներին, տեղամասերում լցոնումներին, ծեծի և ահաբեկման դեպքերին: «Հոկտեմբերի 23-ին սկսված բռնությունները չեն դադարել նաև ընտրությունների օրը և ընտրությունների արդյունքները սրբագրելու ժամանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական ժամանակի» խմբագիրը նաև անդրադարձավ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցներին և նշեց, որ ոչ մի կասկած չկա, որ Ազատության հրապարակում «հայտնաբերված» զենքերը ոստիկաններն են բերել իրենց հետ:
«Ազատության հրապարակը ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի կամ Նիկոլ Փաշինյանի հողամասը չէ, և այստեղ «հայտնաբերված» որևէ բան չի կարող վերագրվել ընդդիմության որևէ ներկայացուցչի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց, որ Ազատության հրապարակ մուտք գործելու համար տոմսեր պետք չէին, առավել ևս ոստիկանությունը վերահսկում էր հրապարակի բոլոր մուտքներն ու ելքերը և ստուգումներ իրականացնում:
«Ո՞ւմ է պատկանում «հայտնաբերված» զենք-զինամթերքը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Եթե ընդդիմությունը այդ զինամթերքը կուտակել էր իշխանության դեմ, ինչո՞ւ մարտի 1-ին` առավոտյան, այն չկիրառեց: Չէ՞ որ բերել էին կիրառելու համար»:
Անդրադառնալով իր նկատմամբ փետրվարի 26-ից հետախուզում հայտարարելուն` Փաշինյանը նշեց, որ տարօրինակ է այն հանգամանքը, որ այն ժամանակ, երբ ինքը եղել է Ազատության հրապարակում, և բոլորը իմացել են իր գտնվելու վայրի մասին, ոստիկանությանը իր նկատմամբ հետախուզում է հայտարարել: «Ոստիկանությունը չէր կարող չիմանալ իմ գտնվելու վայրի մասին, քանի որ ես այդ օրերին շփվել եմ բազմաթիվ բարձրաստիճան ոստիկանների հետ»,- ասաց Փաշինյանը:
Այսօրվա դատական նիստին ներկա էր Հմայակ Հովհաննիսյանը, ով խոստացել է, որ հօգուտ Նիկել Փաշինյանի` դեկտեմբերի 28-ին կհանի իր թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքում կայանալիք պատգամավորական ընտրություններից:
Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է ցուցմունք տալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել