
Եթե ղարաբաղյան հարցում ոչ մի առաջխաղացում չլինի, Թուրքիան արձանագրությունները չի վավերացի: Այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Թուրքիայից ժամանած «Միլիեթ» օրաթերթի սյունակագիր Բադրի Գյուրսան: Միևնույն ժամանակ թուրք լրագրողը նշեց, որ հնարավոր է առաջիկայում ի հայտ գան այնպիսի պայմաններ, որից ելնելով Թուրքիան վավերացնի արձանագրությունները: Իսկ քանի դեռ Ադրբեջանի գործոնը կա, արձանագրությունները փակուղում են հայտնվել:
Լրագրողների դիտարկամը, թե հնարավոր է արդյոք, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման ճնշումը պատճառ դառնա Թուրքիայում արձանագրություննեի վավերացմանը` առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը, CNN Turk լրատվականի խորհրդատու Ֆերհատ Բորաթաֆը չբացառեց:
Սակայն դիտարկմանը, թե ինչպես հասկանալ մշտապես հնչող «առանց նախապայմանների» արձանագրությունների վավերացումը, Բադրի Գյուրսան պատասխանեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կապերը խնդրահարույց են, և, իհարկե, արձանագրություններն իրենք ընդունում են որպես առանց նախապայմանների, բայց իրական կյանքն ուրիշ է:
«Մյուս կողմից ես կնախընտրեի, որ ղարաբաղյան խնդրի հարցադրում չլիներ արձանագրությունների վավերացման գործում, բայց թուրքական կառավարությունը ճնշումների ներքո պարտավորված է զգում առաջ քաշել Ղարաբաղի հարցը: Ճնշումները թե´ Ադրբեջանի կողմից են, թե´ հասարակության»,- ասաց լրագրողը:
«Թուրքիան և Հայաստանը մեկ զույգ չեն, որը տանգո է պարում, սա մի տարօրինակ պար է, որտեղ 5 հոգի են տանգո պարում: Այս խնդրում ընդգրկված են նաև Ամերիկան ու Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը: Թուրքիան չէր սպասում, որ Ադրբեջանը նման արձագանք կտա այս խնդրում: Թուրքիան և Ադրբեջանը մի մեծ խաղի խաղացողներ են, որը կոչվում է Արևելք-Արևմուտք էներգիայի առանցք: Սկզբում ոչ ոք չէր երևակայում, որ Ադրբեջանը կարող է ասել, որ կհեռանա այդ խաղից: Ոչ միայն Թուրքիան, այլ նաև ԱՄՆ-ն է ուզում, որ Ադրբեջանը մնա այս խաղում»,- մանրամասնեց CNN Turk լրատվականի խորհրդատուն:
Նա նաև արձանագրեց, որ եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Սփյուռքին, որը նույնպես ընդդիմանում էր արձանագրությունների ստրորագրմանը, ապա Թուրքիային մինչ օրս չի հաջողվել համոզել Ադրբեջանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել