HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելը պատվաբեր է համարվում արտասահմանում

«Մենք ուզում ենք կրթության հովանավորչությունը դարձնել պատվաբեր, որ եթե որևէ գործարար, ասենք, ունի 3 երեխա, ևս մի երեխայի կրթություն ստանձնի և պատիվ զգա, որովհետև մենք այդ գործարարին տալիս ենք աստղ, մենք այդ գործարարին տալիս ենք պատմություն. ինքը դառնալու է ապագայում մի մեծ մարդու հովանավոր, հոգևոր հայր: Սա շատ պատվաբեր է»,- այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրը «Այբ» կրթական հանգույցի ստեղծումն է, որը լինելու է դպրոցական ավան և հայկական դպրոցի նախատիպ: Դպրոցը լինելու է եռաստիճան` տարրական, միջին և ավագ դպրոց, և 810 աշակերտ է ունենալու: Ուսուցիչները և աշակերտները ընտրվելու են մրցութային կարգով: Դպրոցում ուսուցումը վճարովի է լինելու: Միաժամանակ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նշեց, որ երեխան դպրոց է ընդունվելու` անկախ նրանից ծնողը վճարունա՞կ է, թե՞ ոչ: Ծնողների` վճարունակ լինելու հարցով ընդունող հանձնաժողովը չի զբաղվելու. մեկ այլ հանձնաժողով է զբաղվելու: «Այբ» կրթական ակումբը դիմել է կրթության մեջ ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարների, տարբեր հաստատությունների և այս տարի մոտ 200 հզ. դոլարի կրթաթոշակ է տրամադրել 16 հայ աշակերտի, որ նրանք ուսումը շարունակեն արտասահմանի լավագույն հաստատություններում:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ եթե որևէ մեկը ընդունվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), ապա կրթաթոշակ տրամադրող հաստատությունները հերթ են կանգնում այդ ուսանողի ծախսերը հոգալու համար և դա պատիվ են համարում: «Մենք էլ` որպես հասարակություն, պետք է կարողանանք մեր արժեքները ճիշտ դասավորել: Եվ ես կարծում եմ` եթե այս ամենը ճիշտ կազմակերպված լինի, մեր փորձառությունը ցույց է տալիս, որ դա լրիվ հնարավոր է»,- ասաց նա: Տեր Մեսրոպը օրինակ բերեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Թովմասյանին, ում մասին «Հետքը» գրել է («Նարեկն ընդունվել է Սթենֆորդի համալսարան. գրավի պատճառով նրա ուսումը վտանգված է»): Տեր Մեսրոպն ասաց, որ Սթենֆորդի համալսարանից խիստ նամակ էր եկել այն մասին, որ «10 օր ժամանակ է մնացել. եթե 50 հզ. դոլարը մինչև այս ինչ օրը չվճարվեց, ինքը կորցնում է շանսը` այնտեղ սովորելու»:

«Գյուղից եկած մի երեխա: Հայրը զոհվել էր մի քանի տարի առաջ, մայրը` բժշկուհի, բայց այստեղ ինչ-որ առևտուր է անում ընտանիքին պահելու համար: Ես ուղղակի նամակ գրեցի մեր ընկերներին` ասելով, որ «գիտեք, մենք հետո իրար երեսի չենք կարողանալու նայել, եթե այս երեխան զրկվի Սթենֆորդ գնալու հնարավորությունից»: Մեկ շաբաթվա ընթացքում հավաքվեց 200 հզ., այսինքն` մարդիկ ամեն տարի խոստացան, ասենք, հազարական դոլարով մասնակցել»,- ասաց Տեր Մեսրոպը: Նա հավելեց, որ գումար տրամադրած բոլոր բարերարները ցանկանում են, որ կրթաթոշակների տրամադրումը դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և նշում են, որ մենք` որպես ժողովուրդ, ունենք կրթությունը հովանավորելու մեծ ներուժ:

«Այսինքն` համապատասխան աշխատանքի դեպքում մենք կհասնենք դրան և կկարողանանք հովանավորել կրթությունը: Մի խոսքով` վճարելու է նա, ով կարող է վճարել, իսկ ով չի կարող վճարել, նրա համար տրվում են կրթաթոշակներ, և ֆիզիկապես դպրոցի բյուջե մտնում է այնքան փող, ինչքան նախատեսված է մտնել: Դպրոցը բարեգործությամբ չի զբաղվում: Այլապես երբեք, նամանավանդ այսօրվա մեր իրականության մեջ կրթության խնդիրներով չի կարող զբաղվել: Դպրոցը պետք է իր գործերը կատարի: Բարեգործություն անողն էլ պիտի բարեգործությամբ զբաղվի»,- Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter