Տեղի կունենա Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջին համաշխարհային ցուցահանդեսը
Սեպտեմբերի 21-ին` ժամը 12.30 «Մարիոթ» հյուրանոցում կբացվի Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) առաջին համաշխարհային ցուցահանդեսը:
Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացնում է AJA առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանամյա տարեդարձին:
Անդրանիկ ցուցահանդեսը բովանդակությամբ բարեգործական ուղղվածությամբ միջոցառում է, որին մասնակցելու են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից:
Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ: “Yerevan Show”-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել մեր հայրենակիցներին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ , ինչպիսիք են «Էստետը», Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery և մի շարք այլ հայտնի ընկերություններ: AJA ցուցահանդեսին հատուկ ներկայացված են լինելու նաև հայաստանյան ոսկերչական ընկերությունները:
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովը, որին ՀՀ կառավարության և հայ ոսկերչական հայտնի ընկերություների ներկայացուցիչները ներկայացնելու են ՀՀ նախագահի հավանությանն արժանացած` Հայաստանում ստեղծված և ստեղծվելիք Ազատ տնտեսական գոտիներում ոսկերչական ընկերություների հնարավոր ներգրավվածության ծրագրի նախագիծը: Այս հավաքը հնարավորություն կտա ոչ միայն ճանաչել միմյանց և ամրապնդել կապերն աշխարհասփյուռ հայ ոսկերիչների միջեւ, այլև կցուցադրի արդի հայ ոսկերչության ձեռքբերումները եւ կդառնա նոր գործարար շահավետ կապերի սկիզբ: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել