Նազիկ Ավդալյան. «Կարելի է համատեղել ծանրաձողն ու կանացիությունը»
«Ես իմ ուրախությունն այդ պահին կիսում էի հայ ազգի հետ, այդ պահին ես իսկապես ուրախ ու հպարտ էի նրա համար, որ կարողացա բարձրացնել ծանրաձողն ու երջանկություն պարգևել մեր ժողովրդին»,- ահա այսպիսի զգացողություն է ունեցել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն անմիջապես չեմպիոն դառնալուց հետո:
«Դե ֆակտո» ակումբն այսօր հյուրընկալել էր ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին և հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանին:
Նազիկն ասաց, որ ուզում է իր քաշային կարգը բարձրացնել ու հանդես գալ 75 կգ կարգում: «Մի քիչ խնդիրներ կան, դժվար եմ քաշ գցում»,- ասաց նա:
Նազիկը վստահեցնում է, որ կարելի է համատեղել ծանրաձողն ու կանացիությունը: Չեմպիոնուհին ամուսնանալու նպատակ առայժմ չունի. «Այժմ այդ թեմայով ընդհանրապես խոսել չեմ ուզում, քանի որ հիմա իմ գլխավոր նպատակը սպորտն է: Սպորտը մեծ զոհաբերություններ է պահանջում»,- ասաց նա` հավելելով, որ հաղթանակի հետ կապված կրքերը հանդարտվել են, ու ինքն արդեն պատրաստ է շարունակել մարզումները:
Հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշեց, որ աղջիկների ծանրամարտը Հայաստանում համարվում է երիտասարդ սպորտաձև, այն կազմավորվել է 2000թ.-ին:
«Դա շատ փոքր ժամանակահատված է, բայց այդ ընթացքում հայուհիներն ապացուցեցին, որ կարող են աշխարհում առաջինը լինել: Թող սա խթան հանդիսանա, որ աղջիկների ծանրամարտն ավելի մասսայական դառնա»,- ասաց նա:
Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն էլ նշեց, որ Նազիկի հաղթանակը ամբողջ հայ ազգինն է: Իսկ նրա` չեմպիոն լինելը համատեղ աշխատանքի արդյունք է:
Ֆեդերացիայի նախագահը, ներկայացնելով Կորեայում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկներին, ասաց, որ բոլորից շատ գոհ է:
«69 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանն էր, ով Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո նվաճեց արծաթե մեդալ: Մարզչի հետ միասին որոշել ենք նրա քաշը տեղափոխել 77 կգ: Նա երիտասարդ է, աճելու տեղ ունի, իսկ առջևում օլիմպիական խաղերն են:
77կգ-ում Տիգրան Մարտիրոսյանն էր, ով բրոնզե մեդալ նվաճեց ու լավ արդյունք ցույց տվեց: Տիգրանի համար սա առաջին ստուգատեսն էր այս քաշային կարգում:
63 կգ կարգում Մելինե Դալուզյանը օլիմպիական խաղերից առաջ ծանր հիվանդացավ, ու այս տարի 3-4 ամսվա մեջ հազիվ կարողացավ վերականգնվել, ու 105 կգ բարձրացնելը ցույց տվեց, որ նա կարող է շարունակել իր ելույթները:
Տիգրան Մարտիրոսյանը, ով փոքր արծաթ նվաճեց, մեջքի վնասվածք ուներ, ու չթողեցինք հրում վարժությանը մասնակցել:
Գևորգ Պողոսյանը գերազանց էր: Նա 4-րդն էր:
Մյուս մասնակիցը, Հռիփսիմե Խուրշուդյանը մի քիչ թյուրիմածության մեջ գցեց: Մի քիչ շտապեց, հոգեբանական խուճապ կար: Բացի այդ, 5-6 կգ քաշ գցելուց հետո ուսի ցավը զգացնել տվեց, որի մասին Հռիփսիմեն նախապես չէր ասել: Բայց աշխարհի երրրոդ մրցանակիր լինելն էլ ես հիանալի եմ գնահատում»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել