«Թուրքիան ստուգատեսի տակ է, և այդ թեստը կանրադառնա նաև Ամերիկայի ու Ռուսաստանի հետ նրա ունեցած հարաբերությունների վրա»
«Թուրքական ռազմավարությունը, թվում է` սպասում է մինչև փետրվար-մարտ, որպեսզի օգտագործի արձանագրություններն ամերիկացիներին ճնշելու համար` ցեղասպանությունը չճանաչելու հարցում: Բայց Վաշինգտոնում երկուշաբթի կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ Օբամայի վարչակազմը կօգտագործի ցեղասպանության խնդիրը Թուրքիային դրդելու ոչ միայն արձանագրությունները վավերացնելու, այլև Հայաստանի հետ սահմանը բացվելուց հետո այն չփակելու հարցում»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Որովհետև արձանագրություններում չկա որևէ կետ, որը պատիժ կսահմանի այս կամ այն կետը չկատարելու համար: Եթե Թուրքիան հանկարծ սահմանը բացի, բայց հաջորդ օրը նորից փակի, ոչ մի պատիժ չկա»,- մանրամասնում է քաղաքագետը:
Սակայն մյուս կողմից, ըստ բանախոսի, արձանագրությունների վավերացումից ու դրա պահանջների կատարումից է կախված Թուրքիայի հեղինակությունը: Նա կարող է դառնալ ոչ անկեղծ ու անվստահելի երկիր ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության համար. «Այլ կերպ ասած` Թուրքիան ստուգատեսի տակ է, և այդ թեստը կանրադառնա նաև Ամերիկայի ու Ռուսաստանի հետ նրա ունեցած հարաբերությունների վրա: Քանի որ սա տարածաշրջանում առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Եվրոպան համաձայնության մեջ են` պահանջելով Թուրքիայից բացել Հայաստանի հետ սահմանը»:
Կիրակոսյանի կարծիքով` ստուգատեսի տակ է նաև Հայաստանը, և կարևորն այն է, թե Թուրքիայի հետ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ համար ինչ գին է ունենալու:
«Ինձ ավելի շատ անհանգստացնում է մեկ այլ հարց. արձանագրությունների, հայ-թուրքական հարաբերությունների ապագան վտանգավոր կերպով կապված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից: Դա մի բան է, որի վրա ոչ ոք ազդեցություն ունենալ չի կարող: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց 1915-ին, երբ հայերի ապագան կապված էր Թուրքիայի ներքին քաղաքականությունից: Այսինքն` Հայաստանը չպետք է հույս դնի որևէ երկրի` Ամերիկայի կամ Ռուսաստանի խոստումների վրա»,- ասում է քաղաքագետը:
Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար հայկական կողմը որոշակի տարածքներ զիջի Ադրբեջանին: Ռիչարդ Կիրակոսյանի պատասխանը բացասական է, որովհետև, նախ` «Թուրքիան արդեն իսկ կորցրել է Ադրբեջանին, երկրորդ` դա մեր իշխանությունների համար կլիներ քաղաքական ինքնասպանություն` արձանագրություններից հետո Ղարաբաղի հարցում մեծ կոմպրոմիսի գնալ: Տարածքների հետ կապված իրավիճակը տարածաշրջանում կմնա նույնը»:
«Նույնիսկ ամենադեբիլ ամերիկացի վերլուծաբանը գիտի, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի հետ: Անկարելի է»,- եզրափակեց քաղաքագետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել