Ըստ Է.Նալբանդյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ հեղինակություն կտուժի, եթե Ադրբեջանն ընտրվի ԱԽ ոչ մշտական անդամ
Ադրբեջանի հնարավոր ընտրվելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ որևէ բան չի ավելացնի Անվտանգության խորհրդի հեղինակությանը, եթե ոչ հակառակը: Այս մասին այսօր՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Անդամ երկրների պատասխանատվության հարցն է՝ արդյոք իրենց ձայնը կտան Ադրբեջանին, թե ոչ»,- ասել է նա:
Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր նպատակը և խնդիրը խաղաղության հաստատումն է, պահպանումը և ամրապնդումը, իսկ Ադրբեջանը սպառնում է խաղաղությանը:
«Շատերի մոտ հարցեր են ծագում, թե մի երկիր, որն իր ռազմատենչ քաղաքականությամբ, իր պատերազմի քարոզչությամբ, մի երկիր, որի ղեկավարությունը պարծենում է, որ 6 տարում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, մի երկիր, որն ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է իր քաղաքականության կարևոր մաս և փաստորեն սպառնում է հենց խաղաղությանը, ինչպես կարող է հավակնել Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալ»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու դեպքում այլ հարցեր էլ են ծագում:
«Օրինակ'Ադրբեջանը, որը բանակցություններ է վարում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքման վերաբերյալ և Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու արշավում պայքարում է, դեմ է դուրս եկել Եվրամիության երկու անդամ երկրի՝ Սլովենիայի և Հունգարիայի դեմ' ասելով, որ Եվրամիության անդամները չեն կարող ավելի լավ կատարել այն, ինչ Ադրբեջանը կարող է կատարել»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել