HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլիցիայի դպրոցն ավարտած վկան չտարբերեց զրահամեքենան` ջրցանից

19_11-PashinyanՇարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Այսօր հարցաննքվեցին Ոստիկանության Արմավիրի մարզի աշխատակիցները: Վկա Թոռնիկ Պողոսյանը պատմեց, որ իրենք հրահանգ են ստացել ուղևորվել Երևան` քաղաքապետարանի մոտ և պաշտպանել հասարակական կարգը: Ժամը 12-ից հետո հասել են Մյասնիկյանի արձանի մոտ: Այնտեղ տեսել են Ալեքսանդր Աֆյանին, Աշոտ Գիզիրյանին` Դավիթ Շահնազարյանի հետ բանակցելիս: Դրանից հետո Դ. Շահնազարյանը բարձրախոսով հայտարարել է, որ շարժվում են դեպի մատենադարան: Սակայն ժողովուրդը չի շարժվել դեպի մատենադարան, քանի որ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարել է, որ «ոչ մի տեղ չգնան, զինվեն` ինչով կարող են»: «Հետո ժողովուրդը մեզ վրա քարեր էր նետում, մենք մտանք քաղաքապետարանի շենք: Մինչև առավոտ մնացել ենք այնտեղ, իսկ առավոտյան, երբ դուրս եկանք, արդեն ամեն ինչ պրծել էր, տեսանք այրված մեքենաներ»,- պատմեց վկան: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանին մոտեցել է Ռուստատանի դեսպանատան կողմից` մի խումբ երիտասարդների հետ: «Նիկոլ Փաշինյանը բղավում էր` պայքար, պայքար մինչև վերջ»,-ասաց նա: Հաջորդ վկան` Զավեն Օհանյանը ևս լսել է Նիկոլ Փաշինյանի ելույթից հատված, որտեղ նա ասել է` որ ոչ մի տեղ չգնան, մնան տարածքում ` «պայքարելու են մինչև վերջ, և որ բարիկադներ պետք է կառուցեն»: Վկան վստահորեն ասաց, որ չի տեսել ոստիկաններին բռնություն կիրառելիս,  նույնիսկ չի տեսել զինված ոստիկանների: Իսկ իրենց մոտ եղել է միայն ռետինե մահակ, վահան ու սաղավարտ: Նա ևս եղել է քաղաքապետարանի ներսում և այնտեղից տեսել, թե ինչ է կատարվում դրսում. «Աննկարագրելի բան էր տեղի ունենում, տենց բան չէի տեսել»,-պատմեց վկան: «Ինչ էր տեղի ունենում»,- Լուսինե Սահակյանի հարցին վկան պատասխանեց. «Զանգվածային անկարգություններ», սակայն դժվարացավ պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում «զանգվածային անկարգությունը»: Քաղաքապետարանի շենքի ներսում գտնվելու ժամանակ տեսել է Նիկոլ Փաշինյանին` տարբեր տեղերում, բայց թե ինչ է բարձրախոսով ասել, չի լսել. «Ոնց որ հրահանգներ էր տալիս»: Զավեն Օհանյանը փաստաբանի հարցերին պատասխանելիս ասաց, որ քաղաքապետարանի մոտ տեսել է զրահամեքենա: Սակայն քիչ անց, պարզվեց, որ այն ջրցան մեքենա է եղել, քանի որ «լուկ» է ունեցել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի հստակեցնող հարցերին, թե, այնուամենայնիվ, զրահամեքենա`«БТР» էր վկայի տեսածը, թե ջրցան մեքենա,  վկան այդպես էլ չտարբերեց, չնայած խոստովանեց, որ բարձրագույն կրթություն ունի և ավարտել է Միլիցիայի դպրոցը: Նա բանակում էլ չի ծառայել: Նույնաբովանդակ վկայություն տվեց նաև Ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամորի բաժանմունքի աշխատակից Կարեն Մկրտչյանը: Նա տեսել էր, թե ինչպես է այրվել Բաղրամյանի բաժանմունքի «Վիլիս» ավտոմեքենան: Նույնպես քաղաքապետարանում դարանակալած խմբից էր: Եթե առաջին վկան Նիկոլ Փաշինյանին տեսել էր ՌԴ դեսպանատան ուղղությունից մոտենալիս, ապա Կարեն Մկրտչյանը տեսել է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին Հրապարակի կողմից ձեռքերի վրա մի խումբ երիտասարդներ մոտեցրել Մյասնիկյանի հարթակին: «Նիկոլ Փաշինյանն ասում էր` «զինվեք փայտե մահակներով, ինչպես կարող եք, պատնեշներ սարքեք»»,-պատմեց վկան: Սակայն թե ինչի համար էր Փաշինյանը նման կոչեր անում, վկան` «չի հասկացել, թե ինչի համար»: Դատական նիստն ընդմիջվեց  մյուս վկաներին ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter