HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրա համար ստեղծագործելու նյութ է դառնում աղբը

k-asatryan_17.11.09Կոկոսի կեղեւից` պայուսակ, խնձորի կորիզներից` վզնոց, թելից` մատանի, դարչինի ծառի կեղեւից` ականջօղ, ավազից` ծաղկաման, նարնջի կեղեւներից` ծաղիկներ, թեւնոց` ապակուց, կոլլաժներ` արված ռետինե խողովակից... Նկարչուհի Կարինե Առուստամյանի ստեղծագործությունների թեման անսպառ է. նա ստեղծագործելիս օգտագործում է ցանկացած նյութ:

karine-art_17.11.09Մանրանկարչական բծախնդրությամբ  արված նրա բոլոր գործերում  կարելի է տեսնել ե'ւ կոտրված ափսեի մասեր, ե'ւ նարդու քարեր, ե'ւ շշեր, ե'ւ հնացած կաշվե պայուսակ եւ այլն: Հիմնականում օգտագործում է այն ամենը ինչ մարդիկ աղբ են համարում: «Բաժակը օգտագործվում է կենցաղում. կոտրվելուց հետո այն համարվում է աղբ, բայց  ես դրան  իբրեւ աղբի չեմ մոտենում, ավելի ճիշտ իմ վերաբերմունքը դրանից հետո տվյալ իրի նկատմամբ չի փոխվում: Եթե դրանից նախապես ստանում են որեւէ նյութ, ուրեմն դրանից հետո էլ կարելի է ստանել ուրիշ նյութ` վերափոխելով այն: Մարդիկ ուղղակի չեն մտածում: Ուտում են, մնացորդը դեն նետում, հին իրերը դեն նետում, մինչդեռ դրանք անընդհատ կիրառելի են: Այդ պատճառով էլ ես երբեք ոչինչ դեն չեմ գցում»,-ասում է Կարինեն: karine-art2_17.11.09Նախկինում նա  շատ է մասնակցել ցուցահանդեսների,  հիմա այլեւս չի մասնակցում. «Առաջարկներ շատ ունեմ, բայց բոլորը մերժում եմ: Էդ ամեն ինչը սուտ է, ես ապրում եմ ինձ համար: Իմ գործերը կան ու կլինեն ինձնից հետո, բայց  ես ապրում եմ ինձ համար, ստեղծագործում` էլի ինձ համար, ու դրա համար ես չեմ ուզում գնալ ինչ-որ տեղ ներկայանալ, համագործակցել եւ այլն»: Չնայած նկարչուհին չի մասնակցում ցուցահանդեսների, բայց  ինքը ոչ մի ցուցահանդես բաց չի թողնում. «Դրա շնորհիվ եմ իմանում` ինչքանով եմ աճել, զարգացել, համեմատելու, աճելու հնարավություն է տալիս, որովհետեւ եթե միայն քոնն ես նայում, չես զարգանում: Ամեն մի գործից, եթե նույնիսկ այն քեզ դուր չի գալիս, կարելի է նոր բան սովորել»: karine-art3_17.11.09 Նկարչուհին ունի իր ձեռագիրը, նրա գործերը միշտ կարելի է տարբերել, սակայն պազվում է` դա Կարինեին այնքան էլ դուր չի գալիս. «Էս փաստին այնքան էլ դրական չեմ վերաբերվում, քանի որ կարծում եմ` նկարին նայելիս մարդ չպիտի իմանա` ով է նկարել: Սա էլ է կաղապարում, սրա արդյունքում կորցնում ես ոճդ փոխելու հնարավորությունը` դառնալով արդեն ընդունվածի  գերին»: karine-art7_17.11.09Կարինեի գործերում միշտ հեքիաթային տրամադրություն է, կերպարները ասես հեքիաթներից վերցված լինեն, եթե նույնիսկ վհուկներ են, ապա դրանք մեկ է նույնիսկ զվարճալի են, կատարված մեղմ, գունային  լուծումներով:  «Չեմ սիրում խոսել իմ նկարների մասին: Ինչքան շատ ես խոսում, այնքան հեռանում ես ճշմարտությունից, ավելի մոտենում արհեստականին, սկսում ես հնարել: Պետք չէ բացատրել, մեկնաբանել, դրանք ուղղակի նվերներ են. ի վերուստ տրված ընծաներ:  Նվերը չեն քննարկում, չէ՞,-բացատրում է Կարինեն: karine-art8_17.11.09Բնավորությամբ կենսախինդ Կարինեն որոշել է «թողնել» աշխարհը. «Ամեն մի կապող բանից ես հրաժարվել եմ, ուզում եմ ազատ լինել, ես դրան եմ ձգտում, ես միայն ստեղծագործում եմ, որովհետեւ չես կարող չլինել անկեղծ ու ինչ-որ բան նկարել. ստեղծագործել, նշանակում է լնել ազատ, անկեղծ, ու էլ ոչ մի բան ինձ համար կարեւոր չէ: Դրա համար էլ ես նախ երբեք սուտ չեմ ասում, ծայրահեղ դեպքում շրջանցում եմ: Ուզում  եմ թողնել աշխարհը, որ կարողանամ ազատվել: Ամեն ինչը կապում է ախարհին. ուտելիքը, եթե ապրելու համար չես ուտում, հագուստը, եթե այն անձնավորում ես, չգիտեմ, ամեն ինչ, մինչդեռ դա ճիշտ չէ, մենք ազատ ենք ծնվել: Նախկինում ես զարդամոլ էի, առանց իմ զարդերի տնից դուրս չէի գալիս, առանց իմ իրերի կարծես աղքատ լինեի, բայց հիմա ազատվել եմ, առանց դրանց ես ավելի ազատ եմ»: karine-art5_17.11.09Կարինեն հասարակական տրանսպորտից շատ քիչ է օգտվում, գերադասում է քայլել, հեռուստացույց չի դիտում, բուսակեր է: Իր ստեղծած կերպարների նման` նա էլ մի օր հագնում  է  արաբական, մի օր հնդկական, հայկական եւ այլ ազգերի տարազներ, որոնք եւս նրա ստեղծագործական մտքի արդյունքն են լինում: Իսկ ստեղծագործելու  համար, նրա ասելով, շատ բան պետք չէ. «Ուզածդ նյութով, որով կարող ես հետք թողնել, կարելի է նկարել, դե, կոլլաժների համար էլ նյութը հաստատ չի պակասում: Ներկերի վրա ես երբեք շատ գումար չեմ ծախսում:  Միշտ առնում եմ ամենաէժան ներկերը, որովհետեւ նկարի որակը որոշում է ոչ թե ներկը, այլ արդյունքը, իսկ կոլլաժների նյութը չի պակասում, ինչքան ասես` նյութ: Իրերն սկսում են ապրել միայն արվեստում, մնացած բոլոր դեպքերում դրանք պարզապես պետք է ծառայեն, ոչ թե ծառայեցնեն»:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter