Որոշ պարզաբանումներ Էդմոնդ Խուդյանի կարծեցյալ ներդրումների մասին
Նամակ «Հետքի» խմբագրությանը
Վերջին շրջանում Hetq.am կայքում շարունակական նյութեր են հրատարակվում Մաշտոցի 33Ա հասցեում գտնվող բարձրահարկ շենքի շինարարության մեջ Է. Խուդյանի կորցրած ներդրումների մասին: Որ Մաշտոցի բարձրահարկ շենքի շուրջ տեղի են ունեցել բավականին լուրջ խախտումներ, որ առկա են մեծ թվով տուժածներ, այդ թվում նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կարծում եմ` պարզ է բոլորին:
Նկատի ունենալով, որ քրեական գործի հետաքննություն է ընթանում, որ շենքի և նրա հետ առնչված հիմնարկների և անհատների գործունեության կապակցությամբ բազմաթիվ տնտեսական վեճեր են առաջ եկել՝ ձեռնպահ եմ մնում սնանկացման պատասխանատուների մասին կարծիք արտահայտելուց:
Սակայն «Հետք»-ի կողմից պարոն Է. Խուդյանի՝ որպես «ամերիկահայ ներդրողի» իբր թե կորցրած ներդրումները պաշտպանելու առնչությամբ չեմ կարող զարմանքս չհայտնել:
«Հետք»-ի շարունակական հրապարակումները նպատակ են հետապնդում հայ հանրության մոտ կարծիք ձևավորել առ այն, որ Է. Խուդյանը մի պարկեշտ ամերիկահայ ներդրող է, որը գալով Հայաստան, մեծ գումարներ է ներդրել հայկական տնտեսության մեջ, իսկ Հայաստանում մի խումբ անպարկեշտ անձնավորություններ նրան ծուղակն են գցել և յուրացրել այդ ներդրումները:
Սակայն փաստերը այլ բան են ապացուցում: Իմ մոտ առկա է մի փաստաթուղթ Վ. Մանգասարյանի, Է. Խուդյանի և Է. Եսայանի միջև բանակցված մի հաշվեկշռի վերաբերյալ, որը հստակորեն ապացուցում է, որ պարոն Է. Խուդյանը այս շենքի և շինարարության ծրագրի սնանկացման պատճառներից մեկն է:
Այսպես. բոլոր մասնակիցների կողմից պատրաստված աղյուսակը ապացուցում է, որ բնակարանների վաճառքներից ձևավորված եկամուտներից Վ. Մանգասարյանի ու Է. Եսայանի տնօրինության տակ եղել է համարյա 11,000,000 ԱՄՆ դոլար, իսկ Է. Խուդյանը բնակարանների վաճառքից պահել է առնվազն 2,000,000 ԱՄՆ դոլար:
Այս երկու միլիոն դոլարից բացի, տարբեր բանկերից ստացված մոտ 2,000,000 դոլար գումար փոխանցվել է ԱՄՆ` Է. Խուդյանի հաշվին: Ավելին, Է. Եսայանի կողմից տարբեր ժամանակներում, մոտ 500,000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Է. Խուդյանին:
Այսպիսով, Է. Խուդյանն այս շենքից ստացել է մոտ 4,500,000 ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ: Մանգասարյանն ու Եսայանն իրենց ստացած գումարների մի զգալի մասը տրամադրել են շենքի կառուցման համար պահանջվող շինարարական, վարչարարական և այլ ծախսերի համար, որի ապացույցը շենքի առկայությունն է: Միևնույն ժամանակ, Խուդյանը իր ստացած 4,500,000 ԱՄՆ դոլարից և ոչ մի լումա չի հատկացրել շինարարությանը: Է. Խուդյանի միակ ներդրումը եղել է ընդամենը Մաշտոց 33 –ի հողամասի ձեռքբերման ժամանակ տրամադրված մոտ 500,000 ԱՄՆ դոլարը:
Այսինքն Է. Խուդյանը ներդրել է 500,000 ԱՄՆ դոլար և փոխարենը ստացել է 4,500,000 ԱՄՆ դոլար: Փաստորեն Է. Խուդյանը` իբր «Հայաստանում ծուղակն ընկած սփյուռքահայ ներդրող», իր ներդրած գումարից 9 անգամ ավելի շատ գումար է արդեն ստացել՝ ի հաշիվ այս շենքի բնակարանների վաճառքի և բանկերից ստացված վարկերի:
Արդ, «Հետք»-ի կողմից շարունակաբար պաշտպանվող այդ սփյուռքահայ ներդրողը խիստ կասկածելի և առնվազն ագահ անձնավորություն է, որը իր ներդրածի դիմաց արդեն ստացել է աներևակայելի շահույթ այն պայմաններում, երբ այդ շենքից ոչ գնորդներն են ստացել իրենց բնակարանները և ոչ էլ ՊԵԿ մարմինները` հարկերը:
Այն օրվանից, երբ գործընկերները, հաճախորդներն ու միջնորդները սկսել են Է. Խուդյանից պահանջել իր վերցրած գումարների մի մասը հետ բերել շենքը փրկելու համար, Խուդյանը փախել է ԱՄՆ և այնտեղից «տուժված ներդրողի» անվան տակ բամբասանքների, հերյուրանքների և ստերի միջոցով շարունակում է շանտաժի ենթարկել բոլորին՝ նախկին գործընկերներին, տուժած զոհերին և հարկային ու դատական մարմիններին:
Իսկ թե այս պղտոր ջրերում, ով ինչ ձուկ է ուզում բռնել... դա արդեն թողնում եմ ընթերցողների եզրակացությանը:
Սևակ Արծրունի, 2011թ. սեպտեմբերի 06, ք. Երևան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել