HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տարի ազատազրկում. դատավճիռը մնաց անփոփոխ

09_11-v_chakhalyan-1Հայաստանի սահմանը հատելու համար ջավախահայը դատապարտվել է

Հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ Ախալցխայի շրջանային դատարանի կայացրած դատավճիռը:

Վահագն Չախալյանը Ջավախքում, մասնավորապես` Ախալքալաքում հիմնել էր Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը (ՋԵՄՄ), որի ենթակայությամբ գործում էին Ախալքալաքի Երիտասարդական ռադիոն, մարզական ու մշակութային խմբակներ, «Քաջատուն» երիտասարդական թերթը եւ այլն: 2005-2006 թթ.-ին մի խումբ համախոհների հետ նա հիմնեց «Միասնական Ջավախք» քաղաքական դաշինքը: Նրա նախաձեռնությամբ Ախալքալաքում կազմակերպվում էին տարաբնույթ միջոցառումներ, քաղաքական հավաքներ, քննարկումներ, ինչպես նաեւ մարդաշատ հանրահավաքներ: Վահագն Չախալյանը ձերբակալվեց անցյալ տարվա հուլիսի 21-ին: Նրա ձերբակալմանը նախորդել էին հուլիսի 17-ին Ախալքալաքի Թամար թագուհու փողոցում, շրջանի ոստիկանապետի տան մոտակայքում հնչած պայթյունը, «Միասնական Ջավախքի» անդամ, Ախալքալաքի Սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանին այդ ամենում կասկածելը, մինչ օրս չպարզված հանգամանքներում երկու հայ ոստիկանների մահը, «Միասնական Ջավախքի» մի շարք ակտիվիստների ձերբակալությունները, այնուհետեւ` հետապնդումները: Հուլիսի 21-ին «Միասնական Ջավախքի» եւ Երիտասարդական ռադիոյի գրասենյակից, ինչպես նաեւ Վահագն Չախալյանի տնից «հայտնաբերվեց» ու առգրավվեց զենք: Վահագն Չախալյանը ձերբակալվեց, կալանավորվեցին նրա եղբայրը եւ հայրը: Վահագնի նկատմամբ առաջադրվեց մեղադրանք Վրաստանի Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերում կամ պահպանում, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում, ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն, խուլիգանություն` կատարված խմբակային համաձայնությամբ եւ պետական պաշտոնյայի նկատմամբ: Այս հոդվածների մի մասը կապված է 2006 թ. Վահագնի ծավալած քաղաքական գործունեության, մասնավորապես 2006-ի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների կեղծումները բողոքարկող ցույցի եւ 2006-ի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցած հանրահավաքի հետ: «Ինչպես 2006 թ.-ի մարտի 11-ի, այնպես էլ հոկտեմբերի 9-ի զանգվածային միջոցառումներին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնցից ոչ մեկին նախաքննության ընթացքում մեղադրանք չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ դատական նիստի ընթացքում տեսաերիզի վերարտադրության ժամանակ դատավարության մասնակիցներն ականատես եղան գործի քննությամբ չպարզված անհայտ անձանց կողմից պրովոկացիոն ելույթների ու գործողությունների փաստին»,- հիմնավորում է Չախալյանների գործում Հայաստանից ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Այս տարվա ապրիլի 7-ին Վահագնը Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի Քր. օր. 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Վահագնի հայրը` Ռուբեն Չախալյանը, մեղավոր ճանաչվեց զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության համար եւ տուգանվեց 5 000 լարի (շուրջ 1 մլն դրամ), իսկ եղբայրը` Արմեն Չախալյանը, մեղավոր ճանաչվեց միայն զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման հոդվածով: Նրա համար սահմանվեց տուգանք` 2 հազար լարի (մոտ 400 հազար դրամ): Ախալցխայի դատարանի դատավճիռը Չախալյանների պաշտպանները բողոքարկեցին վերադաս ատյանում: Սակայն այն որեւէ փոփոխության չենթարկվեց: Վերաքննիչում Չախալյանների տանից իբրեւ հայտնաբերված զենքերի փորձաքննությունը այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես են դրանք հայտնվել նրանց տանը: Անկախ, ոչ պետական փորձագիտական կենտրոնի եզրակացությամբ` ատրճանակի պատյանի եւ Վահագնի տաբատի միկրոմասնիկները համընկնում են: Իսկ մատնահետքեր չեն հայտնաբերվել: Փորձագիտական եզրակացության հիմնավորմամբ` հնարավոր է մատնահետքերը պահպանված չլինեին, քանի որ երկար ժամանակ է անցել: Չախալյանների դատավարություններում արձանագրվեցին մի շարք խախտումներ: Մասնավորապես այն, որ Վահագնին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինելու իր կողմից ընտրված ֆրանսահայ դատապաշտպան Պատրիկ Արապյանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի եւ անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին եւ նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքննման նպատակով հրավիրել առաջին ատյանի դատարանի կողմից չհարցաքննված որոշ վկաների, որոնք անմիջականորեն մասնակից են եղել այդ «անկարգություններին», ինչպես նաեւ անօրինական հիմքով մերժվել են բազմաթիվ այլ միջնորդություններ: «Վրացական արդարադատությունը գերադասեց արհամարհել հիմնավոր փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանի տանը եւ գրասենյակում 2008 թ.-ի հուլիսի 21-ին իբր հայտնաբերված զենք-զինամթերքը բերվել էր հենց նրանց տուն եւ գրասենյակ ներխուժած վրացական ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների կողմից, գ որ 2005-06 թթ., «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ ակտիվ մասնակցելու» եւ «խուլիգանություն» կատարելու մեղադրանքներն առաջադրվել են 2008 թ.-ի դեկտեմբերին` ջավախահայ գործչի ձերբակալությունից շուրջ 4 ամիս անց, եւ որ այդ մեղադրանքներն իրենց բնույթով իսկ քաղաքական են եւ հիմնված են Վահագն Չախալյանի` որպես ջավախահայության շահերը պաշտպանող գործչի` 2005-06 թթ. քաղաքական գործունեության փաստերի վրա, երբ հանրահավաքների ու բողոքի ակցիաների միջոցով հայ բնակչությունը առաջ էր քաշում իր լեզվական-կրթական, սոցիալ-մշակութային եւ կրոնական իրավունքներին առնչվող օրինական պահանջներ, իսկ 2006 թ.-ի հոկտեմբերի 9-ին բողոքում էր ՏԻՄ ընտրությունների կեղծման դեմ»,-արձանագրել են դատական նիստերին մասնակցող «Երկիր» միության ներկայացուցիչները: Թբիլիսիի մեկուսարանից Վահագն Չախալյանը «Հետքին» տված բացառիկ հարցազրույցում նշում է, թե հնարավոր է` «Միասնական Ջավախքի» ակտիվիստների նկատմամբ հալածանքների պատճառը մոտալուտ վրաց-օսական հակամարտությունն էր: Այսինքն` ակտիվիստներին լռեցնելու եւ Վրաստանի տարածքային ամբողջականությանը վտանգող մեկ այլ օջախ չունենալու` վրաց իշխանությունների մտայնությունը: «Մինչ օրս իմ մեկուսացման հետ կապված, գոնե ինձ համար այլ պատճառաբանություն չեմ կարողանում բերել: Ես դրանում ավելի համոզվեցի, երբ 2008 թ. օգոստոսի 7-ին գործը քննող քննչական խմբի անդամներից մեկն ինձ հայտարարեց, որ «այսօր երեկոյան Ցխինվալը գրավելուց հետո քո գործերը կուղարկենք դատարան եւ մինչեւ օգոստոսի վերջ դու կգնաս քո գործին, մենք` մեր»»-ասել է Վահագնը: Վահագնի փաստաբանը` Ստեփան Ոսկանյանը, հավաստիացրեց, որ մինչեւ նոյեմբերի 30-ը պաշտպանական կողմը կդիմի Վճռաբեկ դատարան: Եթե վերջնական ակտը եւս մնա անփոփոխ, կդիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Չախալյանին Հայաստանից վտարելու նախկին ոստիկանապետի որոշումն ապօրինի էր

Վահագնի գործունեությունը տարբեր շրջանակներ տարբեր կերպ են մեկնաբանում: Վրացական մամուլը նրան համարում է անջատողական` ուղղորդված ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Վրացի պաշտոնյաները ժխտում են Չախալյանին որպես հասարակական-քաղաքական գործչի դատապարտելու հանգամանքը` նրա գործողություններին բացառապես խուլիգանական բնույթ տալով: Մինչդեռ հայաստանյան մի շարք կազմակերպություններ եւ գործիչներ Չախալյանի ձերբակալությունը կապում են նրա գործունեության հետ: Հայկական մամուլում Վահագնին դիտարկում են որպես ջավախահայության իրավունքների ու շահերի պաշտպան, իսկ ինտերնետային ֆորումաբլոգային քննարկումներում առկա են նաեւ կարծիքներ նրա` Վրաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին: Վահագն Չախալյանը, ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանը եւ այլոք 2006 թ.-ի հոկտեմբերի 10-ին Երեւանում ենթարկվել են կազմակերպված հարձակման, ինչի արդյունքում ստանալով մարմնական ծանր վնասվածքներ` տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակվողները մինչ օրս բացահայտված չեն: Մինչդեռ Վահագն Չախալյանի նկատմամբ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցում ՀՀ Քր. օր. 329 հոդվածի առաջին մասով: Նրան մեղադրանք է առաջադրվում` 2006 թ.-ի հոկտեմբերի 10-ին Վրաստանից առանց սահմանված փաստաթղթի եւ շրջանցելով սահմանային հսկողությունը Հայաստանի պետական սահմանը հատելու համար: 2006 թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Չախալյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով: Պատիժը պայմանական չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով` անփոփոխ թողնելով քննությունն իրականացնող մարմնի «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը: Իսկ նոյեմբերի 30-ին` մինչեւ դատական ակտը, այսինքն` երբ քրեական գործը ենթակա էր դատական քննության, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Վահագնին ՀՀ-ից վարչական կարգով վտարելու որոշում է կայացրել: Դեկտեմբերի 4-ին` դատական վերջին նիստից հետո, Գյումրիից Երեւան ուղեւորվելիս, ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են Չախալյանի մեքենան, հարկադրաբար ու ծառայողական մեքենաների շարասյան ուղեկցությամբ նրան վտարել Հայաստանից: Չախալյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է նաեւ Վերաքննիչ դատարանում, սակայն դատավճիռը մնացել է անփոփոխ: Վահագն Չախալյանը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վտարման որոշումը: Դատավոր Գայանե Կարախանյանը 2007 թ. նոյեմբերի 9-ի վճռով մերժել է նրա դիմումը: ««ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ից կարող է վտարվել վարչական կարգով, եթե նրա գործունեությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, հասարակական կագին ու բարքերին, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Սակայն ոստիկանության պետի որոշման մեջ 32 հոդվածով նախատեսված որեւէ հիմնավորում, որն առիթ է հանդիսացել ՀՀ-ից նրան վարչական կարգով վտարելու, նշված չէ»,- հիմնավորում է Վ. Չախալյանի շահերը հայաստանյան դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Չախալյանը բողոքարկել է նաեւ այս վճիռը: Երեւանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2008 թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ, ըստ էության, մերժել է Չախալյանի բողոքը, քանի որ պարզել է, որ ոստիկանապետի որոշումը օրինական չէր: 2006 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Ոստիկանության Վարչական կարգով օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանից վտարելու հարցերով հանձնաժողովը նիստ է հրավիրել, որին մասնակցել են հանձնաժողովի բոլոր անդամները, լսել են Վ. Չախալյանին ՀՀ-ից վարչական կարգով վտարելու մասին հարցը, արտահայտվել են ՀՀ Ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Պողոսյանը եւ Ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Խուբլարյանը: Որոշել են Վ. Չախալյանին ՀՀ-ից վարչական կարգով վտարելու մասին հանձնաժողովի առաջարկությունը ներկայացնել ոստիկանության պետի հաստատմանը: Ընդ որում, այդ օրվա նիստի արձանագրությունում բացակայել է հանձնաժողովի անդամների ելույթների համառոտ շարադրանքը, որը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ կետի ե) ենթակետի խախտում է: Ավելին, նիստին ներկա չեն գտնվել վարչական վարույթի մասնակից, անձամբ Վահագն Չախալյանը եւ նրա շահերը պաշտպանող Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչը, ով չի ծանուցվել հանձնաժողովի նիստի կայացման վայրի եւ ժամանակի մասին: Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում նրանց ներկայությունը պարտադիր էր, քանի որ շոշափվում էին ՀՀ ազգային անվտանգության շահերը, առնչվում էր Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերություններին: Իսկ քանի որ Վ. Չախալյանը հանդիսանում էր վարույթի մասնակից, նրա կարծիքը լսելը պարտադիր էր հանձնաժողովի համար: Այսինքն` հանձնաժողովը խախտել է նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 38 հոդվածի պահանջը` նիստին մասնակից չդարձնելով Վ. Չախալյանին եւ Վրաստանի Հանրապետության ներկայացուցչին: Հանձնաժողովը որոշել է Վ. Չախալյանին Հայաստանից վարչական կարգով վտարելու մասին առաջարկություն ներկայացնել ՀՀ Ոստիկանության պետի հաստատմանը: Մինչդեռ, ՀՀ Ոստիկանության պետը հաստատել է ոչ թե այս հանձնաժողովի, այլ Վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանի առաջարկությունը: Առաջարկությանը համաձայնություն են տվել Անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ս. Աղաջանյանը եւ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Զաքարյանը: Դատարանը փաստել է, որ համաձայն «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի` «Վարչական կարգով օտարերկրյա քաղաքացու վտարման մասին որոշումը, բացառությամբ կացության բացառիկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների, ընդունում է ՀՀ ներքին գործերի նախարարը` իր կողմից կազմված հանձնաժողովի եզրակացության հիման վրա»: «ՀՀ Ոստիկանության պետի կողմից 30.11.2006 թ.-ին հաստատված փաստաթուղթը չի կարող դիտվել որպես վարչական ակտ, քանի որ այն չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55 հոդվածի 4 կետի վարչական ակտին ներկայացվող պարտադիր պահանջներին, ուստի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իրավամբ չէր կարող այն անվավեր ճանաչել, որովհետեւ վիճահարույց պարագայում վարչական ակտ չի կայացվել»,- հիմնավորված է վերաքննիչ որոշման մեջ: Սա նշանակում է, որ եթե ոստիկանապետի որոշումը չի կարող վարչական ակտ համարվել, ուրեմն Վահագն Չախալյանն արդեն կարող է մուտք գործել Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter