HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանները լքել են դատարանի դահլիճը

v-chakhalyanԱյսօր Թբիլիսիի վերաքննիչ դատարանում նշանակված էր «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների վերաքննիչ բողոքի դատալսումը: Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ այլևս չի մասնակցելու իր դատավարություններին, քանի որ  դրանք շարունակվում են կոպիտ օրինախատումներով, և ինքը հնարավորություն չունի իրականացնել օրենքներով իրեն վերապահված պաշտպանության իրավունքը: Այսօր կեսօրին դատավարությունը, այնուամենայնիվ, շարունակվել է: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանի փոխանցմամբ, դատարանը չի ստացել նրա հայտարարությունը և Վահագն Չախալյանին փոխադրել են դատարան: Նա կրկին հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել նիստին: Վահագնի հայրն ու եղբայրը` Ռուբեն և Արմեն Չախալյանները, ի նշան համաձայնության, նույնպես դուրս են եկել դահլիճից: Դատարանը Չախալյանների բացակայությամբ անցել է նրանց տնից իբրև թե հայտնաբերված զենքերի փորձաքննության արդյունքների հետազոտմանը: Կատարված երկու փորձաքննությունների համաձայն` հայտնաբերվել են մասնիկներ` Վահագնի տաբատից, իսկ զենքի փորձաքննության վերաբերյալ փորձագետները չեն կարողացել եզրակացություն տալ` պատճառաբանելով, որ երկար ժամանակ է անցել: Ընդ որում` Չախալյանների պաշտպան Նինո Անդրիաշվիլին պահանջել էր, որպեսզի իրեն թույլ տային որպես փաստաբան ներկա գտնվել փորձաքննությանը, ինչպես նաև ներգրավել անկախ փորձագետի: Բայց փորձաքննությունն իրականացնող լաբորատորիան մերժել է փաստաբանի պահանջը: Փաստաբանը մերժումը բողոքարկել է վարչական դատարանում, որտեղ արագացված դատավարությամբ հայցը մերժվել է`հիմնավորմամբ, որ դա փաստաբանի իրավունքի խախտում չէ, այլ այդ իրավունքը տրված էր ամբաստանյալին: Նինո Անդրիաշվիլին հրաժարվել է գործին կցել փորձաքննության արդյունքները` համարելով դրանք ոչ օրիանական: Չախալյանների` Հայաստանից ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է փոխել թարգմանչին, քանի որ թարգմանությունը անհաջող է կատարվում: Դատավորը մերժել է նաև այս միջնորդությունը: Վերաքննիչ բողոքը անցել է վերջնական փուլ. դատախազը պահանջել է անփոփոխ թողնել դատավճիռը: Իսկ Վահագնի երրորդ պաշտպանը` Զուրաբ Ռոստիաշվիլին պաշտպանական ճառով պահանջել է արդարացնել Չախալյաններին: Նինո Անդրիաշվիլին և Ստեփան Ոսկանյանը դատավորից ժամանակ են խնդրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատավորը հետաձգել է նիստը մինչև հոկտեմբերի 30-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter