«Հայաստանից ես կարող եմ ստանալ միայն փող»,-ասում է թուրք գործարարը
Էմրե Գոնեն Բուրսա քաղաքից է: Զբաղվում է տեքստիլի բիզնեսով: Նրա հետ ծանոթացանք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի օրը` Բուրսայում: Ամբողջ օրը նա ուղեկցում էր հայ լրագրողների խմբին: Թուրք լրագրողներից մեկի ընկերն էր, ճանապարհն էր ցույց տալիս, ուր գնալ, ինչպես և այլն: Հայ և թուրք հավաքականների խաղն էլ այդ օրը ստիպված պետք է դիտեր մեզ հետ: Չնայած խոստովանեց, որ չի սիրում ֆուտբոլ, երբեք չի հետաքրքրվել, բայց, իհարկե, կերկրպագի իր երկրի թիմի համար:
Հետաքրքրվեցի, թե իր կարծիքով ով կհաղթի` հայերը, թե թուրքերը:
Պատասխանեց. «Ով լավ խաղացող է, նա էլ կհաղթի: Միշտ է այդպես»:
«Միշտ է այդպես»-ը տպավորեց ինձ, և պատմության դրվագներից հիշելով` ակամայից հարցրեցի, թե ինչ է մտածում հայ-թուրքական սահմանի բացման մասին:
Էմրեն խոստովանեց, որ քաղաքական տեսանկյունից չի կարող մեկաբանել սահմանի բացումը, բայց հավատում է, որ ամեն խնդիր կարելի է լուծել, իսկ նախ և առաջ` սահմանի բացումը խաղաղություն կբերի բոլորին:
Էմրեի անկեղծությունը զարմացրեց ինձ, երբ ասաց, որ շատ է սիրում հայերին և շատ հայ ընկերներ ունի Բուրսայում:
Եվ իսկապես, Բուրսայում հայեր շատ են եղել: Համաձայն թուրքական աղբյուրների` հաստատվել են Կիլիկիայի թագավորության ժամանակ: 18-րդ դարում Բուրսայում եւ շրջակա բնակավայրերում ապրել է մոտ 90 հազար հայ: Դպրոցներում դասավանդվել է թե' հայերեն, թե' թուրքերեն: Գործել է երկու հայկական եկեղեցի: Այսօր դրանք ավերակներ են, և մնացել է միայն խորանը:
Հայերը ևս Բուրսայում տեքստիլի արդյունաբերությամբ են զբաղվել: Այնքան են կատարելագործվել այս ասպարեզում, որ բացել են տեքստիլի համալսարան, որտեղ հավասարապես սովորել են թե' հայեր, թե' թուրքեր: Այսօր Բուրսայում ապրող հայերի հստակ թիվ չի նշվում, սակայն տեղացիները փաստում են, որ համեմատաբար արդեն քիչ հայեր են մնացել:
«Մենք շատ նման ենք, ես ավելի շատ հայ եմ, քան անգլիացի, իսկ դուք ավելի շատ թուրք եք, քան արաբը: Մենք նույն Անատոլիայից ենք սերում»,-շարունակում է Էմրեն:
Նա շատ լավ էր վերաբերվում բոլոր հայ լրագրողներին, բարեհամբույր էր, անում էր ամեն ինչ` նրանց հաճոյանալու համար, որ որևէ տհաճություն լրագրողները չզգային Բուրսայում գտնվելու ժամանակ: Նույնիսկ ջանում էր զերծ պահել մեզ թուրք կատաղի երկրպագուներից, հանկարծ մի տհաճ պատմության մեջ չհայտնվեինք:
Էմրեի` հայերին «շատ սիրելու» հանգամանքը պարզ դարձավ, երբ հարցրեցի, թե ի՞նքը ինչ է ուզում ստանալ Հայաստանից, և ի՞նչ կտա իրեն սահմանի բացումը: «Հայաստանից ես կարող եմ ստանալ միայն փող»,-պատասխանեց ավելի անկեղծ, քան ողջ նախորդող զրույցն էր,- մենք սպասում ենք, որ սահմանը բացվի: Ամեն ինչ կհեշտանա: Ինչո՞ւ տանել Վրաստան, հետո նոր Հայաստան, եթե կարելի է անմիջապես Հայաստան արտահանել: Դրանից գինն է բարձրանում»:
Թուրքիան համարվում է արտադրող երկիր, իսկ Բուրսան հատկապես արտադրում է տեքստիլ, ավտոմեքենաներ, կահույք, տեխնիկա, զարգացած է շինարարական բիզնեսը: Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող այս քաղաքը 4-րդն է մեծությամբ` Ստամբուլից, Անկարայից և Իզմիրից հետո:
«Միայն Բուրսայում նայեք, թե ինչքան բիզնես կա. «Ռենոն» Բուրսայում է, «Հոնդան» մեզ շատ մոտ է, «Ֆորդը», «Մերսեդեսը» և շատ այլ բրենդներ ունեն այստեղ գործարաններ: Մենք բիզնեսմեն ենք, մենք պետք է վաճառենք, իսկ հայերը` գնեն»,- ոգևորված բացատրեց բուրսացի բիզնեսմենը:
Նա նշեց, որ Հայաստանը արտադրող երկիր չէ: Իսկ իրենք Հայաստանին կարող են վաճառել ամենը, ինչի կարիքը ունեն հայերը: «Սա երկու երկրների համար մեծ պատճառ է, որ սահմանը բացվի: Ուրեմն ինչու չբացել հենց հիմա»,- իր տեսակետը սահմանի բացման շուրջ ամփոփեց բուրսացի բիզնեսմեն Էմրե Գոնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել