
Հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարան: Մի քանի օրից Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կստորագրի դրանք: Այս մասին Հայաստանից ժամանած լրագրողներին տեղեկացրեց Թուրքիայի խորհրդարանի մամուլի պատասխանատու Գյոգսել Բոգյուտը:
Խորհրդարանում հատուկ հանձնաժողով է կազմվելու, որը քննելու է այս արձանագրությունները: Համաձայն միջազգային արձանագրությունների հաստատման նոր կարգի` երեք նիստ է տեղի ունենալու: Իսկ ընդհանուր ժողովն արդեն քվեարկությամբ կվավերացնի այն:
Մամուլի պատասխանատուն չկանխատեսեց, թե կոնկրետ երբ կվավերացվեն արձանագրությունները` թողնելով դա քվեարկության արդյունքներին: «Երբ Ղարաբաղի հարցը լուծվի, այդ օրն էլ կվավերացվեն արձանագրությունները»,- ասաց նա:
«Խորագիրը ճշտենք հարևան երկրում» ծրագրի շրջանակներում կազմակերպված խորհրդարանական հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանում աշխատող լրագրողները:

«Թերեթի»-ի ներկայացուցիչ Սյուրեա Սըթը երկար ժամանակ է աշխատում խորհրդարանում: «Թուրքիայի կուսակցություններն ասում են, որ եթե Ղարաբաղյան հարցը չլուծվի, իրենք չեն կարողանա վավերացնել արձանագրությունները: Որքան շուտ բարելավվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այնքան շուտ կվավերացվեն արձանագրությունները»,- ասում է լրագրողը:
Հայ լրագրողների հարցին, թե որքանով կարող են երկու երկրների հարաբերությունները պայմանավորված լինել երրորդ պետությամբ, մեկ այլ թուրք լրագրող պատասխանեց, որ «այնքանով, որքանով որ Ադրբեջանը իրենց բարեկամ երկիրն է»:
«Եթե Ադրբեջանը երրորդ երկիր է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ժամանակին երբ սահմանը փակվեց, Ադրբեջանի հարցի հետ էր կապված, ապա հիմա սահմանի բացումը չի կարող Ադրբեջանի հետ կապ չունենալ»,- հիմնավորեց լրագրողը:
Իսկ թե արձանագրությունների որ կետից ելնելով են ադրբեջանցի լրագրողները պնդում, որ Ղարաբաղյան հարցի լուծումից հետո միայն արձանագրությունները կվավերացվեն, լրագրողը պատասխանեց. «Սրա մասին այս արձանագրությունների մեջ չկա: Սա հայտնի է Էրդողանի ասածներից, նա մի քանի անգամ այդ մասին ասել է, բայց թղթի վրա չկա»:
Անկարա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել