Քոչինյանները դատարանում պաշտպանվում են Կադաստրի տրամադրած հակասական տեղեկանքներով
Լոռու մարզի փախստականներով բնակեցված Մեծ Այրում գյուղի 414 հա վարելահողերից շուրջ 100 հա-ը 2001 թ.-ից առ այսօր տիրապետում են Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայր Հովհաննես Քոչինյանը, վերջինիս որդիներ Էրիկ եւ Էդիկ Քոչինյանները, նախկին մարզպետի որդին` Սահակ Քոչինյանը:
Սակայն վարձակալած հողերի 2005-09 թթ.-ի վարձավճարներից Էրիկ Քոչինյանը` 845.000 դրամ, իսկ Էդվարդ Քոչինյանը 1 մլն 144 հազար դրամ չեն վճարել համայնքի բյուջե: «Էդվարդ Քոչինյանն այսօր Մեծ Այրումում զբաղեցնում է 20 հա, Էրիկ Քոչինյանը` 30 հա, Հովիկ Քոչինյանը` 9 հա 266 մ: Վերջինս, սրանից բացի, ունի նաեւ սեփականացրած հողեր: Սահակ Քոչինյանը 7 հա է վարձակալել 25 տարի ժամանակով: Քոչինյանները հարկ չեն վճարում, բացի այդ` վարձակալությամբ այս հողերից տալիս են այլ քաղաքացիների, առանց իմ գիտության: Էնքան խնդրեցի, ասի` Հովիկ, բերեք մուծեք, 4 տարի է ասում է` հա, հա, վաղը գալու եմ, ասում է ու գնում, էլ իրան ճարում չեմ»,- ասաց Մեծ Այրումի համայնքապետ Սաշիկ Առուշանյանը: Նա տեղեկացրեց, որ Սահակ Քոչինյանն իր վարձակալած հողերի պարտքերը համայնքային բյուջեին վճարել է իր հայցադիմումը դատարան ներկայացնելու նախօրեին: Ադրբեջանից 1989-90 թթ.-ին մազապուրծ աղքատ ու քաղաքաբնակ շատ փախստականներ Մեծ Այրումում առաջին տարիներին չեն կարողացել մշակել իրենց սեփականաշնորհված հողերը: Ի պաշտոնե նրանց աջակցելու կոչված, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհ. Քոչինյանը, օգտվելով փախստականների անօգնական վիճակից եւ իր ու Լոռու մարզպետ եղբոր պաշտոնական դիրքերից, ամբողջ գերդաստանով մշակել է ոչ միայն 25 տարի ժամանակով վարձակալված հողերը, այլեւ անվարձահատույց օգտագործել է փախստականներից շատերի վարելահողերը: Այդ պարտքերը վերադարձնելու համար նա Մեծ Այրումի համայնքապետի պահանջով պարտավորագիր է գրել 2006 թ. հուլիսի 4-ին. «Ես` Հովհ. Քոչինյանս, Փոքր Այրում գյուղի նախկին «Գիլակուտի» հանդամասի 243 ծածկագրի տակ գտնվող տարածքում ներքոհիշյալ հողատերերի հողերի մշակման համար պարտավորվում եմ ս/թ օգոստոսի վերջին բերքահավաքից հետո վճարել նրանց հողի հարկը կամ այն իրենց կողմից վճարված լինելու դեպքում` վճարել հողատերերին, ըստ նեքոհիշյալ ցուցակի` Քամալյան Բենիկ-16 հազար դրամ, Գաբրիելյան Սոֆիկ-32 հազար դրամ, Այվազյան Արկադի-8 հազար դրամ, Մարտիրոսյան Էմմա-15 հազար դրամ, Այվազյան Մարիամ-16 հազար դրամ, Աղաբեկյան Վահան-21,500 դրամ, Հայրապետյան Վանիկ- 16 000 դրամ, Ազարյան Վասիլի-8 հազար դրամ, Առուշանյան Ժենյա-18 000 դրամ, Բաղդասարյան Հրանուշ-16000 դրամ, Այվազյան Գավրոշ-16 000 դրամ, Ծատուրյան Հակոբ-16 հազար դրամ, Լալայան Հարություն-16 հազար դրամ»: Համայնքապետ Սաշիկ Առուշանյանի հավաստմամբ` Հովիկը մինչեւ օրս «վճարում է» այդ մարդկանց պարտքերը: Դանակը ոսկորին հասած համայնքապետն այս տարվա մայիսի 19-ին Էրիկ եւ Էդվարդ Քոչինյանների հետ 2001 թ.-ին կնքած հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ այդ պայմանագրերով սահմանված 2005-09 թ. հողամասի վարձավճարների պարտքի գումարների բռնագանձման պահանջով քաղհայց է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Դատաքննությունը ձգձգվել է շուրջ 5 ամիս: Հոկտեմբերի 6-ին պատասխանողը դատարանին ներկայացրեց ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու ստորաբաժանման ղեկավար Նելսոն Գալստյանի 31.08.2009 թ.-ին տրված տեղեկանքը, որով պարզվել են նոր հանգամանքներ: «Համաձայն Էդվարդ Քոչինյանի` տարածքային ստորաբաժանում ներկայացրած դիմումի` կատարվել է նրան հատկացրած 20,3 հա հողամասերի ճշտում, որից պարզվել է, որ հատկացված հողամասերում առկա են սեփականաշնորհված, իրավունքի պետական գրանցում ստացած կամ հաշվառում ստացած հողամասեր քաղաքացիների անվամբ, ճանապարհներ, անօգտագործելի եւ պահուստային հողեր»: Տեղեկանքում ներկայացված են 85 բնակիչների անուններ, որոնց շուրջ 5,5 հա վարելահողերը նույնպես 25 տարի ժամանակով օգտագործման են հանձնվել Էդվարդ Քոչինյանին: Մեծ Այրումի համայնքապետ Սաշիկ Առուշանյանը, դատական նիստին տեղեկանալով տեղեկանքի բովանդակությանը, նախ այն կեղծ համարեց, ապա հարցրեց Հովհ. Քոչինյանին, թե` ենթադրենք կադաստրի տված տեղեկանքը ճիշտ է, իսկ ինքն ինչու այդ 85 քաղաքացիներին պատկանող 5,5 հա վարելահողերի վարձավճարները 8 տարի չի վճարել, որ այդ մարդիկ էլ կարողանային իրենց հարկերը վճարել: «Դա իմ սեփական պրոբլեմն է, դուք նրանց դատի տվեք, թե ինչու ձեզ հարկեր չեն վճարում»,- փախստական համայնքապետին պատասխանեց Հովհ. Քոչինյանը: Ս. Առուշանյանը հայտնեց, որ կեղծ տեղեկանքի համար դիմելու է իրավապահներին: Նա դատարանին խնդրեց վճիռ կայացնելիս հիմք ընդունել նոտարի հաստատած Մեծ Այրումի համայնքապետարանի հետ Էդվարդ Քոչինյանի 2001 թ. կնքած պայմանագիրը, որը 8 տարի որեւ առարկության չի հանդիպել: Դատարանում առավել տարօրինակ էր դատավոր Սուրեն Բաղդասարյանի անհարգալից վերաբերմունքը համայնքապետ Սաշիկ Առուշանյանի նկատմամբ: Երբ վերջինս տեղեկանքի հետ կապված հարց ուղղեց Քոչինյանների շահերի պաշպան Ռուբիկ Նիազյանին, դատավորը վերջինիս հրահանգեց. «Լավ, մի պատասխանեք հարցին»: Դատական նիստի ընթացքում դատավորն ակնհայտորեն խորհրդակցում էր Քոչինյանների շահերի պաշտպանի հետ: Մեծ Այրումի համայնքապետարանի շահերի պաշտպան Ռոման Կոնինյանը դատարանին հայտնեց, որ Կադաստրի Ալավերդու ստորաբաժանումը Էդվարդ Քոչինյանին պատկանող հողերի չափագրմանը Այրումի համայնքապետարանին մասնակից չի դարձրել, բացի այդ` վիճելի հարցի հետ կապված երկու տեղեկանք է տվել, որոնց բովանդակությունը հակասում է միմյանց: ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու ստորաբաժանման 31.08.2009 թ. տրամադրված տեղեկանքով Էդվարդ Քոչինյանի անվամբ վարձակալության իրավունքով հատկացված հողամասում առկա են սեփականաշնորհված, իրավունքի պետական գրանցում ստացած կամ հաշվառված հողամասեր քաղաքացիների անվամբ, ճանապարհներ, անօգտագործելի եւ պահուստային հողեր, եւ ներկայացված է թվով 85 քաղաքացիների ցուցակ: Քաղգործում գտնվող մեկ այլ տեղեկանքով էլ Էդվարդ Քոչինյանի փաստացի օգտագործվող հողամասի չափը կազմում է 14,362 քմ: Նրա նշեց, որ Կադաստրի տրամադրած տեղեկանքներն աղավաղված են, եւ դատարանին միջնորդեց որպես վկա ներգրավել ՀՀ ԿԱ ԱԳԿ Կադաստրի Ալավերդու տրորաբաժանման պետ Նելսոն Գալստյանին: Դատավոր Ս. Բաղդասարյանը միջնորդությունը Քոչինյանների շահերի պաշպան Ռուբիկ Նիազյանի հետ քննարկելուց հետո մերժեց: «Որ պակաս է Ձեր վարելահողերը, ինչու եք ստորագրել նոտարի մոտ»,- Քոչինյաններին կրկին հարց ուղղեց Մեծ Այրումի համայնքապետը: Հարցը կրկին մնաց անպատասխան: Դատական նիստից հետո Սաշիկ Առուշանյանը նշեց, որ Կադաստրի ստորաբաժանման ղեկավարի ներկայացրած քաղաքացիների ցուցակում մահացած մարդկանց անուններ են նշված, որոնց հողերը գտնվում են համայնքապետարանի տնօրինության տակ, ինչպես, օրինակ, Արուսյակ Օսիպովայի, Իվան Բաբայանի եւ էլի շատ ուրիշների, որոնց դատարանը չանդրադարձավ: «Ինչ անօգտագործելի տարածքի մասին է խոսքը, մենք ճաաանապարհներ չունենք, գնացեք նայեք վարելահողերը, Քոչինյանները սաղ վարել են»,- ասաց Ս. Առուշանյանը: Համայնքապետը նաեւ դժգոհեց. «Ինչու պետք է Մեծ Այրումի փախստականները գնան շուկայից բանջարեղեն առնեն, երբ կարողանում են բարձր բերքատվությամբ հող մշակել, այն դեպքում, երբ Քոչինյանները բյուջեին հարկեր չեն վճարում»: Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 16-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել