Սամսոն Օզարարատ.«Արձանագրության մեջ ամենակարևոր մասը վստահության ստեղծումն է»
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չպետք է խառնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և Ցեղասպանության հետ: Այս երկու գործընթացները պետք է առանձին դիտարկվեն: Սա Սևծովյան տնտեսական համաժողովի գործարար կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամսոն Օզարարատի կարծիքն է: Նա բնակվում է Ֆրանսիայում և Թուրքիա է ժամանել դիտելու Հայաստան-Թուրքիա վաղը կայանալիք ֆուտբոլային խաղը:
Վերջինս արձանագրություններում դրական կետեր է տեսնում: «Հետքի» հարցին, կվավերացնեն արդյոք երկու երկրների խորհրդարանները հայ-թուրքական արձանագրությունները, Սամսոն Օզարարատը հաստատող պատասխան չտվեց, սակայն հավանական համարեց վավերացումները:
«Երկու կողմից էլ նկատելի է փափագը: Արձանագրության մեջ իմ համար ամենակարևոր մասը վստահության ստեղծումն է»,-ասաց նա: -Այս արձանագրությունների ստորագրումը վերջը չէ, այլ երկար ճանապարհի սկիզբն է: Թուրքիան և Հայաստանը պետք է սովորեն աշխատել կողք-կողքի: Անպայման չէ, որ լինեն լավ կամ վատ հարաբերություններ, կարևորը հարաբերություններ ունենալն է: Ես նույնիսկ վատ հարաբերությունների եմ համամիտ երկու երկրների միջև»:
Նա ՀՀ նախագահի վարած քաղաքականությունն այս հարցում համեմատեց շախմատ խաղացողի դիվանագիտության հետ: Իսկ Հայաստանի Հանրապետության երեք նախագահների` Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությունը, ըստ Սամսոն Օզարարատի, նույն քաղաքական գծով է ընթանում. «Ամեն մի նախագահ իր ոճն ունի, բայց կարևոր հարցերում նույն գծերն ունեն: Հայաստանը դեռևս չանկախացած էլ այս քաղաքականությունն արդեն ճշտել էր: Թուրքիայի հետ առանց նախապայմանների այս գիծը շարունակվում է»:
Միևնույն ժամանակ, ՍԾՏՀ -ի գործարար կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչը վստահ չէ, որ հայկական կողմի դիրքորոշումը Թուրքիայում ճիշտ է ընկալվել:
Ստամբուլ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել