
Փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանի վարույթում:
Վերջինս մինչեւ հոկտեմբերի 15-ը որոշում կայացնելու ժամանակ ունի ` կամ դատական քննություն նշանակել կամ գործը կարճել:
Փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրիք 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»: Փաստաբանների գործով նախկինում նշանակված դատական քննությունը դադարեցվել էր, քանի որ գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր մեղադրյալի միջնորդությունը եւ ինքնաբացարկի որոշում էր կայացրել:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո սկսված «Պիցցա դի Ռոմա»-ի գործով դատական քննության ժամանակ Արթուր Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Դիանա Գրիգորյանն իրենց պաշտպանյալների պահանջով լքել էին դատական նիստերի դահլիճը: Դա էլ դիտվել էր որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում եւ հարուցվել էր քրեական գործ, որից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածներին: Արմեն Հարությունյանի դիմումը Սահմանադրական դատարանը կքննի նոյեմբերի 10-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել