«Հայկական ժամանակը» չի հերքելու Լևոն Քոչարյանի մասին տպագրած տեղեկությունը և չի վճարելու 3 մլն դրամը
Հոկտեմբերի 2 -ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց պարտավորեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթին հերքել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին վերաբերող տեղեկատվությունը և հատուցել նրա իրավունքների վերականգնման համար վճարած ծախսերը:
2009 թ. փետրվարի 6-ին օրաթերթի առաջին էջում տպագրվել էր տեղեկություն, թե «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների` կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթերի պահանջով: Ըստ մեր աղբյուրների` Լևոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Նույն օրն իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է տպագրված տեղեկությունը` նշելով, որ «վերջին անգամ Լեւոն Քոչարյանը Դուբայում եղել է 2007 թվականի դեկտեմբերին»:

Մարտի 25-ին Լևոն Քոչարյանը դիմել էր դատարան` «Հայկական ժամանակ» օրաթերթից պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել նյութական ու բարոյական վնասը: Լևոն Քոչարյանի շահերը ներկայացնող Արփինե Մելիքբեկյանի հիմնավորմամբ` «ՀԺ»-ի նյութն անհիմն է և վերացական, չի պարունակում որևէ փաստ հաստատող տեղեկություն, նշված չեն տեղեկության սկզբնաղբյուրները, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այն ստահոդ, ասեկոսեների վրա հենված, չստուգված, ընթերցողների մոտ սենսացիա ստեղծելու և շահույթ ստանալու նպատակով հրատարակված տեղեկություն է: Արփինե Մելիքբեկյանը դատարանին է ներկայացրել Լևոն Քոչարյանի անձնագրի պատճենը և նրա դիվանագիտական անձնագիրը, որոնցում նշում չկա, որ նա «Հայկական ժամանակի» նշած ժամկետում եղել է ԱՄԷ-ում կամ հատել է այդ երկրի սահմանը: Փաստաբանը դատարանին է ներկայացրել նաև իրենց կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարություն արված հարցման պատասխանը: Համաձայն դրա` ԱՄԷ-ի համապատասխան մարմինները ստուգել են իրենց մոտ եղած տվյալները և պարզել, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ արգելանք կամ իրավապահների կողմից հետապնդում չի արձանագրվել: Նման տեղեկատվության տարածումը, ըստ հայցվոր կողմի, Լևոն Քոչարյանին ֆինանսական վնաս է պատճառել: Հայցադիմումում դա հիմնավորված է նրանով, որ «Հայկական ժամանակ»-ի այդ օրվա համարի տպաքանակը եղել է 8 000 օրինակ, յուրաքանչյուրը` 100 ՀՀ դրամ: Այսինքն` «ՀԺ»-ն այդ համարի տարածման դիմաց ստացել է 80 000 ՀՀ դրամի եկամուտ (հայցադիմումում հաշվարկը սխալ էր կատարված, 8 000 օրինակի «շահույթը» 100 դրամ արժողությամբ կկազմի 800 000 դրամ-հեղ.): Բացի այդ, հայցադիմումում նշվում է, որ այս տեղեկությունը հիմք է հանդիսացել հայցվորի մասին կեղծ տեղեկությունների տարածման համար նաև այլ զանգվածային լրատվության միջոցներով, ինչի շնորհիվ թերթը եկամուտ է ստացել: Մեկ զանգվածային լրատվության միջոցի կողմից մեկ այլ ԶԼՄ-ին մեկ լուրի տրամադրման միջին արժեքը 10 000 դրամ գնահատելով` Լևոն Քոչարյանի պաշտպանները, փաստորեն, հաշվի են առել նաև այն, որ օրաթերթին հղում են կատարել թվով 6 («Day.az», «tert.am», «Armtown.com», «Arminfo.info», «News.ru», «Trend.az», «Newsmegainfo.ru») և ավելի ԶԼՄ-ներ և հաշվարկել, որ վերոնշյալ տեղեկությունների տրամադրման համար օրաթերթը ստացել է միջինը 60 000 դրամ: Ըստ հայցվոր կողմի` այս նյութի հիման վրա մյուս ԶԼՄ-ները ևս ստացել են միջինը 80 000-ական դրամ եկամուտ և Լ. Քոչարյանին պատճառել 620.000 դրամի վնաս: Ըստ այդմ` Լևոն Քոչարյանին հասցվել է ընդհանուր առմամբ 3.620.000 դրամի վնաս, որից իրավունքների պաշտպանության ծախսերը գնահատված են 3 մլն ՀՀ դրամ: Քանի որ այս տեղեկությունները տարածվել են նաև օտարերկրյա մամուլում և ինտերնետային կայքերում, ինչն օգտագործվել է բացառապես քաղաքական նպատակներով, ըստ հայցվորի` Լ. Քոչարյանին հասցվել է նաև բարոյական վնաս:

««Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից տարածած անհիմն և չստուգված տեղեկությունները հիմք են դարձել օգտագործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի անունը Հայաստանի Հանրապետության վարկանիշը գցելու, վարկաբեկելու և միջազգային հանրության առաջ հայերին որպես «խուլիգան» և «հանցագործ» ներկայացնելու և համանման որակներով պիտակավորելու համար, ինչն, անխոս, դիպչում է ՀՀ հանրային շահերին ևս»,- առաջին ատյան ուղարկված հայցադիմումում հիմնավորել է հայցվոր կողմը և գտել, որ Լևոն Քոչարյանին հասցվել է նաև 12 մլն 500 հազար դրամի չափով բարոյական վնաս: «Հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել է իր` ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը, որի զննությունից պարզ է դառնում, որ անձնագրի` օտարերկրյա պետությունների համար վավերականության ժամկետը լրացել է 2007 թ. փետրվարի 5-ին: Հետևաբար, պետք է ենթադրել, որ հայցվորը 2007 թ. փետրվարի 5-ից մինչ օրս ՀՀ տարածքը չի լքել: Մինչդեռ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է խնդրո առարկա լուրի կապակցությամբ, որ հայցվորը վերջին անգամ Դուբայում եղել է 2007 թ. դեկտեմբերին: Այսինքն, ըստ Սողոմոնյանի, հայցվորն իր անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 10 ամիս անց եղել է Դուբայում»,- հիմնավորում է օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Պատասխանող կողմի ենթադրությամբ` հայցվորն ունի առնվազն 2 դիվանագիտական անձնագիր, քանզի Լևոն Քոչարյանը 2008 թվականի գարնանը ներկա է եղել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Եվրատեսիլ մրցույթին երգչուհի Սիրուշոյի ելույթին: Դատարանում Տիգրան Աթանեսյանը միջնորդել էր նաև Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել տեղեկանք այն մասին, թե Լեւոն Քոչարյանը 2007-ի հունվարի 1-ից մինչեւ օրս քանի անգամ եւ երբ է լքել Հայաստանը: Փաստաբանը դիմել է ԱԱԾ, սակայն նրան մերժել են` ասելով, որ այդ տեղեկատվությունը Լեւոն Քոչարյանի անձնական եւ ընտանեկան կյանքին է վերաբերում: Դատարանը ևս մերժել է փաստաբանի այս միջնորդությունը, ինչպես եւ մյուս միջնորդությունը` երկու ամիս ժամանակ տրամադրել Արդարադատության նախարարության միջոցով ԱՄԷ-ի իրավապահ մարմիններին իրենց կատարած հարցման պատասխանը ստանալու համար: Հունիսի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանը որոշեց Լևոն Քոչարյանի հայցը բավարարել մասնակի: Դատարանը վճռեց «Հայկական ժամանակ» օրաթերթին պարտավորեցնել հերքել Լևոն Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, հօգուտ նրա բռնագանձել 3 մլն 620 հազար դրամ` որպես արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար, իսկ բարոյական վնասի` 12 մլն 500 հազար դրամի բռնագանձման մասով հայցը մերժեց: Հուլիսի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Հոկտեմբերի 2-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ Տարոն Նազարյանի, օրաթերթի բողոքը բավարարեց մասնակիորեն. Լևոն Քոչարյանի հայցը՝ օրաթերթից 620.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով` մերժեց, իսկ մնացած մասով վճիռը թողեց անփոփոխ։ Քննելով 620.000 դրամի պահանջը՝ Վերաքննիչ դատարանը նշում է, որ այս առումով «Հայկական ժամանակի» ներկայացուցչի պնդումները հիմնավոր են, և Լևոն Քոչարյանը որպես բաց թողնված օգուտի գումար որևէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ թերթն իրականում ստացել է նշված եկամուտը, ինչպես նաև չի հիմնավորել, թե որն է իր կողմից բաց թողնված օգուտը։ Ինչ վերաբերում է 3 մլն դրամին՝ որպես հայցվորի իրավունքների պաշտպանությանն ուղղված ծախս, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանը իրավացիորեն է բավարարել նշված պահանջը: Ընդ որում, ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Քոչարյանին մատուցած ծառայությունների մասով որևէ փաստաթուղթ չէր ներկայացվել, և միայն վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում Լևոն Քոչարյանի շահերի պաշտպանը ներկայացրել է այս տարվա հուլիսի 8-ին կազմված հանձնման-ընդունման ակտ, որից պարզ է դառնում, որ միայն առաջին ատյանի դատարանում մատուցվել է 2.500.000 ՀՀ դրամի ծառայություն: «Նշված ապացույցը հայցվորը հնարավորություն չի ունեցել ներկայացնել դատարանին գործի քննության ընթացքում, քանի որ այն կազմվել է 2009 թ. հուլիսի 8-ին, մինչդեռ գործի քննությունն ավարտվել է 2009 թ. հունիսի 5-ին։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանում թեև ներկայացվել է ապացույց, որը ներկայացված չի եղել առաջին ատյանի դատարանում, սակայն միայն այս հիմքով դատական ակտը ենթակա չէ բեկանման, քանի որ թեև առանց բավարար ապացույցների` բոլոր դեպքերում դատարանի կողմից ճիշտ է լուծվել 3 մլն դրամի պահանջը, իսկ դատական ակտը ձևական նկատառումներով ենթակա չէ բեկանման՝ հաշվի առնելով արդարադատության արդյունավետության շահերը և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը»,- հիմնավորում է Վերաքննիչի որոշումը:
«3 մլն դրամը ակնհայտ անհիմն գումար է, ինքս եմ փաստաբան, գիտեմ, որ այդ որակի և ծավալի աշխատանքի համար շուկայում այդքան վարձատրություն չկա: Ի վերջո, դատարանը սա նախադեպ է դարձնում: Եթե այդ փոքրիկ ծավալի աշխատանքը, որն արել են Լևոն Քոչարյանի փաստաբանները, այդքան է գնահատվում, ես մտածում եմ, որ պիտի միլիոնատեր լինեի, բայց չեմ հասկանում, թե ինչու չեմ դարձել: Մոտակա ժամանակներս փաստաբաններս կորոշենք դա որպես նախադեպ օգտագործել»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ 3 մլն դրամ գումարի չափով գնահատված ծախսերը պատասխանողից որպես փոխհատուցում բռնագանձելու պահանջը բխում է հայցվորի և վերջինիս ներկայացուցիչների միջև առկա ծառայությունների մատուցման իրավահարաբերությունից, տվյալ բնագավառում գործող գործարար շրջանառության սովորույթներից, ներկայացուցիչներին վճարվող գումարի խելամտության սկզբունքից, գործի առանձնահատկությունից։
«Հարկ է նշել, որ գործարար շրջանառության սովորույթը պետք է դիտարկել ոչ թե առհասարակ ՀՀ-ում փաստաբանին վճարվող գումարի չափով, այլ նմանատիպ առանձնահատկություններ ունեցող գործերով ձևավորված վարձատրության չափը հաշվի առնելով»,- հիմնավորվում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հետքին» վստահեցրեց, որ անպայման Վճռաբեկ բողոք են ներկայացնելու: «Հերքման մասով մենք զրկվել ենք ապացույցներ ներկայացնելու բոլոր հնարավորություններից, հետևաբար հերքման պահանջը բավարարվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Խախտումներն այնքան շատ են, որ Վճռաբեկ դիմելու շատ հիմքեր ունենք»,- ասաց փաստաբանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել