Վաղը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է
Սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր՝ ՀՀ կառավարության 2010 թ. օգոստոսի 26-ի որոշմամբ: Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա տոնական շքերթ՝ նվիրված արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման 20-ամյա հոբելյանին և ԱԻՆ աշխատակցի օրվան:
Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
«Աղետալի երկրաշարժը լուրջ ահազանգ էր բոլորիս համար: Մենք պետք է պայքարենք ոչ միայն աղետների հետևանքները վերացնելու, այլև առաջին հերթին ճիշտ կանխատեսելու և դրանց պատրաստ լինելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ պարագայում վնասները նվազագույն են լինում, և դա է լինելու ձեր նախարարության կարևորագույն առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Արտակարգ իրավիճակների համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը և ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով:
ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ՝ ստեղծման օրվանից ԱԻ նախարարության ձեռքբերումների թվում կարելի է առանձնացնել աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը, նախարարության նոր մասնաշենքի կառուցումը, հրշեջ և փրկարարական ծառայությունների ինտեգրումը, վերապատրաստումն ու փրկարարական գույքով ապահովումը, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական վերազինումը ճապոնական նոր 28 հրշեջ մեքենայով, նոր ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի՝ «911» ծառայության հիմնումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել