Անցած 7 օրում Ադրբեջանն ավելի շատ է խախտել հրադադարը, բայց ՊԲ-ն ճնշել է նրա ակտիվությունը
Եթե Արցախի ժողովուրդն ու բանակը սեպտեմբերի 2-ին մեծ շուքով տոնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը, ապա ադրբեջանական բանակը առանձնահատուկ հաճախակիությամբ հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Միայն այդ օրը թշնամու առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց:
Ադրբեջանական զինուժն ակտիվ նախահարձակ գործողություններ է իրականացրել նաև նախատոնական օրերին: Ընդհանուր առմամբ, անցած յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում թշնամին «АК», «СВД», «ПК», «ДШК», «Սև նետ» և այլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողություններից հետո ադրբեջանցիների ակտիվությունը ճնշվել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել