HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուշանբեում հանդիպել են Հայաստանի ու Տաջիկստանի նախագահները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հայաստանի և Տաջիկստանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերություններն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Տաջիկստանի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին, որին ներկա են եղել ԱՊՀ 11 անդամ երկրից 8-ի՝ Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Տաջիկստանի նախագահները:

ԱՊՀ խորհրդի նեղ կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը, որում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում անվտանգության, միգրացիոն, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում անդամ երկրների համագործակցությանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր, ստորագրվել են փաստաթղթեր:

Օրակարգի կարևորագույն հարցերից է եղել «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները և հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցը, որում անդրադարձ է արվել կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար և մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության 20-ամյա փորձին, ԱՊՀ հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ ավարտելով աշխատանքային այցը Տաջիկստան՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter