«Մեր մարզում, ամբողջ հանրապետությունում եւ արտասահմանում չկա մի այնպիսի գյուղ, որ ունենա կաթողիկոսի արձան»,- ասում է Օձունի գյուղապետի թեկնածու Մելիք Այվազյանը
Հոկտեմբերի 19-ին համայնքապետի ընտրություններ են Լոռու մարզի ամենամեծ գյուղում` Օձունում: Այստեղ 12 տարի շարունակ գյուղապետ է Մելիք Այվազյանը (մականունը` Ալաբաշ Մելո): Գյուղի եկեղեցու մոտ արեւածաղիկ վաճառող Ալիսա Գասպարյանը առաջինն էր, ում հետ սկսեցինք զրույցը:
«Վիճակը շատ վատ է, Մելիք Այվազյանի 12 տարիների աշխատանքի մասին կարամ ասել, որ նա գյուղացու համար ոչ մի բան չարեց, չէ: Գյուղացու աշխատանքը հողն է, 4400 մետր հող ունեմ, բայց չեմ մշակում, ֆինանսականը պտի ների, որ մշակեմ, 7-8 տարի է չեմ մշակում»,- ասաց Ալիսա Գասպարյանը:
Լարիսա Մնացականյանն էլ նեղսրտած պատմեց. «Հիմա իմ ամուսինը պատրաստվում է արտագնա աշխատանքի գնալու, ինձ համար ընտրությունները ոչ մի նշանակություն չունեն, ուզում ա նա ընտրվի, ուզում ա նա: Որեւէ լավ բան էս ընտրություnներից հետո էլ չենք սպասում, ի՞նչ պետք է փոխվի: Ես հացի խանութում եմ աշխատում, օրեցօր գնալով ժողովրդի վիճակը վատանում է, հացը գալիս են պարտքով խնդրում են, ո՞նց չտաս, հաց են նիսյա առնում ու ամիսներով չեն կարողանում պարտքը փակել»:
Եվ սա այն դեպքում, երբ Օձունի 1400 հա վարելահողերը տարիներով անմշակ են: Գործող համայնքապետի դեմ նեղսրտած էին նաեւ գյուղի թիվ 2 փողոցին հարող տների բնակիչները. արդեն երկու տարի փողոցի երկայնքով ջրի առվակներ են հոսում, որոնք ձմռանը անանցանելի են դարձնում ճանապարհը:
Օձունում առաջադրված համայնքապետի երկու թեկնածուների` Հանրապետական կուսակցության անդամ, գործող գյուղապետ Մելիք Այվազյանի եւ անկուսակցական Արսեն Տիտանյանի նախընտրական հարաբերությունները ի սկզբանե վեր են ածվել թշնամանքի:
«25 օր առաջ Մելիք Այվազյանի տղան` Բարսեղ Այվազյանը, ընտրությունների հետ կապված կռվել եւ դանակով հարվածել է ընկերոջս` Պետրոս Նալբանդյանի ձեռքին»,- նախընտրական իրավիճակը այսպես սկսեց ներկայացնել Արսեն Տիտանյանը:
«Իմ տղան չի խփել դանակով, իրար հետ կռվել են, կռվելու ժամանակ վեր ա ընկել: Եթե դանակով խփել ա, ինչու՞ չի բողոքել»,- ասաց Մելիք Այվազյանը
Թումանյանի ՆԳ բաժնի պետ Արտուշ Բոշյանը մեզ հայտնեց. «Այդ դանակահարության նյութերը հանձնված են Ալավերդու քննչական բաժին եւ այժմ գտնվում են այնտեղ»:
Մելիք Այվազյանի հակակրանքն իր մրցակցի նկատմամբ առավել ակնհայտ էր հոկտեմբերի 14-ին Օձունի մշակույթի պալատում ընտրողների հետ նրա հանդիպման ընթացքում: Հանդիպման հենց սկզբում Մ. Այվազյանն ասաց. «Ես Արսեն Տիտանյանին հրավիրել եմ բանավեճի, բայց, ինչքան տեսնում եմ, ինքը չկա, ավելի վատ իր համար, որ ինքը չկա, էդ իրա գործն ա, համենայնդեպս ես կխոսեմ իմ 12 տարիների աշխատանքի մասին»:
Հանդիպման ընթացքում ձայն խնդրեց Արսեն Տիտանյանի շտաբի ներկայացուցիչը եւ հայտնեց, որ իրենց թեկնածուն մերժում է Մելիք Այվազյանի` նախընտրական հանդիպման ընթացքում բանավիճելու հրավերը եւ պահանջում է բանավիճելու այլ հանդիպում:
Զավեշտական էր Մելիք Այվազյանի 12 տարվա աշխատանքի հաշվետվությունը: Դրա ընթացքում պրն Այվազյանը մեծարում էր իրեն, ձեռքի հետ էլ իր ընտրողների աչքում թերագնահատում մրցակցին: Նա հաշվետվությունը հեռվից սկսեց` 1998 թ. Լոռու ջրանցքի 45 կմ երկարությամբ ջրատարի մաքրումից, աշխատանքների ընթացքում բանվորներին հացի փող տալու համար նա շնորհակալություն հայտնեց օձունցիներ Արարատ Գրիգորյանին, Այվազյան եղբայրներին (իր եղբայրներն են), Վագրիկ Անթառանյանին ու ասաց. «Բայց Տիտանյան եղբայրների կողմից ես ոչ մի օգնություն չեմ տեսել (Մելիք Այվազյանն ի նկատի ուներ իր մրցակից Ա. Տիտանյանի հորեղբայրներին)»:
Յուրահատուկ հրճվանքով նա ընտրողներին հայտնեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի գովեստը իր հասցեին. «Ասել մեր մարզպետին` ասում ա. «Մելիքին պատուհանով դուրս ենք անում, դռնովն ա մտնում, դռնովը դուրս ենք անում, պատուհանովն ա մտնում»»:
Ապա շարունակեց. «Ես կարող եմ ասել` մեր մարզում, ամբողջ հանրապետությունում եւ արտասահմանում չկա մի այնպիսի գյուղ, որ ունենա կաթողիկոսի արձան»: Մելիք Այվազյանը նկատի ուներ Օձունի գյուղամիջում կանգնեցված Հովհան Օձունեցու արձանը:
Ապա շարունակեց թվարկել իր արածները. «Խաչքարի տեղադրում, որը որ դուք բոլորդ գիտեք. դրված է մի քար, որի վրա գրված է` պետք է կառուցվի Օձունի նահատակների հիշատակի խաչքար»:
Գյուղապետը 12 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքների շրջանակներում 17 օբյեկտների անուններ հիշատակեց, որոնց ներդրումային գումարների մասին որեւէ ակնարկ չարեց: Ուշագրավ էր Մելիք Այվազյանի «կառուցած» 2 կմ երկարությամբ «Չիթաղի» ջրատարը, որի կապակցությամբ նա ընտրողներին ճարահատյալ խոստովանեց. «Դա բերվել է 100 տնտեսության համար, մենք ջրամբարը կառուցել ենք, բերել հասցրել տեղ, ովքեր փող ունեն, մի 14 ընտանիք նրանից օգտվում են, մյուսները, ինչ-որ փողային պայմաններից ելնելով, չեն կարողանում օգտվել այդ ջրատարից»:
Օձունցիները մեզ հայտնեցին, որ այդ ջրատարում իրականում ջուր չկա, շատերն են ներդրում արել այդտեղից ջուր ստանալու համար, հազիվ 2-3 ընտանիքի է բավականացնում ջուրը: Թե որքա՞ն գումար է ծախսվել ջրատարի վրա, Մելիք Այվազյանը չասաց: Հանդիպման ժամանակ նա ներկայացրեց 12 տարիների ընթացքում գյուղացիներին իր կողմից տրված օգնությունները: Հայտարարեց, որ Օձունում արվեստի դպրոցը, մանկապարտեզը եւ հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների երեխաների դասագրքերը տրվում են անվճար` գյուղապետարանի հաշվին:
Իրականում նա այդ գումարները հավաքում է ծնողներից, եւ քանի որ տարիներ շարունակ չի կարողանում ապահովել համայնքի բյուջեի սեփական հարկային եկամուտները, դրանք նախ որպես հողի հարկ մուտքագրում է բյուջե, ապա պարտադրված փոխանցում դպրոցներին եւ մանկապարտեզներին նախանշված ծախսերի համար: Օգնությունների ցանկում իր պատվավոր տեղն ուներ ամեն տարի ապրիլի 17-ին` Հովհան Օձունեցու ծննդյանը օրը, եկեղեցու բակում որպես մատաղ մորթվող ցուլիկը, որի համար համայնքի բյուջեից գյուղապետը հատկացրել է 530 հազար:
«Ցուլիկ» ասելիս Մելիք Այվազյանը հիշեց գյուղի քահանային. «Տեր Հայրն էստեղ չի, մեզ հետ շատ լավ չի, դրա համար չի եկել»,- ասաց նա: Ընտրողներին Մելիք Այվազյանը ներկայացրեց նաեւ իր նախընտրական ծրագրերը: Ընտրվելու դեպքում խոստացավ գյուղի մուտքի մոտ քարակերտ կամար կառուցել «շատ շքեղ, սիրուն ձեւով, որի համար պետք է հրավիրի շատ հետաքրքիր ճարտարապետ»: Գյուղամիջյան շուրջ 2 կմ անբարեկարգ ճանապարհների համար խոստացավ կապիտալ վերանորոգում, փոսալցումների մասին ասաց. «Փոսային լցումները փող լվանալու միջոց է»:
Օձունի փողոցների գիշերային անթափանց խավարը լուսավորելու համար նա խոստացավ 50-60 լուսակետ: Խոստացավ նաեւ, որ ընտրվելուց հետո վերանորոգելու է գյուղի գերեզմանոցի ճանապարհը եւ թույլ չի տալու Տիտանյաններին անցնել էդ ճանապարհով, քանի որ «նրանք երկու ասֆալտի գործարան ունեն, Շնող գյուղի տակից մինչեւ Օձունի տակն էլ իրենցն է, բայց գյուղում մի մետր անգամ ասֆալտ չեն արել: Այսինքն` ուզում են իմ բերած աղբի մեքենայով իրենք աղբահանություն անեն»,- նեղսրտած ասաց Մելիքը:
Հանդիպման ընթացքում գյուղապետին նաեւ հարցեր տրվեցին: Գյուղացիներից մեկին հետաքրքրում էր, թե ինչ եղավ 2007 թ. 7-րդ ամսի 7-րդ օրը կարկտահարության հետեւանքով գյուղացիներին հասցված 150մլն վնասի դիմաց Օձունում հակակարկտային թնդանոթներ տեղադրելու նրա խոստումը: Պարզվեց` օձունցիները մինչեւ օրս ոչ վնասի փոխհատուցում են ստացել, ոչ էլ` թնդանոթներ: Մ. Այվազյանը գյուղացիներին հրավիրեց գյուղապետարան` նախագահ Սերժ Սարգսյանին այդ մասին նոր դիմում գրելու: Եվ քանի որ ՎիվաՍելը 9 մլն դրամանոց ավտոմեքենա է նվիրել Օձունի գյուղապետարանին, Սեյրան Խանվելյանն էլ հարցրեց. «Պարոն գեղապետ, էդ մեր թանկ աղբի ավտոմեքենան ե՞րբ է գեղումը պտտվելու»:
«Մեքենան բենզինով է աշխատում, քանի որ բենզինը թանկ է, ընտրություններից հետո գազով կդարձնենք ու կաշխատի»,- պատասխանեց գյուղապետը:
Հանդիպման վերջում նա ընտրողներին խրոխտ ձայնով հորդորեց. «Եթե ուզում եք ուժեղ ու հզոր գյուղապետ ունենալ, գնացեք, ընտրելուց առաջ լավ մտածեք»: Հանդիպման ավարտից հետո մեր հարցին, թե որքա՞ն է Օձունի համայնքի 2008 թ. բյուջեի նախատեսված եկամուտները, Մելիք Այվազյանն անկեղծորեն խոստովանեց. «Չեմ կարող ասել, չեմ կարող ընդհանուր հոդվածներով ասել, թե բյուջեն քանի միլիոն ա»: Նշենք, որ 5 հազար բնակիչ ունեցող Օձունը վաղուց դատարկվում է, գյուղից ամեն մի հեռացող իր հուսահատությունը թողնում է մնացողին: Մինչդեռ Մելիք Այվազյանը հոկտեմբերի 19-ին ակնկալում է Օձունի 3500 ընտրողների 70%-ի քվեները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել