Անհրաժեշտ գույք և սարքավորումներ՝ ԼՂՀ մայրաքաղաքին
ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրել քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ` հատուկ քաղաքային այգիների եւ շենքերի հարակից տարածքերի սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:
Ստեփանակերտի առայժմ միակ գործող Մուրացանի անվան գրադարանը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ: Դպրոցներին եւ մանկապարտեզներին էլ մարզական գույք է տրվել: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ եւ կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:
Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաքն այսուհետեւ կունենա նաև Արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Այդպիսով ավտովթար, հրդեհ կամ յուրաքանչյուր այլ արտակարգ պատահարի դեպքում քաղաքացիների ահազանգերին արձագանքելն այսուհետ կլինելի շատ ավելի հեշտ եւ համակարգված: Այդ նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետի կողմից անհրաժեշտ սարքավորումներով կահավորվել է մեկ սենյակ և բացատրվել է ծրագրի կիրակման եւ կառավարման բոլոր մանրամասները:
Ծրագիրը հնարավորություն է տալու նաեւ հաշվետվություններ ստանալ` շաբաթների, ամիսների եւ տարվա կտրվածքով: Նախատեսվում է, որ համակարգչային այս ծրագիրը կներդրվի նաեւ ԼՂՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Վերոնշյալից բացի՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նեղ մասնագիտական ուղղվածության թվով 18 բարձրակարգ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտի համաբուժարանում, 2 հիվանդանոցներում եւ Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցում ընդունել են հարյուրավոր հիվանդների: Բաց դռների շրջանակում անվճար բուժսպասարկում եւ, ըստ անհրաժեշտության, դեղորայք է տրամադրվել բոլոր այցելուներին: Կատարվել են նաեւ վիրահատություններ:
Երեւանից ժամանած բժիկների հետ զրուցել եւ շնորհակալություն է հայտնել ԼՀՂ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը: Հատկապես կարեւորելով փորձի փոխանակումն ու երեւանյան առաջատար բուհաստատությունների հետ հետագա համագործակցությունը, նախարարը նախ և առաջ ընդգծել է սպասարկման բարձր մակարդակը:
«Հատկապես Քարվաճառը, Գետավանը շատ հեռու են եւ այդ բնակչությունը դժվարությամբ է Ստեփանակերտ հասնում, դրա համար մենք ընտրեցինք այդ գյուղերը, ինչն ավելի նպատակահարմար կլիներ նախաձեռնության արդյունավետության տեսանկյունից: Անչափ շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին նման նախաձեռնության համար: Հուսամ դրանք կլինեն շարունակական»,- նշել է նախարարը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել