HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2.5-ամյա դուստրը կանխազգացել է հոր մահը

14-ամյա Սաթենիկը հորը թեեւ կյանքում չի տեսել, բայց նրա մասին գիտի ամեն ինչ: Իմացել է ինչպես մոր, այնպես էլ հարազատների ու հայրիկի ընկերների պատմածներից: Սաթիկը ծնվել է հոր մահից 8 ամիս անց: Հայրը նույնիսկ չի էլ իմացել, որ կինը հղի է ու պետք է երկրորդ երեխան ունենա:

«Սամվելի թաղումից հետո է պարզվել, որ երեխայի եմ սպասում»,- պատմում է Սամվելի կինը` Նունեն: Փոքրիկ քույրիկի լույս աշխարհ գալու հավանականությունը յուրովի է զգացել 2.5-ամյա քույրը` Գեղանուշը: «Մի օր առավոտյան նա, արթնանալով քնից, ասաց` հայրիկն ասել է` մայրիկը թող խանութից քեզ համար մի քույրիկ բերի»,- հիշում է Նունեն ու ավելացնում, որ Գեղանուշն այդպես զգացել էր նաեւ հոր մահը, երբ կեսգիշերին քնից արթնանալով` սկսել է ուժեղ լալ ու ասել. «Պապային թուրքերը սպանել են»: 

Սամվել Սաֆարյանին Ղարաբաղում շատերը գիտեն: Նրա շնորհիվ են ոչնչացվել թշնամու բազմաթիվ կրակակետեր: Նրան «հրետանու ուղեղ» էին անվանում: Սամվելին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան եւ փոխգնդապետի զինվորական կոչում:

Սամվելի անունով է կոչվում նրա ծննդավայրի` Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ Ստեփանակերտի Շախմատի կենտրոնական տանն արդեն երկար տարիներ նրա հիշատակին նվիրված հուշամրցաշար է անցկացվում:

1961 թվականին ծնված Սամվելը, ավարտելով հայրենի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը, ուսումը շարունակել է Երեւանում` նախ ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում, այնուհետեւ` Երեւանի պետհամալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Այնուհետեւ նա վերադարձել է Ստեփանակերտ, որտեղ ֆիզմաթ դպրոցում եւ շախմատի մանկապատանեկան դպրոցում աշխատել է որպես ուսմասվար եւ մարզիչ:

Հենց շախմատի դպրոցում աշխատելու ժամանակ է նա ծանոթացել ապագա կնոջ` Նունեի հետ: Ամուսնացան 1990 թվականի դեկտեմբերի 1-ին: Հարսանիքը երկու օր տեւեց: Ավդուռից Սամվելի հարազատները ժամանեցին Ստեփանակերտ, որտեղ միջոցառումն ավարտվելուց հետո պետք է գնային գյուղ` շարունակելու հարսանյաց հանդեսը, սակայն Ստեփանակերտի մոտակայքում գտնվող Մալիբեյլու գյուղում բնակվող ադրբեջանցիներն անընդհատ կրակում էին հրացաններով, իսկ գյուղ տանող ճանապարհն այդ բնակավայրով էր անցնում: Սպասեցին հաջորդ օրվան եւ, շրջանցելով Մալիբեյլուն, հասան հայրենի Ավդուռ:

Մեկ ամիս գյուղում մնալուց հետո վերադարձան Ստեփանակերտ: Սամվելն արդեն ինքնապաշտպանական կամավորական ջոկատում էր ընդգրկված: Որոշ ժամանակ անց, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, նա արդեն հրետանային մարտկոցում էր:
Որոշ ժամանակ անց Սամվելը դարձավ հրետանային բրիգադի հրամանատարը:

«Երբ առաջին անգամ նա ծանր վիրավորվեց, չէի հավատում, որ ողջ է: Մարմինն ամբողջովին վնասված էր: Ականի վրա պայթել էր նրանց մեքենան, եղբայրս էլ էր նույն մեքենայում: Ամենածանր վիրավորը միայն Սամվելն էր: Երրորդ օրը նա սկսեց շարժվել, աչքերը բացեց, բայց ինձ չճանաչեց: Չճանաչեց նաեւ մորը, նույնիսկ դստերը` Գեղանուշին, որին շատ էր սիրում, եւ ուշադրության կենտրոնում միայն նա էր: Միակ մարդը, ում ճանաչեց, ինչպես ինքն այդ ժամանակ արձագանքեց, «շեֆն» էր` Ժորա Գասպարյանը, որին իսկույն հարցրեց հրանոթների մասին»,- հիշում է Նունեն: Ապաքինվելուց հետո Սամվելը ռազմաճակատ էր գնում արդեն հենակներով: Քանի որ թեժ մարտեր էին Ղարաբաղի տարբեր շրջաններում, նրա կարիքը շատ էր զգացվում դիրքերում: Ընկերները նրան գրկած ամեն անգամ իջեցնում էին չորրորդ հարկում գտնվող բնակարանից ու իրենց հետ մեքենայով դիրքեր տանում:

Այդպես հենակներով քայլող հրետանային բրիգադի հրամանատար Սամվել Սաֆարյանը մասնակցում էր տարբեր մարտերի: Վերջին անգամ տանը եղավ 1994-ի մարտի 15-ին: «Լուսնկա գիշեր էր, երբ պետք է էլի գնար: Շատ էի խնդրում, որ մնա, բայց պնդում էր, որ վերջին անգամ է գնում,- ամուսնու հետ վերջին հանդիպումն այսպես է հիշում Նունեն:

Երկու օր անց` մարտի 17-ի գիշերը, Սամվելը զոհվում է Օմարում, երբ նոր դիրքեր ընտրելու համար չորս հոգով դուրս էին եկել մեքենայից եւ նշումներ էին անում քարտեզի վրա: Հակառակորդի արկը պայթում է ուղիղ նրանց մեջտեղում: Չորս հոգուց միայն մեկն է հրաշքով ողջ մնում: Հենց այն նույն գիշերն էր, երբ 2.5-ամյա դուստրը, արթնանալով քնից, հեկեկալով մորը հայտնում է հոր զոհվելու մասին:

Նունեն հիմա աշխատում է Ստեփանակերտի թիվ 11-րդ դպրոցում` որպես տարրական դասարանների ուսուցիչ: Մեծ աղջիկը` Գեղանուշը, ավարտել է դպրոցը եւ պատրաստվում է ընդունելության քննությունների, հոգեբան է ուզում դառնալ, իսկ փոքրիկ Սաթենիկը դեռ աշակերտ է` սովորում է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում, որտեղ նախկինում դասավանդում էր հայրը:

Ընտանիքն ապրում է Նունեի աշխատավարձով եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող նպաստով: «Ճիշտ է, դժվար է, բայց փորձում ենք հետ չմնալ մնացածներից, ձգտում եմ ամեն ինչ տեղը տեղին հասցնել: Այլ կերպ չեմ կարող, Սամվելն ինձ չի ների...»,- ասում է Նունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter