
Անասնագողությունները սահմանագոտում կյանքն ապակայունացնում են
Հուլիսի 10-ի առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի 74-ամյա բնակիչ Բաղիշ Հարությունյանին տհաճ անակնկալ էր սպասում: Առավոտյան ժամը 5:30-ին նա պատրաստվում էր անասունները դաշտ տանել:
Գոմին կից մետաղալարով ցանկապատված տարածքից` «աղալից» անհետացել էին 104 ոչխարը, 40 գառը եւ 6 այծը: Անասնագողերից փրկվել էին միայն գոմի մեջ գտնվող 4 ուլը: Հավանաբար, կողոպտիչները չէին մտածել, որ ամռան շոգին գոմի մեջ կարող է անասուն լինել: «Որսորդական երկու շներս էլ թմրած-քնած էին, ոստիկաններն ասացին, որ դրանց թունավորել են»,- ասում է Բաղիշը:
Հարությունյանների առանձնատնից մինչ հայ-ադրբեջանական սահման շուրջ 3 կմ է: Ի դեպ, անասնագողը (կամ անասնագողերը) գողացված անասունները քշել-տանելու ժամանակ մի գառ, որի ոտքը կոտրված էր, թողել են սահմանապահ զինվորական ստորաբաժանման պարսպի տակ, անմիջապես միջպետական մայրուղու եզրին: Այդ գառը հիմա Հարությունյանների գոմում է, սակայն կոտրված ոտքով դժվար թե ապրի: Մանր եղջերավորների հետքերը տրորել էին խոտհարքը: Հայկական եւ ադրբեջանական հենակետերը սահմանի այս հատվածում իրար շատ մոտ են` մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Անասունների հետքերով առաջնորդվելով` Հրայրն իր հորեղբոր տղայի` Բորիսի հետ մոտեցել է սահմանին: Նրա խոսքերով` մինչ սահման մնացել էր մոտ 300 մ, սակայն առաջ գնալը վտանգավոր էր. ադրբեջանական հենակետերից կրակ կբացեին, մանավանդ որ վերջերս այդ տեղանքում ադրբեջանական կրակից վիրավորվել էր բաղանիսցի հովիվ Լեւոն Ավագյանը:
Հարությունյանների 6 հոգանոց ընտանիքն այժմ ծանր կացության մեջ է: Բաղիշ Հարությունյանն աջակցության խնդրանքով նամակներ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Այս դեպքից 2 օր անց Բաղանիսի հարեւան, սահմանամերձ Ոսկեվանում անասնագողություն է կանխվել: «Կեսգիշերին ես ու ամուսինս կովի բառաչ լսեցինք: Արթնացանք, տեսանք, որ մեր տան դիմացի դաշտում 3 հոգի ծխախոտի վառիչներով պտտվում են: Ափսոս, որ ուշ զանգահարեցինք ոստիկանություն: Ոստիկանները ժամը 3-ին եկան, անծանոթներն էլ անհետացան գիշերային խավարի մեջ: Գիշերվա ուշ ժամին գյուղում ոչ ոք կորած անասուն չի փնտրում, հավանաբար անասնագողեր էին»,- պատմում է ոսկեվանցի Նվարդ Գրիգորյանը:
Նույն Ոսկեվան գյուղում այս տարվա մարտի 31-ին գողացել էին Էմմա Գեւորգյանի կովը, մոզին ու հորթը: Գեւորգյանների տունը գյուղի եզրին է, սահմանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:
Անցյալ դարի 90-ական թվականներից մինչ օրս Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում անասնագողության տասնյակ դեպքեր են եղել, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անասուններ են անհետացել: Գողությունները, չնչին բացառությամբ, չեն բացահայտվել: 1997 թ. Ջուջեւան գյուղում անասնագողություն կատարվեց: Սակայն ադրբեջանցի 3 անասնագողերը չէին հասցրել հատել սահմանը, նրանք առավոտյան մշուշի մեջ մոլորվել էին անտառում: Նրանք սպանվեցին հետապնդող ջուջեւանցիների եւ նոյեմբերյանցի ոստիկանների կողմից: Հետագայում նրանց դիակները հանձնվեցին ադրբեջանական կողմին: Այս դեպքից հետո որոշ ժամանակ անասնագողությունները դադարեցին, բայց հետո էլի վերսկսվեցին: Ընդամենը երկու տարի` 2005-2007թթ., Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերում անասնագողություններ չեղան: Անասունների առեւանգումը վերսկսվեց 2007 թ. ապրիլի լույս 22-ի գիշերը, երբ սահմանամերձ Կոթի գյուղում անհայտ անձինք գողացան Հովհաննես Հախվերդյանի 9 մոզին: Անցյալ տարի անասնագողություններ եղան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան, Ոսկեպար, նաեւ Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան, Բերքաբեր սահմանամերձ գյուղերում: Անցյալ տարի Ոսկեպարից գողացել էին Դերենիկ Պապյանի 5 կովը: Դժվարին վիճակում հայտնված համագյուղացուն սատարելու համար ոսկեպարցիներն իրենց սուղ միջոցներից հանգանակություն կատարելով` Պապյանի համար 1 կով եւ 1 մոզի գնեցին:
Անասնագողությունները կատարյալ պատուհաս են դարձել Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների համար: Գյուղացիները կարծում են, որ դրանց հետքերը տանում են դեպի Ադրբեջան, դրա համար էլ այդ հանցագործությունները չեն բացահայտվում: Նաեւ կասկածում են, որ ադրբեջանցիների հետ հանցակից տեղացիներ էլ կան` «երբ գողը տնից է լինում, եզը երդիկով են հանում»: Մի իրավապահ, ով չցանկացավ իր անունը հրապարակել, անասնագողությունների իր վարկածը ներկայացրեց. գարնանը եւ ամռանը Ադրբեջանի հետախուզական դպրոցը տալիս է իր շրջանավարտները: Վերջիններիս համար յուրատեսակ «դիպլոմային աշխատանք» է համարվում հայկական սահմանամերձ գյուղերից անասնագողությունը: Մի քանի տարի առաջ անասնագողությունները կանխելու նպատակով Բարեկամավան գյուղի սահմանագոտին ականապատվեց: Ադրբեջանցի անասնագողերը սահմանագծին ականների վրա պայթեցին: Դրանից հետո հեռավոր Բարեկամավանում անասնագողությունները դադարել են: Որոշ տեղերում գյուղացիները, հույսներն իրենց վրա դնելով, դիմում են «տեխնիկայի» օգնությանը: Դովեղ գյուղի բնակիչ Գարիկ Ամիրխանյանն իր գոմում դպրոցական զանգ էր տեղադրել: Մի քանի տարի առաջ, ուշ գիշերին, տան մեջ ուժգին հնչեց զանգը` ազդարարելով անասնագողերի մուտքը: Արթնանալով` տնեցիները վառեցին լույսերը, իսկ գողերը փախուստի դիմեցին:
Սահմանամերձ գյուղերի շատ հողեր, ականապատված լինելով կամ վտանգավոր տեղանքում գտնվելով, չեն մշակվում: Գյուղացու եկամտի միակ միջոցը մնում է անասնապահությունը: Սակայն անասնագողությունները կտրում են նաեւ վերջին հույսը:
Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների գույքի ապահովությունը: Եթե չի կարողանում ապահովել, գոնե սահմանագոտու բնակիչներին չզինաթափի` հավաքելով պատերազմից մնացած զենքն ու զինամթերքը: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները երկյուղում են, որ անասունների նվազելուց հետո գյուղերից կարող են նաեւ մարդկանց առեւանգել: Տագնապի զանգը բազմիցս հնչել է: Այն լսող եւ արձագանքող է պետք:
Մեկնաբանել