HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ճակատագրի դառն անակնկալները կոփել են նրան

Արցախյան պատերազմի ժամանակ նրա տանկն առաջինն էր մտնում հակառակորդի դաշտը, առաջինն էր այնտեղ, որտեղից վերադառնալու շանսը շատ քիչ էր:

Նրան միշտ առաջ էին քաշում, քանի որ գիտեին, որ Լավրենտն իր գործը պատշաճ կերպով կանի ու կվերադառնա: Այս մասին կարող ես լսել նրան ճանաչող ցանկացած նախկին ազատամարտիկից:

Շատերը գիտեն Լավրենտ Շումանյանի քաջագործությունների մասին, որոնց հետեւանքով նա պատերազմի ժամանակ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել: Այնքան, որ բոլորը չի հիշում ու շատերը թեթեւակի է համարում, քանի որ հիվանդանոցում շատ քիչ է մնացել եւ ամեն անգամ ապաքինվելուց հետո իսկույն վերադարձել է մարտադաշտ:

«Ականի վրա իմ տանկով պայթել եմ 29 անգամ»,- պատմում է Լավրենտը ու հիշում մարտերից մեկը, երբ նա գլխի վնասվածք է ստանում, ու «միանգամից 3 ականի պայթյունից առաջացած ալիքը նրան հանում է տանկից ու շպրտում գետնին»: Սակայն, դա նրա վերջին մարտը չի լինում, քանի որ էությամբ համարձակ ու քաջարի Լավրենտը հանգիստ տեղը չէր կարողանում նստել, եթե զինակիցները վտանգի մեջ էին: Հենց այդ ներքին ամրությունն ու ինքնավստահությունն էին նրան մղում տարբեր սխրագործությունների, այդ հատկությունների շնորհիվ է նա մինչ օրս հաղթահարում ճակատագրի ամենատարբեր հարվածները:

Խորհրդային բանակում որպես նավաստի ծառայած Լավրենտը երբեւէ չէր կարող պատկերացնել, որ մի քանի ժամում տանկիստ կդառնա, այն էլ` շատ լավ տանկիստ: Գաղափարի հեղինակը բոլորիս հայտնի Ավոն է (Մոնթե Մելքոնյանը), որի մոտ Լավրենտը որոշ դժվարություններով հայտնվեց: «1992 թվականի սկզբներին, երբ խորհրդային բանակում 9 ամիս ծառայելուց հետո տեղափոխվեցի հայրենիք, պատերազմական գործողություններն արդեն սկսված էին»,- պատմում է Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ծնված ու մեծացած Լավրենտը:

Անծանոթ մարդու մտքով չի անցնի, որ նա ընդամենը 36 տարեկան է, սակայն տեղեկանալով նրա անցած ուղուն` հասկանում ես, որ բոլոր դժվարությունները եւ կյանքի հարվածներն իրենց հետքն են թողել հաղթանդամ այս տղամարդու արտաքինի վրա:

Երբ խորհրդային բանակից վերադարձավ հարազատ տուն, հաջորդ օրն իսկույն գնաց շրջկենտրոն` Մարտունի, եւ հայտնեց հայրենիքը պաշտպանող տղաներին միանալու իր պատրաստակամությունը: Սկզբում նորեկին փորձեցին չընդունել, սակայն Ավոյի հետ առնչվելուց հետո իրավիճակը լիովին փոխվեց: Մասնագիտությամբ տրակտորիստ Լավրենտի կարիքը զգացվեց հենց առաջին օրը, երբ անսարք տրակտորը պետք էր կարգի հրավիրել եւ թնդանոթները տանել դիրքեր: Այդպես սկսեց իր մարտական ուղին, որից հետո մարտերին մասնակցում էր տարբեր զինատեսակներով` մինչեւ «տանկիստի կարգավիճակ ստանալը»:

«Օրերից մի օր Ավոն մեր հրամանատարին նամակ է ուղարկում եւ պահանջում, որ ինձ նրա մոտ ուղարկեն: Գնում եմ, ու Ավոն ինձ հայտնում է, որ պետք է տանկիստ դառնամ: Ուրախանում եմ, քանի որ երազանքս էր տանկիստ դառնալը: Խնդրում եմ, որ ինձ մեկ շաբաթ ժամանակ տա այդ ամենի համար, սակայն նա ի պատասխան ասում է` դու այսօր, 3 ժամից հետո պետք է տանկիստ դառնաս: Այդպես էլ սկսվում է գործընթացը, ինձ ծանոթացնում են այդ զինատեսակի հետ` ամենայն մանրամասնությամբ, եւ մեկնում ենք դիրքեր»,- հիշում է Լավրենտն ու շարունակում իր մարտական ուղու պատմությունը, որն իրեն հասցրել է մինչեւ Օմար:

Հենց այստեղ էլ նա վերջին անգամ վիրավորվել է: Իր ասելով` դա ամենասարսափելին էր: Շարասյունը նեղ ճանապարհով դեպի Օմար սարն էր բարձրանում, երբ ճանապարհին ականի վրա հերթական անգամ պայթեց Լավրենտի տանկն ու անձնակազմի անդամներին շպրտեց տանկից դուրս: Անձնակազմի մյուս անդամները գնացին մոտակա դաշտային հոսպիտալ, իսկ Լավրենտը սպասում էր օգնության եկող տղաներին, որպեսզի տանկը կարգի հրավիրելուց հետո շարունակեր ճանապարհը: Տանկից մի քանի մետր հեռավորության վրա նա սպասում էր, երբ մոտակայքում զգաց հերթական պայթյունը, որը նրան նետեց թփերի մեջ: «Ադրբեջանցիները ֆագոտով խփեցին տանկիս, որի տեղում ոչինչ համարյա չմնաց,- պատմում է Լավրենտն ու հիշում, թե ինչպես էր ականջներից արյուն գալիս ու լեզուն կապվել էր:- Փորձեցի կապվել տղաների հետ, սակայն չէի կարողանում բառերն արտաբերել: Բարեբախտաբար, տղաները նկատել էին արդեն եւ հայտնեցին, որ շուտով կգան»:

Լավրենտի ապագա կինը` Զարինեն, գիտեր, որ նա բազմիցս վիրավորվել է պատերազմում: Այդ տարիներին նա Ստեփանակերտի ծերանոցում էր աշխատում, որտեղ էլ Լավրենտը ծանոթացավ նրա հետ եւ սիրահարվեց: Զարինեն միշտ տխուր էր: Դա էլ հենց հետաքրքրեց Լավրենտին: Պարզվեց, որ Զարինեն որբ է: Այստեղ էլ կարծես թե ճակատագիրը Լավրենտին էր մատուցում իր երբեմնի ցանկության իրականացումը: «Մինչեւ ամուսնանալը, երբ մայրս անընդհատ հարցնում էր, թե ինչ աղջկա հետ եմ ամուսնանալու` գեղեցի՞կ, հարո՞ւստ եւ այլն, իմ պատասխանը միշտ նույնն էր, որ որբ աղջկա հետ եմ ամուսնանալու, որպեսզի այս կյանքում մեկին էլ լավություն անեմ: Այդպես էլ եղավ. մեկ տարի երկու ամիս Զարինեն ինձ «տանջեց», մի րոպե անգամ չէր կանգնում հետս զրուցելու, բայց հետո, երբ այդ հնարավորությունն ինձ ընձեռվեց, շատ կարճ ժամանակում որոշեցի ամուսնանալ»,- ասում է ինքնավստահ, կատակասեր Լավրենտը եւ նայում համեստ հայացքով ու ժպտերես կնոջը:

Չորս տարեկան էր Զարինեն, երբ քույրը, մայրն ու հայրը մահացան, եւ նա մնաց միայնակ: Ով պատահի` պահում էր նրան, մինչեւ չհայտնվեց իր կյանքի ասպետը: 1994 թվականի ապրիլի վերջին նրանք ամուսնացան: Սկզբում ապրում էին ամուսնու հարազատ գյուղում: Լավրենտը հրադադարից հետո նույնպես ծառայում էր պաշտպանության բանակի շարքերում: 2002-ին ՊԲ-ն նրանց բնակարան է հատկացնում Ստեփանակերտում, որը, սակայն, 1.5 տարի անց ստիպված վաճառում են ու Զարինեին տանում Երեւան վիրահատության: Զարինեն արդեն 6 վիրահատություն է անցել, այժմ էլ սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն, ինչպես ինքն է ասում, երկար դառնություններից հետո Աստված նրանց Արսենին է պարգեւել, որը տան ուրախությունն է:

7-ամյա Արսենը նրանց երրորդ երեխան է, որի աշխարհ գալն ինչ-որ չափով մեղմացրել է նրանց երկրորդ երեխայի կորստի վիշտը:

Լավրենտը տեղափոխվել է Շուշի եւ ամեն ինչ սկսել զրոյից: Ինչպես ինքն է ասում` թաց խոտի վրա կրակ է վառել, իսկ հիմա ամեն կերպ փորձում է սեփական գործ ստեղծել ու ընտանիքը պահել, ինչը դեռեւս նրան չի հաջողվում: 2007-ին ցանկացել է «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում վարկ ստանալ, սակայն բանկն անհայտ պատճառներով նրան մերժել է:

Այժմ ընտանիքի միակ եկամուտը Լավրենտի 54.000 դրամ թոշակն է (նա արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է): Պետությունը տարիներ առաջ նրան «Նիվա» մեքենա է տրամադրել, որը մինչ օրս պահում է, սակայն եկամուտի որոշակի աղբյուր է նրա համար ամերիկահայ Արա Մանուկյանի կողմից ժամանակավոր տրամադրված «Կռազ» մեքենան, որը հարկ եղած դեպքում օգտագործում է 2-րդ կարգի հաշմանդամը, չնայած խոստովանում է, որ գործ քիչ է լինում: Նա հպարտությամբ է խոսում ամերիկահայ Արայի մասին, ով օգնության ձեռք է մեկնել նրանց:

«Ես չեմ ասում, որ պետությունը մեր տղաներին ֆինանսական աջակցություն ցուցաբերի, այլ պարզապես աշխատանք տա, որ անենք ու մեր ընտանիքները պահենք: Մարդ կա` սայլակի վրա է, բա նա ո՞նց ապրի»,- ասում է Լավրենտը:

Հիշում է բոլոր մարտական ընկերներին, մանավանդ` զոհվածներին, որոնց մասին կարող է ժամերով պատմել: Բայց ամենից շատ սիրտը ցավում է Ապերիկի (Արարատ Շամամյանի) համար, որն ընդամենը 17 տարեկան էր, երբ զոհվեց:

Տարիների դժվարություններն այնքան են ամրացրել ու կոփել Լավրենտին, որ խնդիրներն արդեն սովորական են դարձել: Ինքնավստահ, համարձակ այս տղամարդուն, թերեւս, կարող են խեղճացնել միայն անարդարությունները, որոնք, ըստ նրա, շատ են մեր կյանքում: Ինչպես ինքն է ասում. «Մարդիկ կան` մեքենաները գուլպաների նման են փոխում, իսկ շատերն էլ չեն կարողանում նույնիսկ գուլպաները փոխել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter