HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Մենք նման ենք երեխայի, որին կարելի է ուրախացնել նույնիսկ մի փոքրիկ խաղալիքով»

43-ամյա Վազգեն Խաչատրյանի սայլակը միշտ դրված է լինում նրա շենքի շքամուտքում: Հենց այստեղ է ամեն օր հենակներով հասնում արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Վազգենը, որից հետո սայլակով ուղեւորվում է ամենօրյա զբոսանքի:

Իսկ զբոսանքի վայրն այնքան էլ հեռու չէ` կամ շենքի բակն է, որտեղ հիմնականում հարեւանների հետ նարդի է խաղում Վազգենը, կամ էլ իրենց ավտոտնակը, որտեղ, իր ասելով, ամեն օր մի զբաղմունք է գտնում եւ օրը մթնեցնում:


Բայց ամեն անգամ երկրորդ հարկից առաջին հարկ իջնելը Վազգենի համար մեծ դժվարություն է: «Հավասարակշռությունս դժվարությամբ եմ պահում ու միշտ մտածում եմ, որ մի օր իջնելուց կընկնեմ»,- ասում է կատակասեր Վազգենը:

Վազգեն Խաչատրյանը Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում է ծնվել ու մեծացել: Այստեղ էլ ամուսնացել է Աննայի հետ, ով կիսել է Վազգենի հետ կյանքի բոլոր դժվարությունները: Մինչեւ պատերազմը Աննան ստիպված է եղել 1 տարի 2 ամիս սպասել ազատազրկված ամուսնուն: Ազատազրկման պատճառը մի միջադեպ էր, որի արդյունքում, ինչպես Վազգենն է պատմում, բարկացած խփել էր համագյուղացի մի տղայի, եւ նրա ձեռքը կոտրվել էր: «Շարժման սկզբին էր, երբ այդ տղան դատի տվեց ու փորձում էր ամեն գնով ինձ Շուշիի բանտում նստեցնել: Ես էլ խուսափում էի դրանից, քանի որ, ինքներդ գիտեք, թե այդ տարիներին Շուշիի բանտ ընկնողի վերջն ինչ էր լինում: Երկար դատական պրոցեսներ գնացին, սակայն վերջում ինձ որոշեցին աքսորել Ղարաբաղից»,- պատմում է Վազգենը:

Նա հայտնվեց Չելյաբինսկի շրջանի Մագնիտոգորսկ քաղաքում, որտեղ աշխատում էր քաղաքի մի շինարարական վարչությունում որպես վարչության պետի վարորդ: 1 տարի 2 ամիս հետո նա վերադարձավ հայրենիք:

Երկու երեխաների եւ կնոջ հետ ապրում էր Ստեփանակերտի` խորհրդային տարիներից մնացած անասնաբուծական լաբորատորիայի շենքի սենյակներից մեկում: Այստեղից էլ նա արցախյան պատերազմի ժամանակ միացավ իր համագյուղացիներին եւ ընդգրկվեց հարազատ գյուղում ստեղծված ջոկատում:

Վազգենը Ղարաբաղի տարբեր բնակավայրերի ազատագրման մարտերին է մասնակցել, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, «միշտ վախենում էր մինոմյոտից»: Եվ ինչպես կանխազգում էր Վազգենը, հենց այդ զինատեսակն էլ միանգամից փոխեց նրա կյանքը, ինչի «պտուղներն» ուրախ ու կատակասեր ազատամարտիկը քաղում է մինչ օրս:

1993-ի օգոստոս ամիսն էր, երբ իրենց ջոկատը գտնվում էր նախկին Ղուբաթլուի շրջանում: «Հրաման ստացանք, որ պետք է գիշերն անցնենք հակառակորդի դիրքերի մյուս կողմը եւ առավոտյան սկսենք հարձակումը: Մութ ու խավար գիշեր էր, երբ փոքրիկ արահետով 200 հոգով իջնում էինք մի խոր ձորով: Միակ միջոցն իրար ձեռքից բռնած գնալն էր, քանի որ բաց թողնելու դեպքում հնարավոր էր գլորվեիր ձորը: Ինչեւէ, հաջող անցանք հակառակորդի հետեւի կողմը: Երբ լույսն ընկավ, շատ պարզ տեսանելի էր, թե մեր հակառակորդն ինչով էր զբաղված դիրքերում. մեկը դեռ քնած էր, մյուսը նոր էր արթնանում եւ այլն: Ինձնից անկախ` սկսեցի խղճալ այդ մարդկանց, դե մարդ են, չէ, մեր նման, սակայն երբ գիտակցեցի, որ պատերազմում ենք, եւ մեր փոխարեն իրենք մեզ կկրակեն, ինձ հավաքեցի»,- վերջին մարտի իր ապրումներն է հիշում բարձրահասակ, բարետես ու կապուտաչյա Վազգենը, ով հիմա ստիպված է հենակներն իր անկողնու կամ բազմոցի մոտ պահել, որպեսզի ցանկացած պահի, առանց որեւէ մեկին նեղություն տալու, վեր կենա տեղից:

Վազգենը հիշում է, որ այդ օրը հաջողությամբ վերցրեցին հակառակորդի դիրքերը, սակայն չէր պատկերացնում, որ նույն օրը, մի քիչ հանգստանալուց հետո, ադրբեջանական զորքերը հարձակման կանցնեն:

«Սկսեցին մեզ վրա կրակել, այն էլ ինձ համար ամենաահավոր մինամյոտ զենքից: Չգիտեինք` որտեղ թաքնվեինք, քանի որ դա հենց այն զենքերից է, որից փախչել պարզապես հնարավոր չէ` ո՛չ ժայռն է փրկում, ո՛չ բլուրը, ո՛չ պառկելը: Էլ ոչինչ չեմ հիշում, մնացածն արդեն պատմել են»,- ասում է նախկին ազատամարտիկը եւ շեշտում, որ վիրավորվել է իրենց ամուսնության օրը` օգոստոսի 16-ին:

Աննան 27 օր սրտատրոփ սպասում էր, թե երբ Վազգենը կբացի աչքերը, եւ գիտակցությունը տեղը կգա:
«Երբ բացեցի աչքերս, տեսա լույս, անծանոթ պատեր, իսկ կողքիս Աննան էր: Ուրախացա, որ մինամյոտի այն վախն արդեն չկա: Երբ հարցրեցի, Աննան ինձ ասաց, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում եմ, եւ որ իբր միայն ոտքս է վնասվել, բայց ես տեսնում էի գլխիս փաթաթանները»,- հիշում է Վազգենն ու հպարտությամբ ասում, որ Երեւանից հատուկ հրավիրված բժիշկ Կարո Էբոյանի (վերջինս տարիներ անց ուղղաթիռի վթարի զոհ է դարձել) շնորհիվ է այսօր ողջ: Այս բժիշկն է առաջին անգամ Ստեփանակերտում վիրահատել Վազգենի գլուխը: Կինը լավ է հիշում, որ հույս չկար, թե Վազգենը կապրի, դա խոստովանում էին նաեւ բժիշկները, բայց վիրահատությունը վերջին հույսն էր, որն արդարացվեց:

«Չնայած առողջության տեսակետից 40-45 տոկոսանոց մարդ եմ, բայց ամեն կերպ փորձում եմ ապրել, երեխաներիս սատար կանգնել»,- ասում է գլխի` յոթ, ոտքերի` մի քանի եւ ողնաշարի վիրահատություն անցած առաջին կարգի հաշմանդամ Վազգենը: Նրա գլխում մինչեւ հիմա դեռ բեկորներ կան: Վազգենը միշտ գլխարկով է, քանի որ գլխի վնասվածքները շատ են, եւ դրանից կարող է դիմացի մարդն իրեն վատ զգա:

Հենակներից եւ սայլակից նա վերջին տարիներին է սկսել օգտվել: Վիրավորվելուց եւ հաշմանդամություն ստանալուց հետո երկար ժամանակ աշխատել է տարբեր հիմնարկներում` ամեն տեսակի աշխատանք է կատարել, քանի որ «ընտանիքը պահել էր պետք»: Սակայն, մի քանի տարի առաջ ոտքերը սկսեցին թուլանալ, ու նա ստիպված եղավ հենակներով քայլել: Այդ վիճակում էլ էր աշխատում, սակայն անցյալ տարի հասկացավ, որ հենակներն էլ հարցը չեն լուծում: Գնաց Երեւան` ստուգվելու, որտեղ էլ պարզվեց, որ ողնաշարը վիրահատելու անհրաժեշտություն կա: Բժիշկները հույս էին տալիս, որ վիրահատությունից հետո կքայլի, սակայն եղավ հակառակը` նա ստիպված եղավ նաեւ սայլակի օգնությանը դիմել: Այս ամենից բացի, Վազգենին այսօր ամենից շատ խանգարում է պատերազմի հետեւանքներից եւս մեկը` էպիլեպսիան: «Նոպայից եմ ամենաշատը նեղվում: Չեմ ուզում մտածել, որ նոպան կարող է մի օր շքամուտքում բռնի»,- ասում է նա:

Վազգենի հույսը երեխաներն են` երկու որդիներն ու դուստրը, որոնց մասին հպարտությամբ է խոսում: «Այնպիսի լավ երեխաներ ունեմ, որոնք, համոզված եմ, կյանքում կգտնեն իրենց տեղն ու միշտ կլինեն մեր կողքին»,- ասում է Վազգենը: Երկու տղաներն արդեն ավարտել են զինվորական ծառայությունը: Փոքրը` Արենը, նոր է զորացրվել, եւ հոր առաջնային խնդիրը նրան աշխատանքի տեղավորելն է:
Հայրը համոզված է, որ Արենն իր աշխատասիրությամբ կօգնի ծնողներին, որոնք մի կերպ են պահում ընտանիքը. նրանց ամսական եկամուտը Վազգենի 66 հազար դրամ թոշակն է եւ կնոջ 34 հազար աշխատավարձը:

Վազգենի համար ամենակարեւորը իր բախտակիցների նկատմամբ մարդկանց ուշադրությունն է: «Մենք նման ենք երեխայի, որին կարելի է ուրախացնել նույնիսկ մի փոքրիկ խաղալիքով: Չեմ ասում, որ մեզ համար ինչ-որ բան գնեն կամ ֆինանսական օգնություն ցուցաբերեն, այլ պարզապես ուշադրություն դարձնեն, իսկ հնարավորության սահմանում նաեւ մեզ համար համապատասխան աշխատատեղ ստեղծեն, որ մենք աշխատենք` եւ՛ գործատուներին օգուտ տանք, եւ՛ մեր ընտանիքի կարիքները հոգանք»,- ասում է Վազգենը: Նա ուրախությամբ պատմում է վերջերս սկսված կառավարության մի ծրագրի մասին, որի համաձայն` Ղարաբաղի 1-ին կարգի թվով 162 հաշմանդամների նախատեսվում է ձեռքի կառավարմամբ մեքենա տրամադրել: «Առաջին փուլում մեքենա են տվել 8-ին, որից 2-ն արդեն տաքսու տեղ են օգտագործում իրենց մեքենաները եւ հացի փող վաստակում: Ի՞նչ վատ բան կա, կարգին գործ է այդ հաշմանդամի համար»,- նշում է նախկին ազատամարտիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter