HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը

2007 թ. կառավարությունը պետական բյուջեից 43 մլն դրամ է հատկացրել Ալավերդու համայնքին նոր գերեզմանոցի բարեկարգման համար: Ալավերդիում նոր գերեզմանոցի խնդիրը տարիներ շարունակ չէր լուծվում:

Սանահին կայարանային թաղամասի գերեզմանոցը Դեբեդի վարարումների հետեւանքով 3 տարի առաջ փլվել էր` քանդելով նաեւ մի քանի գերեզմաններ: Մարդիկ այլեւս խուսափում էին այնտեղ իրենց հարազատներին հուղարկավորել: Ալավերդի-Հաղպատ ճանապարհահատվածում տեղավորված քաղաքի հին գերեզմանոցում այլեւս ազատ տարածք չի մնացել, եւ վերջին տարիներին այստեղ հուղարկավորություններ կատարվում էին գերեզմանոցին հարող կենտրոնական մայրուղու եզրերին: Ալավերդու «Մադան» թաղամասում պետբյուջեի ծրագրով գերեզմանոցի բարեկարգման մասին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը բնակչությանն ազդարարեց 2007 թ. ավագանու նիստում բյուջեի քննարկման ժամանակ եւ հաջորդ օրը տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերում: Նա մեռնելուց հետո նոր գերեզմանոցում ոչ միայն հանգուցյալ ալավերդցիների հարմարավետ հանգչելն էր երաշխավորում, այլեւ երաշխիքներ էր տալիս որակյալ ու մատչելի հուղարկավորություն կազմակերպելու համար:

«Եթե մինչեւ հիմա փոս փորողներին էստեղից - էնտեղից էիք գտնելու, դագաղն էլ` որտեղից պատահի, ապա նոր գերեզմանոցում համ փոս փորողներն են լինելու, համ էլ` դագաղը»,- ալավերդցիներին գոտեպնդում էր քաղաքապետը: 

Քաղաքի բյուջեի քննարկումից կարճ ժամանակ անց ալավերդցիները տեղեկացան, որ քաղաքապետարանը 20 մլն դրամով «Էյ-սի-փի» ընկերությանն է վաճառել Մադան թաղամասի` գերեզմանոցի համար նախատեսված հողատարածքը, ապա նույն 20 մլն դրամով գերեզմանոցի համար Հաղպատի գյուղապետարանից գնել է վերջինիս պատկանող Հաղպատի երկաթուղային կայարանի մոտ գտնվող «Կարապետաձոր» հանդամասի 5,7 հա հողատարածքը: Հողատարածքի գնման գումարները բարեկարգման գումարների մեջ չեն մտնում:

Գերեզմանոցին քաղաքապետը հաջորդ անգամ անդրադարձել է 2008-ի հունվարին` 2007 թ. բյուջեի իր հաշվետվության մեջ, որից տեղեկանում ենք, որ պետական բյուջեի 41,8 մլն դրամով արդեն լուծվել է նոր գերեզմանոցի խնդիրը: Թվում է, թե ալավերդցիներին մնում էր քաղաքի կենսական խնդրի լուծման համար իրենց երախտիքը հայտնել ոչ միայն քաղաքապետին, այլեւ ՀՀ կառավարությանը: Սակայն գերեզմանոցում իրականացված աշխատանքները չեն համապատասխանում շինարարական նորմերին:

Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը հայտնեց, որ գերեզմանոցի բարեկարգման իրավունքը մրցութային կարգով ստացել եւ իրականացրել է Ալավերդիում գրանցված «Բազմաշող» շինարարական ՍՊԸ-ն: Վերջինիս նախագահ Տարոն Աբգարյանը Արթուր Նալբանդյանի հետ Ալավերդու շուկայի եւ «Կատա» առեւտրային կենտրոնի բաժնետեր է: Այսինքն` նրանք ունեն համատեղ բիզնես: Այլ կերպ չի կարելի բացատրել գերեզմանոցի բարեկարգման աշխատանքների իրականացումը Ալավերդիում շինարարության ոլորտում անհայտ ու նորելուկ ՍՊԸ-ին հանձնելը: «Եթե չեմ սխալվում, գերեզմանոցի շինարարության ավարտը ֆիքսվել եւ ընդունման ակտը ստորագրվել է 2007 թ. դեկտեմբերին:

Շինարարության ընթացքը եւ որակը անձամբ վերահսկել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանը, կարող եք նրանից էլ տեղեկատվություն ստանալ»,- ասաց քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը: Գագիկ Սոխակյանն էլ ասաց. «Գերեզմանոցի աշխատանքները սկսվել են 2007 թ. սեպտեմբերին, ավարտվել են դեկտեմբերի 30-ին: Շինարարական աշխատանքների ընդունման ժամանակ թերությունների ակտ չի գրվել, սակայն նկատված թերությունները շինարարին հանձնարարվել է վերացնել: Բացի այդ` քաղաքաշինության նորմաներով շինարարական թերությունների համար մեկ տարի պատասխանատվություն է կրում շինարարը»:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին` գերեզմանոցի կառուցման ընդունման ակտը ստորագրելուց հետո, ավարտված աշխատանքների դիմաց քաղաքապետարանը «Բազմաշող» ՍՊԸ-ին ամբողջությամբ փոխանցել է գերեզմանոցի կառուցման համար նախատեսված 41,8մլն դրամը: Այսօր գերեզմանոցում իրականացված շատ թե քիչ նշանակալից աշխատանքը կենտրոնական մայրուղուց մինչ գերեզմանոցի դարպասներին հասնող 250մ երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ճանապարհի ասֆալտն էր:

Շինարարության ղեկավար Աշոտ Խաչատրյանը, որը մեր այցելության պահին գտնվում էր գերեզմանոցում եւ, ինչպես ինքը բացատրեց, եկել էր վերանորոգելու գերեզմանոցի` մի քանի ամիս առաջ տեղադրված ու արդեն տեղից ընկած դարպասները, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: «Ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, գնացեք գերեզմանոցի տիրոջը հարցրեք, մենակ մի բան կարող եմ ասել, որ ճանապարհի ասֆալտի վրա ծախսվել է 10 մլն դրամ»,- անընդհատ կրկնում էր նա: Թե ո՞վ է գերեզմանոցի տերը, նա այդպես էլ չասաց:

Գերեզմանոցի ներսում` մուտքից աջ, հազիվ 5 մետրի վրա գտնվում էր 4-5 սենյականոց չավարտված մի շինություն: «Սենյակները փակ են, չեք կարող նայել, բանալիներն էստեղ չեն»,- շինությունը ներսից տեսնելու մեր փորձը կանխեց շինարարության խուճապահար ղեկավարը, որը, հավանաբար, քաջատեղյակ էր, որ պետական միջոցներով կառուցված այդ շինությունն անօրինական է: Գագիկ Սոխակյանը մեզ բացատրեց. «Շինությունը գերեզմանոցի ադմինիստրատիվ շենքն է լինելու, մահվան արարողակարգային ծառայություն է մատուցելու, լինելու է քաղաքապետարանի ենթակառուցվածքային ՍՊԸ, գերեզմանոցի կառուցման համար հատկացված գումարներից 7մլն դրամ է տրամադրվել դրա շինարարության համար, 400 հազար դրամ էլ հատկացվել է նրա կահավորմանը»:

Ալավերդու հարկային տեսչությունում մեր հարցումից պարզվեց, որ Ալավերդու քաղաքապետարանի կողմից ենթակառուցվածքային, մահվան ծեսերի արարողակարգային որեւէ ՍՊԸ առ այսօր գրանցված չէ: Շինության շրջակայքն ամբողջությամբ շինարարական թափոններ էին, ամբողջ գերեզմանոցն անբարեկարգ էր:

Տարածքը ցանցապատված էր ժանգոտված ցանցով, այն պահող խողովակները թեքվել էին: Աշոտ Խաչատրյանն անհարմարությունից չսպասեց դրանց մասին մեր հարցմանը. «Ցեմենտե հենապատը խոնավությունից անորակ է ստացվել, դրա համար էլ ցանցը պահող խողովակներն ընկնում են»,- արդարացավ նա:

«Բազմաշող» ՍՊԸ-ի նախագահ Տարոն Աբգարյանն ասաց. «Գերեզմանոցի հանձնման ակտը ստորագրված է քաղաքապետարանի կողմից: Գերեզմանոցը ցանցապատված է մեկ կիլոմետր երկարությամբ, 10մ-ը 6500 դրամ արժողությամբ ցանցով»: Հաշվարկից պարզվում է, որ գերեզմանոցի ցանկապատման համար ծախսված ցանցի գինը կազմել է 650 հազար դրամ: Գերեզմանոցի կառուցման շինաշխատանքների տխուր պատկերը Տարոն Աբգարյանը բացատրեց իր ՍՊԸ-ի անփորձությամբ: Ամենաշռայլ հաշվարկների դեպքում գերեզմանոցի բարեկարգման շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացված 43 մլն դրամից, որից 41,8 մլն դրամն է փոխանցվել ընկերությանը, ներկայացված ծախսերից երեւում է հազիվ 13 մլն դրամը: Տարածքի անորակ ցանցապատումը Գագիկ Սոխակյանը պատճառաբանեց այսպես. «Գումարը չի հերիքել»: Գերեզմանոցի բարեկարգման ծրագրում մահվան ծեսերի ծառայության մատուցման բիզնեսի համար գումարներ, բնականաբար, չէին կարող նախատեսվել: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը գերեզմանոցի ադմինիստրատիվ կոչված շենքի 7,5 մլն դրամը, հավանաբար, յուրացրել է իր բիզնեսի համար:

Ալավերդու քաղաքապետի կողմից թույլ տրված չարաշահումների բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Դարձյալ բյուջեի փողերով` անցած տարի Ալավերդու Սանահին թաղամասի եկեղեցու բակում կառուցված 7 մլն դրամանոց (7 միլիոնանոց զուգարան) անկոյուղի եւ անջուր զուգարանին ալավերդցիները տվել են «զոլոտոյ» անվանումը:

Մեր այցելության օրը` մայիսի 16-ին, ժամը 16-ի սահմաններում հակասանիտարական վիճակում գտնվող զուգարանից օգտվող զբոսաշրջիկները լվացվում էին «Ֆանտայի» 1,5 լիտրանոց շշերում լցված ջրով: «Զուգարանում բաք կա, սակայն վթարի պատճառով ջուր չունենք»,- բացատրեց զուգարանի աշխատակցուհին: Զուգարանի շուրջը տարածվում է գարշահոտությունը: Զուգարան մտնելուն պես զբոսաշրջիկները 50 դրամ էին դնում զուգարանի ամենաակնառու մասում դրված ստվարաթղթե տուփի մեջ:

Ո՞վ պետք է վերահսկի համայնքներին բյուջեից արված հատկացումները ծախսելիս: Ավագանիները համայնքապետերի կցորդներն են, բնակիչները որեւէ լծակ չունեն, փաստեր հրապարակելուց հետո իրավապահները մի պահ ակտիվանում են, բայց իրենց փայաբաժինը վերցնելուց հետո` հեռանում: Արդյունքում ունենում ենք ոչ մի բանի չհավատացող քաղաքացիներ:

Տես նաեւ`

7 միլիոնանոց զուգարան

Բարեգործություն` ըստ «Մանեսի»

Հաշվետվությունը վերածվեց նախընտրական քարոզչության

Բյուջեն հաստատվեց, հովազի արձանը նվիրվեց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter