Եկել է կառուցելու ժամանակը
Ազատագրումից 16 տարի անց Շուշին դեռեւս մնում է ավերված ու քանդված, չնայած հրադադարից հետո ամեն անգամ ամենաբարձր մակարդակներով նշվել է քաղաքի վերականգնման անհրաժեշտությունը:
Այդ նպատակով ինչ-որ կազմակերպություններ, հիմնադրամներ են ստեղծվել, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Ավելին` այդ տարիների ընթացքում տարբեր շինությունների շարքում քանդվել են նաեւ պատմական նշանակություն ունեցող շենքեր: Սա խոստովանում է նաեւ Շուշիի շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Վարդան Գաբրիելյանը, որի հանձնարարությամբ Շուշիում դադարեցվել են քանդման աշխատանքները, չնայած կան քանդման ենթակա շինություններ:
Քաղաքով քայլելիս այնպիսի տպավորություն է, թե դեռ պատերազմական տարիներն են. ամենուրեք ավերակներ են, վառված պատեր, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում ինչպես քաղաքի մի քանի հազար բնակիչների, այնպես էլ այն բազմաթիվ զբոսաշրջիկների վրա, ովքեր այցելում են պատմական կարեւոր նշանակություն ունեցող բերդաքաղաքը:
Վարդան Գաբրիելյանը մեզ տված հարցազրույցում հավաստիացրեց, որ եկել է Շուշին վերականգնելու ժամանակը: Իսկ այդ գործում մեծ է նաեւ տարիներ առաջ ստեղծված «Շուշի վերածնունդ» հիմնադրամի ներդրումը: Հիմնադրամն այստեղ մի շարք ծրագրեր ունի` եւ՛ իրականացված, եւ՛ նախատեսվող:
Հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարվա հունվար ամսին կայացավ Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որի արդյունքում հանգանակվեց 5.7 միլիոն դոլար, որն ուղղվելու է մի քանի ծրագրերի իրականացմանը: Ինչպես մեզ տեղեկացրեց «Շուշի վերածնունդ» հիմնադրամի Շուշիի ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը, շուրջ 3.5-4 մլն դոլար ներդրում է կատարվելու նախկին Նաթավանի պալատի տարածքում, որտեղ նախատեսվում է հյուրանոցային համալիր կառուցել:
«Հիմնադրամը նաեւ նախագծերի փաթեթ է պատրաստել պատմական Ադամյան փողոցը վերականգնելու համար, որտեղ նախատեսվում է հրապարակի, ինչպես նաեւ հին հայկական ոճի շենքերի վերանորոգում` պահպանելով Շուշիի հին ոճը»,-հավաստիացնում է հիմնադրամի ներկայացուցիչը:
Ամենակարեւոր ծրագրերից մեկն էլ Շուշիի ջրամատակարարմանն է ուղղված. ծրագրի շրջանակներում պետք է վերանորոգվի Թադեւոս Թամիրյանի ջրատարը: Վարչակազմի ղեկավարի հավաստիացմամբ` կլուծի Շուշիում առկա ջրի խնդիրը, որն ավելի սուր է արտահայտվում ամռան եւ ձմռան ամիսներին:
Խոսելով մյուս ծրագրերի մասին` Ա.Համբարձումյանը շեշտեց, որ տարբեր երկրներից հիմնադրամ մտնող գումարների մեծ մասը ներդրումներ են, որոնցից ներդրողները շահույթ են ստանալու:
Կվերականգնվի նաեւ արեւելյան բաղնիքը, որը, համաձայն սեփականատերերի խոստումների, ավարտին կհասցվի այս տարվա վերջին: Ամռանը կսկսվեն Շուշիի նախկին օրիորդաց դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքները, իսկ շենքը, ամենայն հավանականությամբ, կվերանորոգվի կառավարության կողմից, քանի որ, մեր տվյալներով, նախատեսվում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը տեղափոխել այդ շենք:
«Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում Շուշիի թանգարանին կից պատմական «Կանաչ դեղատուն» կոչվող շենքի վերանորոգման ուղղությամբ: Մենք ուղղակի վերանորոգում ենք շենքը եւ առաջարկում այն օգտագործել որպես դեղատուն: Նույնիսկ պայմանավորվածություն ունենք Հայկական բժշկական միջազգային ասոցիացիայի հետ, որը մեզ անվճար դեղորայք կտրամադրի, եւ այն մատչելի գներով կվաճառվի նույն դեղատանը»,- տեղեկացնում է հիմնադրամի ներկայացուցիչը:
Հիմնադրամի միջոցներով ավարտին է հասցվել տուրիստական տեղեկատվական կենտրոնի ծրագիրը: Կենտրոնը տեղակայված է նախկին ավտոկայանի շենքում: Այստեղ այս տարի նախատեսվում է իրականացնել Հայաստանում անցկացվող «Ոսկե շերեփ» մրցույթի մրցանակաբաշխությունը:
«Շուշի վերածնունդ» հիմնադրամը նաեւ տպարան է բացել, որն, ըստ տնօրենի, հագեցված է արդի սարքավորումներով եւ պատրաստվում է տարածաշրջանի ամենահայտնի տպագրատունը դառնալ։ Այն գտնվում է «Արցախկապի» նախկին շենքում, որտեղ կաշխատի շուրջ 10 մարդ:
Հիմնադրամը միակը չէ, ով ցանկություն ունի Շուշիում ներդրումներ կատարել: Օրինակ` բոլորովին վերջերս տեղեկացվել է, որ ծրագիր ունի նաեւ «Բլեք գարդեն Թուֆենկյան» ընկերությունը, որին ԼՂՀ կառավարությունն ուղիղ վաճառքի ձեւով հանձնել է «Բարեկարգում» ՓԲԸ-ին պատկանող Շուշիում տեղակայված վարչական եւ այլ շինություններ ու հողատարածքներ: Անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 21.2 մլն դրամ, որը վճարելուց հետո ընկերությունը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում այդ տարածքում կառուցել մեծ տուրիստական կենտրոն` ներդնելով 465 հազ. դոլար:
Շուշիում կվերանորոգվեն նաեւ բազմաբնակարան մի քանի շենքեր
«Վերջին շրջանում նկատվում է իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունը Շուշիի նկատմամբ: Համենայնդեպս, նախագահը եւ կառավարության անդամները հաճախակի են այցելում Շուշի, քննարկում այս կամ այն շենքի ճակատագիրը: Շինարարական աշխատանքներ են ընթանում: Ամեն դեպքում ողջունելի է նման վերաբերմունքը, չնայած` մի քիչ ուշացած»,- ասաց Շուշիի մի բնակիչ:
Անցած տարվա համեմատ մոտ 60 տոկոսով աճել են նաեւ պետբյուջեով նախատեսվող կապիտալ շինարարության ծավալները: Գումարները, ըստ վարչակազմի ղեկավարի, կուղղվեն տարբեր ուղղություններով` գազաֆիկացում, ճանապարհների վերանորոգում, ենթակառուցվածքների վերականգնում եւ այլն:
Իսկ այն, որ պետական կառույցների մի մասը նույնպես տեղափոխվելու է Շուշի, արդեն հայտարարվել է տարբեր պաշտոնյաների կողմից: Այստեղ է նախատեսվում տեղափոխել նաեւ Վերաքննիչ եւ Գերագույն դատարանները, Ստեփանակերտի ծերանոցը: ՊԲ զորամասերից մեկը նույնպես կտեղափոխվի Շուշի: Այդ նպատակով Գ. Նժդեհի 21ա հասցեում գտնվող 1725.62քառ. մ մակերեսով նախկին 280 տեղանոց մանկապարտեզի կիսավեր շենքը եւ դրա սպասարկման համար անհրաժեշտ 3041.5 քառ.մ մակերեսով հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, որն այդ տարածքում նախատեսում է սպայական անձնակազմի համար բնակելի շենք կառուցել:
Շուշի քաղաքում կվերականգնվի նաեւ Մանուկյան թիվ 1 հասցեով բազմաբնակարան շենքը, որը, վարչապետի հավաստմամբ, մի մարդու սեփականություն է, սակայն «կառավարության խնդրանքով նա շենքի երկու հարկը տրամադրել է վերանորոգելու համար: Այդ բնակարանները նախատեսվում է տրամադրել փախստականներին ու Ստեփանակերտի հանրակացարաններում բնակվող այն ընտանիքներին, որոնք ցանկանում են տեղափոխվել Շուշի»:
Վարչակազմի ղեկավարի տեղեկացմամբ` 62 բնակարանոց մի շենք էլ նախատեսվում է վերանորոգել եւ հիփոթեքային վարկավորմամբ տրամադրել քաղաքացիներին: Տեղեկացնենք, որ սա նույնպես մեկ ընկերության սեփականությունն էր հանդիսանում:
Շուշիի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի
«Պետք է փոխվի այն մտածելակերպը, որ Շուշին ոչ թե բարեգործական ծրագրերի կարիք ունի, այլ ներդրումների: Մենք ուրախ կլինենք, որ Շուշիում ներդրումներ կատարեն եւ շահույթ ստանան»,- ընդգծում է Վարդան Գաբրիելյանը:
Նա գտնում է, որ պետք է փոխել Շուշիի հանդեպ վերաբերմունքը, զերծ մնալ տարբեր օրինախախտումներից ու չարաշահումներից: Պրն Գաբրիելյանը հավաստիացնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավորինս խստորեն է վերաբերվելու խախտումներ թույլ տվողներին:
Իսկ որ բնակարանների բաշխման հարցում չարաշահումներ եղել են, վկայությունն այսօրվա պատկերն է: Ներկայումս Շուշիում ազատ բնակարան չկա, եւ եթե այդ փաստից ելնենք, քաղաքի բնակչությունը ոչ թե 3 հազար պիտի լիներ, այլ մի քանի անգամ ավելի: Զբաղեցված են նաեւ կիսավեր շինություններով հողամասերը, սակայն առայսօր համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ այդ բնակարաններում, ո՛չ էլ` հողատարածքներում:
Եթե որեւէ մեկը ցանկություն ունենա հիմա տեղափոխվել Շուշի, նրա համար տուն չի գտնվի: Վարչակազմի ղեկավարի խոսքերով` նրան միայն կառաջարկվի նոր հողատարածք, որտեղ կարող է տուն կառուցել: Եվ դա այն դեպքում, երբ մի անձը մի քանի բնակարան է զբաղեցրել, որոշ դեպքերում նաեւ` մի ամբողջ շենք: Վարչակազմի ղեկավարի հավաստմամբ` օրենքի շրջանակներում փորձելու են շտկել իրավիճակը:
Այս զարգացումներին զուգահեռ Շուշիում շարունակում են աճել բնակարանների գները. հանրապետությունում Ստեփանակերտից հետո ամենաթանկ բնակարանները Շուշիում են: ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` Շուշիում անցած տարվա վերջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի 1քառ.մետրի արժեքն աճել է 80.1 տոկոսով` 95.5 դոլարից դառնալով 182 դոլար:
Որոշակի չափով փոխվելու է նաեւ Շուշիի վերաբնակեցման քաղաքականությունը. այստեղ են հրավիրվելու տարբեր բնագավառի մասնագետներ, որոնց կարիքը Շուշիում կա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել