
Զինդատախազը խոստանում է կարճ ժամանակ անց «Եղնիկների» դեպքի ողջ նկարագիրը տալ
«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա այժմ գտնվում է Արցախում:
ԼՂՀ-ի «Եղնիկների» զորամասում օգոստոսի 26-ին սպանված զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով ի՞նչ է բացահայտվել:
Մի քանի էպիզոդներ կան, ձերբակալված է ամենակարեւոր հարցով սպան: Քննությունը շարունակվում է, եւ այս պահին նպատակահարար չէ ամբողջ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները բացահայտեմ, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ արվում է եւ օպերատիվ քննչական մարմինների կողմից, եւ դատախազության կողմից հանցագործությունը բացահայտելու եւ բոլոր մեղավորներին ի հայտ բերելու համար: Մենք շատ կարճ ժամանակ հետո կարող ենք ունենալ դեպքի ամբողջ վերարտադրությամբ ամբողջ նկարագիրը: Երբ դա ամբողջությամբ կլինի, այդ պարագայում նոր միայն հասարակությանը կտեղեկացնենք ամբողջ պրոցեսի մասին:
Դուք մինչեւ ե՞րբ եք մնալու Ղարաբաղում:
Մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ամբողջությամբ բացահայտվեն դեպքի ամբողջ հանգամանքները:
Ինչու՞ են վերջին տարիներին հաճախակի դարձել խաղաղ պայմաններում զինծառայողների սպանության եւ ինքնասպանության դեպքերը:
Ես չեմ կարող բնութագրել որպես հաճախականացում, բայց ինքնասպանության դեպքերին եթե անդրադառնանք, ապա ինքնասպանությունը ոչ միայն զինված ուժերի հետ է կապված, այլեւ ընդհանրապես բազմաթիվ պատճառներ ունի, եւ ցանկացած հոգեբան կհավաստի, որ սոցիալական, տնտեսական, բարոյական, հոգեբանական ինչ որ մի անկումային իրավիճակ ընդհանրապես հասարակությունում կարող են հանգեցնել հետեւյալ պրոցեսների եւ հակառակը՝ այդ փոփոխությունները կարող են հանգեցնել ինքնասպանությունների նվազմանը:
Ինչ վերաբերում է զիված ուժերում բռնարարքներին, եւ ընդհանրապես բռնարարքներին, մեր խնդիրն այն է, որ պետք է առավելագույնս արվի կարգապահության մակարդակը բարձրացնելու առումով, որովհետեւ եթե հասնենք նրան, որ կարգապահությունը դրվի բարձր մակարդակի վրա, դա ուղղակիորեն կհանգեցնի հանցավոր վարքագծի նվազմանը ոչ միայն զինված ուժերում, այլ հասարակությունում ընդհանրապես:
Մենք չունենք բռնարարքների ավելացում, մենք ընդամենը ունենք կարգապահության նկատմամբ հսկողությունն ավելի խիստ դարձնելու անհրաժեշտություն: Եվ այդ առումով ոչ միայն իրավապահ մարմինների, այլեւ ամբողջ պաշտպանության համակարգի խնդիրն է: Հասարակությունը եւս այս առումով պետք է աշխատի՝ սկսած դպրոցից, ընտանիքից, դրան պետք է հանգեցնենք: Որովհետեւ այդ հանցավոր վարքագիծը բանակում չի ծնվում: Կարող է ինչ-որ ձեւով արտահայտվի բանակում, բայց դա մարդկային հոգեբանության դրսեւորման ձեւ է: Զինված ուժերը մեր հասարակության հայելին է: Հասարակության մեջ առկա այդ բացասական վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ, բացասական զգացումները, թշնամանքը ավելի հեշտությամբ արտահայտվում են բանակում՝ նկատի ունենալով, որ այնուամենայնիվ ծառայությունը որոշակիորեն անձի ազատության սահմանափակում է եւ հոգեբանությամբ ճնշվում է:
Իսկ չե՞ք կարծում, որ բանակում կարգ ու կանոնին հետեւելու նվազում եւ ուշադրության պակաս կա:
Չէի ասի նվազում կա: Որպես զինվորական դատախազ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում մի եզրակացության եմ եկել, եւ դա ողջունելի է, որ պաշտպանության նախարարը, ամբողջ նախարարությունն ընդգծված քաղաքականություն են իրականացնում զորքերում կարգապահության հաստատման ուղղությամբ: Կրթական, ռազմաուսումնական, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելուն ուղղված երկարաժամկետ եւ համակարգված ծրագրեր են իրականացնում: Օրինակի համար` կարող ենք շատ խիստ վերաբերմունք, ընդգծված վերաբերմունք ցուցաբերել զորամասում կամ կոնկրետ պարագայում եւ ասել՝ տեսեք նվազում ունեցանք: Ոչ, դա նվազման չի բերի, նվազում կարձանագրվի կարճաժամկետ առումով:
Նախարարի կողմից ձեռնարկված միջոցառումները երկարաժամկետ եւ համակարգային են: Իսկ երկարաժամկետ ծրագրերի ժամանակ դուք կարող է այսօր դրա արդյունքը չտեսնեք, բայց մեկ ամիս հետո համակարգված արդյունք տեսնեք: Նախարարը նման ծրագիր է իրականացնում, իրավապահ մարմիններն իրենց պատժողական քաղաքականությամբ են դա իրականացվում եւ, ամենակարեւորը, միջոցներ են ձեռք առնում անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ: Համակարգային մոտեցում է ցուցաբերվում բոլոր ստորաբաժանումների կողմից եւ արդյունքում տալու են ավելի կայուն, հաստատուն հետեւանք, այն է՝ հանցավորության, եթե ոչ բացառումը, ապա էականորեն նվազումը զինված ուժերում:
Ինչու՞ հասարակությունը չի հավատում, որ զինծառայողների մահվան գործերով իրավապահ մարմիններն անաչառ քննություն ու բացահայտում են անում: Դրա վառ ապացույցն ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ իրենց դժգոհությունն արտահայտելու համար բողոքի ակցիաներ իրականացնող զոհված զինծառայողների ծնողներն են:
Բոլոր ծնողների հետ հանդիպել եւ քննարկել եմ այդ գործերը: Այս գործերը երկու մասի կբաժանեի. անձինք, որոնց գործերով քննությունը դեռեւս շարունակվում է, եւ գործեր, որոնցով մեղավորները բացահայտվել են, պատժվել են, արդեն դատավճիռներ կան, բայց ծնողները տարբեր պատճառներով հոգեբանական եւ բարոյական բավարարվածություն չունեն: Բավարարվածության զգացումը շատ սուբյեկտիվ զգացում է, եւ եթե մենք բողոք ներկայացնող անձանց գործերը նայենք, ծնողը կամ իրավահաջորդը բողոքում է, բայց մենք ունենք դատապարտված մարդիկ: Գործը հիմնավորված, վերջնական բացահայտված է, մեղավորները հիմա պատիժ են կրում, բայց անձինք բողոքում են: Սա բացարձակ սուբյեկտիվ մոտեցում է: Եվ կան գործեր, որ, այո, դեռեւս բացահայտումներ չկան, բայց դա չի նշանակում, որ չեն բացահայտվելու:
Քննությունը գնում է, եւ անկախ հանցագործության վաղեմությունից՝ մեզ համար տարբերություն չկա՝ հանցագործությունը եղել է 2 տարի, 5, թե 10 տարի առաջ, շատ հնարավոր է` վաղը, 10 օր հետո, 20 օր հետո, մեկ ամիս հետո այդ գործերից յուրաքանչյուրով լինեն բացահայտումներ: Իհարկե, քանի դեռ բացահայտված չեն, անձը բավարարվածություն չունի, հետեւաբար` պիտի բողոքի: Դա հիմնավոր է, օբյեկտիվ եւ ընկալելի նաեւ մեզ համար: Բայց դա չի նշանակում, որ իրավապահ մարմինները չեն աշխատում կամ լավ չեն աշխատում: Թերություններ ցանկացած աշխատանքում լինում են, եւ մեր գործն այն է, որ թերացումները հնարավորինս արագ եւ օպերատիվ շտկենք: Այդ ուղղությամբ էլ աշխատում ենք:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել