
Վարձիայի ժայռափոր եկեղեցում հայ ուխտավորներին արգելել են բարձրաձայն աղոթել և փակել են աղբյուրը
Հարցազրույց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի ատենապետ Կարեն Պետրոսյանի հետ
Ի՞նչ ծրագրով եք գտնվում Ջավախքում:
Հայ Առաքելական եկեղեցում մոտ երկու տարի է, ինչ ձևավորվել է եկեղեցասեր երիտասարդների համաշխարհային կազմակերպությունը, որի հիմնական նպատակը համազգային ծրագրերի իրականացումն է եկեղեցու ներսում: Ինչպես նաև երիտասարդներին ուղղորդել դեպի Հայ առաքելական եկեղեցի:
Այստեղ խիստ կարևորվում է միջթեմական համագործակցությունը, որովհետև քրիստոնեության իսկական դեմքը բացահայտվում է երտասարդների անմիջական շփման և ընկերային սիրո մեջ: Հետևաբար, մենք փորձում ենք տարբեր միջոցներով խրախուսել միջթեմական համագործակցությունը: Եվ Ջավախքի օրինակը լավագույնը հանդիսացավ: Վերջերս մեր պատգամավորական ժողովին մասնակցեցին Ջավախքի եկեղեցասեր երիտասարդները և ասեմ` շատ ակտիվ:
Արդյունքում Ջավախքի և Շիրակի թեմի հետ փորձ արվեց միջթեմական այցելություն կազմակերպել` ուխտագնացություն դեպի Ջավախք:
Կարծում եմ, շատ հետաքրքիր ու բովանդակալից էր մեր այցը: Առաջին իսկ օրը ստացանք Հայր Սուրբի և Տեր Տաթևի օրհնությունը: Եվ ամենուր մեզ ուղեկցում էր Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ուշագրավ էր, որ մեր բոլոր այցելությունները զուգորդված էր հոգևոր, իմաստային տարբեր միջոցառումներով: Սակայն այս ամենի մեջ կարելի է առանձնացնել մեր այցը Վարձիա կոչվող քարանձավային համալիրը, որտեղ եկեղեցի կա, ուր մեզ համար անակնկալ էր, թե ինչի համար այնտեղի վանականները չուզեցան, որ մենք բարձրաձայն և միասնական աղոթք ունենայինք` ասելով, որ կարող ենք աղոթել, բայց զուտ անձնական և ոչ բարձրաձայն, այսինքն մտովի: Եվ այս ամենին հաջորդեց վանահոր կողմից ժայռափոր աղբյուրի փակումը: Երբ մենք այնտեղ հասանք, վանահայրը մտավ և փակեց աղբյուրը: Այն բացվեց մեր մեկնելուց հետո միայն:
Ի՞նչ է նշանակում այս ամենը:
Սա, կարծում եմ, խոսում է կրոնական անհանդուրժողականության մասին: Ավելին` երևի թե վրաց հոգևորականները դեռ չեն կարողանում մարսել Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակ ստանալու փաստը: Կարծում եմ, երբ կրքերը հանգստանան, նրանք կհասկանան, որ գործ ունեն 1700-ամյա ժառանգություն ունեցող եկեղեցու հետ: Կարող է ներքին հրահանգ է, որ մեզ չթողնեն աղոթել:
Ի՞նչ պատճառաբանությամբ ձեզ արգելեցին աղոթել:
Ասացին` այստեղ կարող են աղոթել միայն ուղղափառները, այլադավանները չեն կարող: Իրենք երևի մոռացել են, որ առաջին ուղղափառ եկեղեցին` 3 տիեզերական ժողովներում ընդունվածներն են, որին մինչև օրս հավատարիմ է Հայ եկեղեցին: Ճիշտն ասած` գիտեինք, որ Ջավախքում հայերը լուրջ խնդիրներ ունեն թե պետական մակարդակով, թե հոգևոր առումով: Այս ամենի ականատեսը լինելուց հետո մեր մեջ ոչ միայն ամրապնդվեց, այլև հավաստվեց այս տեսակետը, թե ինչքան դժվար է ջավախքահայ համայնքի ամբողջական կենսագործունեությունը:
Ի՞նչ կարևոր խնդիր կա Ջավախքում:
Ոչ միայն Ջավախքինը, այլև ամբողջ հայությանը, դա հոգևոր խնդիրն է: Մենք, ունենալով խոշոր մշակութային ժառանգություն, որի կրողն է Հայ առաքելական եկեղեցին, այսօր մեր հասարակության լայն զանգվածները հաղորդ չեն այս ամենին:
Իսկ ամենալուսավոր կետը Ջավախքում հայկականությունն է, հայի ոգին:
Հարցազրույցը` Աղունիկ Այվազյանի
Մեկնաբանել