HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատջրեք. անձրևաջրերը լցվում են դպրոց

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի երեխաները ռազմագիտության առարկան ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված սենյակում են անցկացնում, իսկ լաբորատոր դասընթացներ` սովորական դասասենյակներում:

Ռազմագիտության ուսուցիչ Վազգեն Բարսեղյանն ասում է, որ ինքը ստիպված է ռազմագիտության դասընթացն անցկացնում ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճում, քանի որ տանիքից կաթում է, ռազմագիտության դասընթացի համար նախատեսված սենյակը, ինչպես նաև ուսուցչանոցը, տնօրենի սենյակը, լաբորատորիան և զինանոցը «ջրի մեջ կորած են»:

Շատջրեքը Վարդենիսի տարածաշրջանի փախստականներով բնակեցված գյուղերից մեկն է, որտեղ համայնքի համար դպրոցի վերանորոգումը առաջնային խնդիրներից է: Արտաքին տեսքից ակնհայտ են պատուհանների կոտրված լինելն ու շենքի անմխիթար վիճակը: Շուրջ 10 տարի է` դպրոցն այդ վիճակում է: Ժամանակ առ ժամանակ մասնակի վերանորոգումներ եղել են, բայց դպրոցը չի հիմնանորոգվել:

Դպորցի երկու մասնաշենքերը տանիք ունեն, թիթեղապատվել են պետբյուջեի միջոցներով: Առանց տանիք է մնացել երրորդ մասնաշենքը: Հենց այդ շենքում են գտնվում ուսուցչանոցը, տնօրենի սենյակը, լաբորատորիան և ռազմագիտության դասընթացի համար նախատեսված սենյակն ու զինանոցը: Մշտական անձրևների պատճառով  «ջրի մեջ» հայտնված դպրոցին ռազմագիտության առարկայի համար զենք ևս չի հատկացվել:

Դպրոցը կենտրոնական ջեռուցման համակարգ չունի: Կոտրտված ապակիների, որոշ դասասենյակներում ապակիների բացակայության պատճառով սոլյարային յուղով ջեռուցումը ապահովում է առավելագույնը 14-15 աստիճան ջերմություն:

Գյուղապետ Զոյա Գևորգյանն ասում է, որ դպրոցի նախագիծը վատը չէ, բայց այն հիմնանորոգման կարիք ունի: «Հույս ունենք, որ դպրոցը 2012 թվականին ինչ-որ ծրագրով կվերանորոգվի: Հիմա առաջնայինը մյուս մասնաշենքի տանիքը փոխելն է, որ գոնե անձրևաջրերը չլցվեն դպրոց մինչև տեսնենք` երբ կվերանորոգվի»,-ասում է Զոյա Գևորգյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզի 75 դպրոց հրատապ վերանորոգման կարիք ունեցող դպրոցների ցանկում է և ընդգրկված է 2011-13թթ.-ի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Իսկ այս տարի մարզում վերանորոգվել է 40 դպրոց: Կմտնի՞ Շատջրեքի դպրոցը 2012 թվականին վերանորոգվող դպրոցների ցանկում, թե ոչ, դեռևս պարզ չէ, կախված է նաև 2012-ի պետբյուջեի հատկացումներից:

680 բնակիչ ունեցող Շատջրեքի դպրոցում 82 աշակերտ է սովորում: Վերջին տարիներին աշակերտների թիվը կայունացել է: Շատջրեք գյուղն այս տարի 8 առաջին դասարանցի կունենա: 

Գյուղապետն էլ ասում է, եթե դպրոցի շենքը վերանորոգվի, շատջրեքցիները որոշ չափով իրենց բավարարված կզգան: «Մենք համաձայն ենք նույնիսկ, որ մեկ մասնաշենքը ամբողջությամբ վերանորոգվի, հետո նոր մնացածը, բայց անպայման պետք է տանիքը վերանորոգվի: Եթե տանիքը մնաց վթարային վիճակում, ինչ էլ անեն, միևնույն է, օգուտ չի տա, ջրերը քայքայում են»,-ավելացնում է գյուղապետ Զոյա Գևորգյանը:


Մեկնաբանություններ (1)

nene
gyuxi anun@ poxek.katak che

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter