«Հայկական ժամանակը» պարտավոր է տպագրել հերքումը և վճարել 3 մլն դրամ
Այսօր Երևանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակիորեն բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքը: Դատարանը որոշեց մասնակիորեն բեկանել և փոփոխել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և մերժել Լևոն Քոչարյանի հայցը՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից 620.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված նյութական վնաս բռնագանձելու պահանջի մասով, իսկ առաջին ատյանի դատարանի վճիռը մնացած մասով թողեց անփոփոխ։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» բողոքարկել էր հունիսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի կայացրած վճիռը, որով մասնակիորեն բավարարվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի: Համաձայն վճռի` «Հայկական ժամանակը» պարտավոր էր հերքել տպագրված այն տեղեկությունը, թե Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել էր Լևոն Քոչարյանը: Բացի այդ, դատարանը որոշել էր նաև «Հայկական ժամանակ» օրաթերթից` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հօգուտ Լևոն Ռոբերտի Քոչարյանի բռնագանձել 3.620.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման և փաստաբանական ծախսերի գումար։ Պատասխանողից որպես հայցվորին պատճառված բարոյական վնաս 12.500.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժվել էր: «3 մլն դրամը ակնհայտ անհիմն գումար է, ինքս եմ փաստաբան, գիտեմ, որ այդ որակի և ծավալի աշխատանքի համար շուկայում այդքան վարձատրություն չկա: Ի վերջո, դատարանը սա նախադեպ է դարձնում: Եթե այդ փոքրիկ ծավալի աշխատանքը, որն արել են Լևոն Քոչարյանի փաստաբանները, այդքան է գնահատվում, ես մտածում եմ, որ պիտի միլիոնատեր լինեի, բայց չեմ հասկանում, թե ինչու չեմ դարձել: Այդ հարցը Հայաստանում կարգավորված չէ և շատ սուր է: Մոտակա ժամանակներս փաստաբանները կորոշենք դա որպես նախադեպ օգտագործել»,- ասաց օրաթերթի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանը «Հետքին» վստահեցրեց, որ անպայման Վճռաբեկ բողոք կներկայացնեն: «Հերքման մասով մենք զրկվել ենք ապացույցներ ներկայացնելու բոլոր հնարավորություններից, հետևաբար հերքման պահանջը բավարարվել է օրենքով սահմանած կարգի խախտմամբ: Խախտումներն այնքան շատ են, որ Վճռաբեկ դիմելու շատ հիմքեր ունենք»,-ասաց փաստաբանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել