HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվական անվտանգությունը Հայաստանում պահանջում է շտապ միջոցառումներ և կառավարության աջակցությունը

Տեղեկատվության անվտանգության վիճակը Հայաստանում վատ է: Այսպես գնահատեց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանն այսօր «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը եւ խնդիրները» թեմայի շուրջ ԳԱԱ- հետ համատեղ կազմակերպած հատուկ նստաշրջանի ժամանակ: Մասնագետը նշեց հիմնական բացերը, որոնք արդիական են երկրում տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար: Հայաստանում կիրառվում են հակավիրուսային ծրագրերի ոչ լիցենզավորված տարբերակները: Հատկապես կրթական հիմնարկներում, համալսարաններում լիցենզավորված ծրագրեր կամ անվտանգության համակարգեր ձեռք բերելը թանկ հաճույք է բուհի համար: «Մենք համարում ենք, որ կառավարության ծրագիր պետք է լինի, և կառավարությունը պետք է օժանդակի այդ հարցը ճիշտ լուծելու համար»,-վստահ է Իգոր Մկրտումյանը: Նա նշեց, որ այսօր ողջ ինտերնետը հարվածի տակ է. նոր հայտնաբերված «configer» տեսակի վիրուսը խոցելի է դարձրել ինտերնետի հասցեագրման համակարգը: Հարձակումը համաշխարհային մակարդակի է հասել: Վեբ-կայքերի անվտանգությունը ևս չի պահպանվում: Որպես ապացույց մասնագետը նշում է վերջին մի քանի ամիսներում ադրբեջանցիների կողմից կառավարական կայքերի առաջին էջերի` նրանց կողմից այլ էջերով փոխարինման օրինակները: «Ամբողջ աշխարհում կառավարական կայքերի վրա հարձակումներ տեղի են ունենում: Դրանից ամբողջովին խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է լավացնել վիճակը և անվտանգությունը բարձրացնել»,-լրագրողների հետ զրույցում հավելեց Իգոր Մկրտումյանը: Ըստ նրա` այստեղ մեծ դեր ունեն որակավորված կադրերը, որոնք  Հայաստանում բացակայում են: Վեբ-կայքեր Հայաստանում գրում են սկսնակները, էժան գներով, և խոցելի տեղեր շատ են թողնում: Վեբ-կայքերի սերվերները նույնպես խոցելի են: Այստեղ էլ մասնագետը խորհուրդ է տալիս անընդհատ թարմացնել ծրագրերը, անվտանգության համակարգը: «Բոլոր անցքերը, որոնք թույլ են տալիս թափանցել, պետք է անընդհատ փակ լինեն: Դա պահանջում է բարձր որակավորում ունեցող ցանցային ադմինիստրատորներ: Իհարկե, դա շատ դժվար է, որովհետև բարձր աշխատաարձի հարց կա, սակայն կա աութսորսինգի տարբերակը, երբ կայքը տրամադրում ես ուրիշ կազմակերպության սերվերում պահելու համար,-նշում է Իգոր Մկրտումյանը,- կենետրոնացված հզոր սերվերներում ավելի հեշտ է կազմակերպել բարձր որակի անվտանգություն, որովհետև մեծ ընկերությունները հնարավորություն ունեն վարձել բարձր որակի մասնագետներ»: Ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես շատ ցածր է` 6 %, երբ Եվրոպայում 70 տոկոս օգտագործողներ կան: Ադրբեջանում ինտերնետից օգտվում է բնակչության 18 տոկոսը: Իգոր Մկրտումյանի կարծիքով, Հայաստանում ինտերնետի տարածման խնդիրը սոցիալական է: Այսինքն` ինտերնետը թանկ է սովորական բնակչի համար: «Եթե տեխնիկական հարցերը Հայաստանում բավական լավ մակարդակի են, այսինքն` եթե ինտերնետ է պետք, կարող եք անմիջապես wi-max, wi-fi ունենալ, բայց սոցիալական մակարդակը չի կարող թույլ տալ, որ ինքն ունենա դա: Կարծում եմ, պետք է լինեն կառավարական ծրագրեր, դոնոր կազմակերպությունների ծրագրեր այդ ասպարեզում, որպեսզի թույլ տան կամ գները նվազեցնել, կամ անվճար ինտերնետ ունենալ թեկուզ համայնքնային կենտրուններում»,-ասաց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ նախագահը: Համաձայն Իգոր Մկրտումյանի տվյալների` Հայաստանում` մայրաքաղաքում և մարզերում, ինտերնետ օգտագործողների շրջանում տոկոսային տարբերությունը մեծ է` 80/20 հարաբերակցությամբ: Ըստ մասնագետի` համայնքային կենտրոններ ստեղծելը կնպաստի նաև ինտերնետի հասանելիության տոկոսի բարձրացմանը մասնավորապես մարզերում: Համայնքային կենտրոններում հնարավոր կլինի օգտվել անվճար ինտերնետից և ծառայություններից` նամակ գրել վարչապետին, դատարան հայց ուղարկել և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter