HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 վերահսկող հաստատությունից` 7 քրեական գործ

ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դրական գնահատեց Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում կազմակերպություններում արագ և կտրուկ կատարվող փոփոխությունները: Նա արձանագրեց, որ ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումները մինչև խորհրդի նիստը կամ 100 տոկոսով վերացվել են կամ շտկվում են, կամ էլ տեղեկացնում են Վերահսկիչ պալատին, որ այս կամ այն ժամանակահատվածում խախտումները կվերականգնեն:

Վերահսկողություն իրականացնում են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունը, վարչապետի աշխատակազմի վերահսկողական ծառայությունը, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը:

Վերահսկիչ պալատի ուղարկած նյութերով քրեական գործերն ավելի շատ են

Վերահսկիչ պալատը հսկողություն է իրականացնում պետական բյուջեից համապատասխան հատկացումների և դրանք նպատակին ծառայելու գործընթացի վրա: «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերահսկողության արդյունքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները ՀՀ գլխավոր դատախազություն կարող են ուղարկվել այն դեպքում, երբ դրանցում առկա են կասկածներ` քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ: Սեպտեմբերի 23-ին Վերահսկիչ պալատի խորհուրդը որևէ քրեաիրավական բնույթի խախտում չարձանագրեց և ոչ մի դեպքի առիթով դատախազություն նյութեր չուղարկեց: Տեղեկատվություն ստանալու «Հետքի» հարցմանը պատասխանել է «Վերահսկիչ պալատի պաշտոնական տեղեկագրի» խմբագիր Կ. Դավթյանը: Նրա ստորագրությամբ ստացված պատասխանի համաձայն` Վերահսկիչ պալատի ուղարկած նյութերի հիման վրա դատախազությունը մինչ օրս 6 քրեական գործ է հարուցել. «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ի կողմից Հրազդան գետի հունի մաքրման աշխատանքների կատարման գործընթացում հայտնաբերված խախտումների, «Տեդաս» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի գազիֆիկացման աշխատանքների կատարման գործընթացում, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի կողմից սեփականության կառավարման և օգտագործման, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի կողմից հողատարածքների օտարման և վարձակալության տրամադրման, Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանում համայնքային սեփականության կառավարման և օգտագործման գործընթացում հայտնաբերված խախտումների մասով: «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի կատարման նպատակով հատկացված բյուջետային միջոցների օգտագործման գործընթացում հայտնաբերված խախտումների` «Արիաց-Գրուպ» ՍՊԸ-ի մասով նյութերը կցվել են նախօրոք հարուցված քրեական գործին: Երկու դեպքի առիթով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման և Սևան քաղաքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հրապարակային սակարկություններով օտարումների գործընթացում հայտնաբերված խախտումների մասով, գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով, իսկ արձանագրված խախտումները և բացթողումները որակվել են որպես քաղաքացիաիրավական բնույթի: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների կատարման գործընթացում հայտնաբերված խախտումների մասով քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ նախկինում նույն գործով արդեն մերժված է եղել:

Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար, արդարադատության առաջին դասի խորհրդական Ս. Մելիքջանյանի` «Հետքին» տրամադրած տեղեկությունների համաձայն` Վերահսկիչ պալատից միայն 2008 թ. և 2009 թ. առաջին կիսամյակում դատախազությունը ստացել է 7 գործի նյութեր, որից միայն 4-ով են հարուցվել քրեական գործեր, 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառով:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը տեղեկատվությանը չի տնօրինում ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայությունն իր աշխատանքային ծրագրերին համապատասխան` ուսումնասիրում, ստուգում եւ ամփոփում է գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ անմիջականորեն զեկուցում ՀՀ նախագահին: Վերահսկողական ծառայությունը նաև քննարկում եւ վերլուծում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից նախագահին, աշխատակազմին եւ վերահսկողական ծառայությանն ուղղված դիմումները, բողոքները եւ առաջարկությունները, օրենքով սահմանված կարգով դրանք վերահասցեագրում է համապատասխան մարմիններին, պաշտոնատար անձանց և ամփոփում դրանք: Ծառայության հայտնաբերած խախտումների վերաբերյալ հարցումով «Հետքը» դիմել է նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, սակայն երկրորդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանի ստորագրությամբ պատասխանում մեր հարցերն ամբողջովին շրջանցվել են:

«Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ խախտմանը կամ արարքին քրեաիրավական գնահատական տալը, դրանց վերաբերյալ արձանագրություն կազմելը, գործ հարուցել կամ չհարուցելը չի մտնում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրական խնդիրների մեջ, ուստի և նման տեղեկատվություն ծառայությունը չի տնօրինում»,- պատասխանել է Հ. Փանոսյանը: Այդուհանդերձ, համաձայն Դատախազությունից ստացած պատասխանի` 2008 թ. և 2009 թ. առաջին կիսամյակում ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունից ստացվել է 8 դիմում, որոնց քննարկման արդյունքներով հարուցվել է 1 քրեական գործ, 1 դիմումով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով, իսկ 4 դիմումներով պարզաբանվել է, որ դրանցում արծարծված հարցերի քննարկումը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման դատական կարգով, իսկ 2 դիմումի քննարկումն ընթացքի մեջ է:

Ծառայության ուսումնասիրությունների ընթացակարգը չի՞ ենթադրում կասկածելի և քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտում ՀՀ Վարչապեետի աշխատակազմի վերահսկողական ծառայությունն իրականացնում է կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների, կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն, բացահայտում է կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների, կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի կատարման ընթացքում տեղ գտած թերությունները, սահմանված կարգով կատարում է ուսումնասիրություններ նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում և ամփոփում է արդյունքները: «Հետքի» նույնատիպ հարցմանը Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը ևս չի պատասխանել ըստ էության, այլ նշել է. «Ծառայության ուսումնասիրությունների ընթացակարգը չի ենթադրում ստուգման իրականացում, կամ կասկածելի և քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտում, ակտերի կազմում և դրանք ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնում, նման գործառույթներ իրականացնում են ստուգող մարմինները»: Ըստ Գլխավոր դատախազության տրամադրած տվյալների` նույն ժամանակահատվածում Վարչապետի վերահսկողական ծառայությունից դատախազությունը ստացել է 4 դիմում: 1-ով գործ հարուցելը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով, 1 դիմումով բերվել է վճռաբեկ բողոք, 2 դիմումներով տրվել են պարզաբանումներ:

Միայն մեկ քրեական գործ

Կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների, ինչպես նաև կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի կատարման ընթացքում Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը 2008 թ. իրավապահ մարմիններին է ներկայացրել ստուգումների 5 արդյունքներ, որից միայն մեկ դեպքով է հարուցվել քրեական գործ: Իսկ 2009 թ. առաջին կիսամյակում իրականացրած ստուգումների արդյունքներով իրավապահներին որևէ գործ չի ներկայացվել: Նշված 4 վերահսկողական հաստատություններից դատախազությունը 2008 թ. և 2009 թ. առաջին եռամսյակում քրեական գործ է հարուցել 7 դեպքի առթիվ` ընդհանուր թվով 24 գործով ուղարկված նյութերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter